Պատերազմում հաղթում են հզորները: Պատերազմում հաղթում են արդարները

2326

Պատերազմական իրավիճակում շատերն են դիմում Աստծուն:

Աստծուն դիմում են և՛ հավատացյալները, և՛ անհավատները: Աղոթում են և՛ զինվորները, և՛ նրանց հարազատները: Աղոթում են ծնողներն ու զավակները, կռվողներն ու հրամանատարները, հոգևորականներն ու աշխարհականները…

Ու հիանալի է, որ աղոթում են: Դա անհրաժեշտ է: Հաղթանակի հասնելու անհերքելի պայմանն Աստծո աջակցությունն է:

Հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է լինել հզոր: Հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է լինել անվեհեր:

Ու նաև՝ հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է լինել արդար:

Աստված լսում է միայն արդարի աղոթքը

Ըստ քաղաքագետների՝ պատերազմները լինում են արդարացի և անարդար: Մենք պաշտպանում ենք մեր տունը, մեր հայրենիքը, մեր կյանքը: Ուրեմն մեր պատերազմն արդար է: Ու մենք համոզված ենք, որ մենք արդար ենք:

Արդար ենք պատերազմի առումով, արդար ենք քաղաքական առումով: Արդար ենք ու աղոթում ենք: Որովհետև պատերազմ է…

Իսկ անհրաժեշտ է, որ արդար լինենք ոչ միայն պատերազմական, այլև խաղաղ ժամանակներում: Աղոթենք ոչ միայն նեղության մեջ, այլև հաջողության ժամանակ, ոչ միայն վախի, այլև ուրախության պահին: Ու Աստված կլսի մեր աղոթքը: Կլսի, եթե արդար ենք:

Եթե արդար ենք Աստծո արդարությամբ: Ոչ թե քաղաքական, ոչ միայն քաղաքական, այլև քրիստոնեական արդարությամբ: Այն արդարությամբ, որ սովորեցնում է մեզ Աստվածաշունչը:

Չխաբենք միմյանց, չստենք: Դա մեղք է: Աստված չի լսում խաբեբաների ու ստախոսների աղոթքը:

Չհայհոյենք ու չբամբասենք: Աստված չի լսում հայհոյողների ու բամբասողների աղոթքը:

Չշնանանք, անառակություն չգործենք: Աստված չի լսում շնացողների ու անառակների աղոթքը:

Հանուն փողի չգնանք ամեն տեսակ նենգությունների: Աստված չի լսում արծաթապաշտների աղոթքը:

Ու սիրենք, սիրենք, սիրենք: Սիրենք իրար և սիրենք մեր դրացուն:

Պատերազմն առաջանում է ատելությունից: Սերը պատերազմ չի ծնում:

Աշոտ Հովսեփյան

Աղոթք հայ զինվորի համար

Խաղաղության ու հաղթանակի Աստվա՛ծ, մեր Տե՛ր Հիսուս:

Պահպանի՛ր քո զավակներին, որ մարտնչում են սահմաններում հանուն մեր ազգի, հանուն մեր հայրենիքի և հանուն Քո Սուրբ անվան:

Փրկի՛ր նրանց թշնամու բոլոր հարձակումներից, խափանի՛ր չարի ամեն ծրագիր:

Եղի՛ր մեր զինվորների կողքին, քո աստվածային զորությամբ խաղաղություն հաստատի՛ր մեր երկրում:

Ու թող բոլոր զինվորների մայրերը ցնծան իրենց զավակների հաղթական վերադարձով:

Ամե՜ն:

Մեկնաբանություններ