Սուրբ Հոգի

2055

Աստծու Հոգին մեկ է Հայր Աստծու և Հիսուս Քրիստոսի հետ։ Այդ Հոգին Իր կնիքն է դնում Աստծու գործերի և Նրա ժողովրդի ողջ պատմության վրա, սակայն մինչև Նոր Կտակարանի ժամանակները՝ «հոգու ժամանակը», մենք ականատես չենք լինում Հոգու գործերի մանրամասներին։

Աստծու Հոգին մասնակից է եղել աշխարհի ստեղծմանը։ Որպես Աստված՝ Նա ամենուր է, արարչագործության մեջ չկա մի տեղ, որ Նրա իշխանության տակ չլինի։ Կրկին ու կրկին կարդում ենք այն մասին, թե ինչպես էր Աստծու Հոգին մարդկանց հատուկ ծառայության համար անհրաժեշտ զորություն շնորհում։ Աստծու Հոգին ներշնչում էր մարգարեներին և նրանց միջոցով հայտնում Աստծու խոսքը։ Բայց Հին Կտակարանը լի է այն օրվա սպասումով, երբ Աստծու Հոգին հեղվելու էր մարդկանց վրա։

Հիսուս Սուրբ Հոգու զորությամբ էր ծնունդ առել։ Հորդանան գետում մկրտվելիս Նրա վրա իջավ Սուրբ Հոգին։ Անապատում սատանայի կողմից փորձության ենթարկվելիս Նրան Սուրբ Հոգին էր առաջնորդում։ Իր ծառայությունը ժողովրդին սկսելիս Հիսուս հայտնեց, որ Սուրբ Հոգու զորությամբ է այն իրագործելու։ Հովհաննես Մկրտիչը վկայեց, որ Հիսուս Սուրբ Հոգով է մկրտելու մարդկանց։ Եվ Հիսուս աշակերտներին խոստացավ, որ երբ հեռանա նրանցից, կուղարկի Սուրբ Հոգուն, որպեսզի նրանց հետ լինի ամենայն ժամ։ Երբ Հիսուս վերադարձավ Հոր մոտ, արդեն Սուրբ Հոգին պետք է սովորեցներ ու առաջնորդեր Նրա հետևորդներին և զորություն շնորհեր նրանց. «Նա ինձ պիտի փառավորի,- ասաց Հիսուս,- որովհետև ինչ որ առնում է ինձանից, կհայտնի ձեզ»։

Պենտեկոստեի օրը Հիսուսի աշակերտները մկրտվեցին Սուրբ Հոգով, ինչպես որ Նա խոստացել էր։ Դա ակնհայտ էր բոլորին, որովհետև փառաբանության և անվեհերության մի նոր ալիք բարձրացավ, նրանք սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, և նրանց քարոզը զորացավ։ Պենտեկոստեի օրը Պետրոսն իր ունկնդիրներին հայտնեց, որ Հովելի մարգարեությունն իրականացել է. Աստված Իր Հոգին էր հեղել բոլոր հավատացյալների վրա։

Երբ որևէ մեկը քրիստոնյա է դառնում, նա ստանում է Սուրբ Հոգու «շնորհը»։ Սուրբ Հոգին բնակվում է քրիստոնյայի մեջ՝ նրան նոր հասկացողություն և ճանապարհ պարգևելով, օգնելով գիտակցել, որ ինքն իսկապես Աստծու զավակ է։ Հոգին երկնքում՝ Աստծու հետ ապագայի առհավատչյան է։

Սուրբ Հոգին քրիստոնյաներին օգնում է գիտակցել, որ նրանք մեկ են Հիսուս Քրիստոսով։ Հոգին յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում փորձում է վերակերտել Քրիստոսի կերպարը՝ «սիրո, խնդության, խաղաղության, համբերության, քաղցրության, բարության, հավատարմության, հեզության, ժուժկալության» պտուղները։

Սուրբ Հոգին քրիստոնյաներին պարգևում է Աստծուն ծառայելու զորությունն ու շնորհները։

Ծն 1.2, Սղ 138.7-12, Դտ 3.10, 14.6 և շատ այլ հատվածներ, Ես 11.1-3, Բ Թգ 23.2-5, Եզկ 36.26-27, Հվլ 2.28-29, Մք 3.8, Ղկ 1.35, 3.22, 4.1-18, 3.16, Հհ 14.16-17, 16.7-15, Գրծ 2, Հռ 8, Ա Կր 12, Գղ 5.22-23

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ