Սիրել թշնամո՞ւն. Հովսեփ Հովսեփյան

1310

Շատ հաճախ խոսում ենք թշնամիներին սիրելու մասին: Մի՞թե սա տրամաբանական է, մի՞թե սա հնարավոր է: Որեւէ մեկը ինքն իր ուժերով, իր սովորած կանոններով ու բանաձեւերով չի կարող սիրել իր թշնամուն:

Այո՛, թշնամուն սիրելը անհնար է, մինչեւ Աստծո հոգին չգործի մեր մեջ, մինչեւ մենք չլիցքավորվենք Աստծո զորությամբ:

Ի՞նչ օգուտ եթե գնեք ձայնային համակարգ կամ հեռուստացույց, բայց չմիացնեք վարդակը եւ չվայելեք այն: Դա նույնիսկ ավելի վատ է, քան պարզապես հեռուստացույց չունենալը: Նույնն է նաեւ քրիստոնեությունը եւ քրիստոնեական կյանքը: Եթե դու եկեղեցու անդամ ես, անգիր գիտես Աստվածաշունչը, բայց չես լիցքավորվում Աստծուց, անօգուտ մարդ ես:

Պողոսն ու Շիղան երգում էին բանտում, մթության մեջ, կեսգիշերին: Չգիտեմ, թե դուք հիմա ինչ հոգեվիճակում եք, ինչ խնդիրներ ունեք, բայց հավատում եմ, որ ձեր վիճակը բանտախցում գտնվողների վիճակից լավ է: Համենայն դեպս դուք հնարավորություն ունեք թույլ տալ Աստծուն վերահսկել ձեր խնդիրներն ու դժվարությունները:

Եթե մթության մեջ եք, մի՛ հանձնվեք, աղոթե՛ք Աստծուն, փառաբանե՛ք Նրան ու Աստված կլուսավորի ձեր ճամփան:

Ողորմա՜ծ Աստված, ողորմի՜ր ինձ: Առանց Աստծո ներկայության մենք բոլորս էլ խնդիրների մեջ ենք եւ կշարունակենք ավելի ու ավելի խորը սուզվել դրանց մեջ, եթե թույլ չտանք Աստծուն վերահսկել մեզ: Երջանիկ եւ ուրախ կյանք ունենալու միակ տարբերակը մեր կյանքը Աստծուն հանձնելն է:

«Որովհետեւ Ես՝ ՏԵՐՍ, քո Աստվածը, զորացնում եմ քո աջը՝ քեզ ասելով. «Մի՛ վախեցիր, Ես քեզ կօգնեմ» (Եսայի 41.13):

«Երբ ջրերից անցնես, քեզ հետ կլինեմ, եւ եթե գետերով՝ նրանք քեզ չեն ողողի. երբ կրակի միջով անցնես, չպիտի այրվես, ոչ էլ բոցը քեզ կկիզի» (Եսայի 43.2):

«Ուրեմն մի՛ վախեցեք, քանի որ դուք շատ ճնճղուկներից ավելի արժեքավոր եք» (Մատթեոս 10.31):

Հովսեփ Հովսեփյան

Մեկնաբանություններ