Սողոմոն

243

Դավիթ թագավորի և Բերսաբեի որդին, Իսրայելի ամենահռչակավոր թագավորը։ Դավիթը հզոր թագավորություն հիմնելու նպատակով շատ պատերազմներ մղեց։ Սողոմոնը հորից խաղաղ երկիր ժառանգեց։ Նա իր երկիրը պաշտպանեց՝ հզոր բանակ ստեղծելու և ամրություններ կառուցելու միջոցով։ Նա նաև խնամություն հաստատեց շրջակա երկրների թագավորների հետ։

Սողոմոնի իշխանության օրոք Իսրայելը հարուստ երկիր դարձավ։ Նա պղինձն ու ձիերը փոխանակեց ոսկով և գոհարեղենով։ Սողոմոնի աստվածատուր իմաստությունը նրան հռչակավոր դարձրեց։ Սաբայի թագուհին (հարավարևմտյան Արաբիա) այցելեց Սողոմոնին, որպեսզի փորձի նրա իմաստությունը։

Սողոմոնը Երուսաղեմում հիմնեց Աստծու առաջին տաճարը։ Շինանյութերն ու հմուտ բանվորները տրամադրեց Տյուրոսի Քիրամ թագավորը՝ ցորենի և յուղի փոխանակությամբ։ Դա մի փառահեղ կառույց էր, որը կանգուն մնաց 400 տարի, մինչև ՔԱ 586թ. Նաբուքոդոնոսորը կործանեց այն։

Նա նաև կառուցեց պալատներ իր և փարավոնի դստեր՝ իր կանանցից մեկի համար։ Սողոմոնի թագավորություննանկում ապրեց՝ հպատակների հանդեպ իր վատ վերաբերմունքի և իր բազմաթիվ ամուսնությունների պատճառով։ Նա իր հպատակներին զայրույթ պատճառեց՝ իր շինարարական ծրագրերի իրագործման համար անվճար աշխատանք և բարձր հարկեր պահանջելու պատճառով։

Սողոմոնի օտարազգի կանայք նրան հեռացրին ճշմարիտ Աստծուց, որպեսզի վերջինս իրենց աստվածներին պաշտի։ Երբ Սողոմոնը մահացավ, հյուսիսային տասը ցեղերն ապստամբեցին նրա որդու՝ Ռոբովամի դեմ և իրենց թագավոր հռչակեցին ապստամբության ղեկավարին՝ Հերոբովամին։

Բ Թգ 12.24, Գ Թգ 1-11, Ա Մն 22.5-23.1, 28.1- Բ Մն 9

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ