Սփյուռքի նախարարը ներկա գտնվեց Համաավետարանական երիտասարդական համագումարի փակման արարողությանը

253

Օգոստոսի 15-ին Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցեց Համաավետարանական երիտասարդական համագումարի փակման արարողությունը: Համագումարին մասնակցելու նպատակով օգոստոսի 2-ից Հայաստանում են 150-ից ավելի սփյուռքահայ երիտասարդներ Հյուսիսային և Հարավային Ամերիկայից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Ավստրալիայից և Արցախից:

Փակման միջոցառմանը ներկա էին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ Վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանը, Համաավետարանական երիտասարդական համագումարի ընդհանուր պատասխանատու Վերապատվելի Նշան Պագալյանը:

Ողջունելով ներկաներին՝ Մխիթար Հայրապետյանը շնորհավորեց Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության մեկդարյա հոբելյանի առթիվ և նշեց. «Ուրախ եմ, որ այստեղ են գտնվում այն լավագույն երիտասարդ գործիչները, ովքեր իրենց եկեղեցիների երիտասարդական ծառայություններում ակտիվորեն ընդգրկված և աչքի ընկած անձինք են: Վստահ եմ, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության այս երկշաբաթյա նախաձեռնության շնորհիվ Հայրենիքում և արտերկրում բնակվող սփյուռքահայ երիտասարդները, փոխադարձ ծանոթությունից բացի, կհաստատեն նոր կապեր, կփոխանակեն իրենց փորձն ու գիտելիքները, կնախանշեն ապագայի անելիքները»:

Նախարարը հավաքի մասնակիցներին ներկայացրեց «ներՈւժ» սթարթափերի ծրագիրը, որը սփյուռքի նախարարությունը իրականացնում է «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համատեղ և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC), «Impact Hub Yerevan» ընկերության ու Հայ-ռուսական համալսարանի աջակցությամբ:

Հանդիպման ավարտին Մխիթար Հայրապետյանը հույս հայտնեց, որ համագումարի մասնակիցները իրենց բնակության երկիր վերադառնալուց հետո հայրենիքից ստացած նոր էներգիայով և ավյունով համայնքներում կիրագործեն հայապահպանության և հայրենադարձության կարևոր գործի կյանքի կոչման առաքելությունը:

Աղբյուրը՝ mindiaspora.am

Մեկնաբանություններ