Մեծ գիտնականներից շատերը կրեացիոնիստներ են․ Սամվել Նավոյան

335

Գիրք Ծննդոցի առաջին գլխի համաձայն՝ Արարիչը, մարդուն ստեղծելով Իր պատկերով ու նմանությամբ, պատասխանատվություն դրեց նրա վրա՝ տիրապետելու Երկրին և իր իշխանությունը տարածելու նրա վրա (ոմանք այն անվանում են մշակութային հանձնարարական)։

Դա նշանակում էր երկրային բոլոր համակարգերը բերել օպտիմալ արդյունավետության մի վիճակի՝ հենց ի շահ մարդկությանը։ Իսկ դրա համար նախ անհրաժեշտ էր հասկանալ երկրային գործընթացների բնությունը։

ա) Ինչպես նշում է դ-ր Հենրի Մորիսը, վերոնշյալ գլխում խոսվում է արարչագործական երեք ակտերի մասին (Ծննդոց 1.1,21,27), որոնք էլ մատնացույց են անում տիեզերաշենքի երեք տարբեր ոլորտները՝ նյութական, կենդանական և մարդկային։ Այդ երեք ոլորտներում մարդկության հետազոտական աշխատանքը և զարգացումը համապատասխանում է գիտությունների եռադասմանը՝ անօրգանական-բնագիտական (ֆիզիկա, քիմիա, երկրաբանություն, աստղագիտություն և այլն, որոնց վրա էլ հիմնվում են արդյունաբերության ճյուղերը), օրգանական-բնագիտական (կենսաբանություն, ֆիզիոլոգիա, գենետիկա և այլն, ընդ որում՝ այս երկու դասերի միջոցով զարգանում են բժշկությունը, գյուղատնտեսությունը, կենսաճարտարագիտությունը և այլն) և հումանիտարի կամ հասարակագիտականի (փիլիսոփայություն, հոգեբանություն, սոցիոլոգիա և այլն)։

բ) Այսպիսով, պատահական չէ, որ մեծ գիտնականներից շատերը կրեացիոնիստներ են եղել (ընդունել են տիեզերքի արաչագործությունը), ինչպես օրինակ՝ Նյուտոնը, Պասկալը, Կեպլերը, Բոյլը, Կելվինը, Պաստերը, Ֆարադեյը, Մաքսվելը, Լինեյը, Մենդելը, Ռիմանը, Ջոուլը և այլն։

գ) Այս ամենից հետևում է, որ անթույլատրելի է գիտության և տեխնիկայի նվաճումների օգտագործումը անհատի ներաշխարհը վերահսկելու, մարդու գիտակցության և ենթագիտակցության վրա ներազդելու և այլ նման նպատակների համար։ Այստեղից և համանման հարցերից էլ բխում է գիտական հետազոտության և բարոյական արժեքների ու սկզբունքների անխզելի կապի անհրաժեշտությունը, ինչի մասին Եկեղեցին մշտապես պիտի բարձրաձայնի։

Մեծ կարևորություն է ձեռք բերում նաև կրեացիոնիստ գիտնականների համախմբումը մասնավորապես ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրներում:

Աղբյուր՝ apologetics.am

 Սամվել Նավոյան

Մեկնաբանություններ