Տե՜ր, եթե Դու կաս, այնպես արա, որ այլևս չօգտագործեմ թմրանյութեր

519
interesting

Արմեն Աղաբեկյանը ծնվել է 1981թ.-ին, ունեցել լավ ընտանիք և հրաշալի մանկություն: Առաջին անգամ թմրանյութ է օգտագործել 18 տարեկանում և թմրամոլի, իր խոսքով, ոչ պատվաբեր կյանքով ապրել շուրջ 12 տարի:

«Ընտանիքով Մոսկվայում էինք ապրում, երբ առաջին անգամ թմրանյութ օգտագործեցի: Այդտեղ թմրանյութեր գտնելն ինձ համար շատ հեշտ էր, գումարի խնդիր էլ չունեի: Եվ չնայած գիտեի, որ դրանցից հրաժարվելը բավականին բարդ է, գրեթե անհնար, միևնույն է, մտադրություն չունեի հետ կանգնել բռնածս ճանապարհից. կարծում էի, որ ինձ համար թմրանյութերը երբեք չեն վերածվի անլուծելի խնդրի:

Գիտեք` ժամանակի ընթացքում կյանքի այդ տեսակը սկսում է քեզ դուր գալ: Դու չգիտես` ինչպես հայտնվեցիր այդտեղ, չգիտես` որտեղ է ելքը կամ գոյություն ունի՞ այն առհասարակ: Դու պարզապես հաշտվում ես, համակերպվում, քանի որ չես տեսնում գոնե մեկին, ով կարողացած լինի հաղթել այն: Նրանք, ովքեր փորձել էին թողնել թմրանյութերը, կարճ ժամանակ անց առավել մեծ թափով էին սկսել օգտագործել։ Դա նման է զսպանակի, որն առավելագույնս ձգելուց հետո անմիջապես բաց ես թողնում:

24 տարեկանում ես արդեն անբուժելի հիվանդ էի: Բժիշկներն արյանս մեջ հայտնաբերել էին հեպատիտ C հիվանդությունը: Ինձ ապրելու հաշված ամիսներ էին մնացել: Բայց անգամ սպառնալիքը, որ թմրանյութ օգտագործելուց չանցած 2 ամիս մահացած կլինեմ, չէր կարողանում հետ պահել ինձ: Ընտանիքիս համար պրոբլեմ էի դարձել: Հարազատներիս համար դժվար էր տեսնել, թե ինչպես է կյանքս խորտակվում:

Ես չափազանց մեծ անտարբերությամբ էի վերաբերվում կյանքիս: Թմրանյութերը սառեցնում են բոլոր զգացմունքներդ: Կյանքիդ հանդեպ անտարբերությամբ ես լցվում: Նրանք քեզ ամբողջությամբ կենտրոնացնում են իրենց ուղղությամբ, դառնում կյանքիդ նպատակը, իսկ մնացած ամեն բան երկրորդական է: Թմրանյութ օգտագործելուն զուգահեռ կորցնում ես նաև քեզ հարազատ մարդկանց՝ ընկերներիդ, ընտանիքդ…

Մեկ անգամ Երևանից տեսաերիզ էին բերել, որում պատկերված էր մանկությանս հիշողություններից մի քանի դրվագ: Մանուկ ժամանակ բռնցքամարտ եմ պարապել, եղել եմ նաև Հայաստանի չեմպիոն: Դիտելու ընթացքում համեմատեցի անցյալս ներկայիս հետ և լաց եղա: Ես երբեք չէի երազել նման կյանք: Թեև միշտ հպարտ եմ ապրել կյանքս, բայց այդ ժամանակ զղջում էի: Սկսեցի այլ կերպ նայել կյանքին, մարդկանց, իրավիճակներին:

Ես աղաղակեցի Աստծուն: Խնդրեցի օգնել ինձ՝ հասկանալ, թե ինչու ես այսքան ընկա, որն է ճշմարտությունը, ինչպես ճիշտ ապրել: Հարցերիս պատասխանն այդ ժամանակ այդպես էլ չգտա, քանի որ չէի ճանաչում Տիրոջը:

2005 թվականին մենք տեղափոխվեցինք Երևան: Բացի այն, որ հեպատիտ C-ի հետևանքով ամբողջությամբ սևացել էի, ծնոտիս ձախ մասում էլ գոյացություն էր առաջացել, որը գնալով մեծանում էր. վիրահատության անհրաժեշտություն կար:

Մեկ անգամ ընկերներիցս մեկն ասաց ինձ՝ «Աստծուն մի՛ նեղացրու»: Ու, չնայած վատ արձագանքիս, քանի որ ինքն էլ իմ պես թմրամոլ էր, այս խոսքերը դիպան սրտիս: Սա առաջին կանչն էր Աստծուց: Զարմանալի էր, որ Տերը գործում էր կյանքումս հենց թմրամոլների, հանցագործ աշխարհի ներկայացուցիչների միջոցով:

Ի զարմանս ինձ՝ շրջապատումս բոլորը միաբերան Աստծուց էին խոսում: Կարծես համաձայնության եկած լինեին: Եվ մեկ անգամ էլ հեռախոսիս զանգ եկավ: Նախկին ընկերներիցս մեկն էր՝ Արամը, ով հավատացյալ էր դարձել: Առաջարկեց այցելել իրենց եկեղեցի: Չմերժեցի այն պատճառով, որ հավաստիացրեց, որ Տերն է իր սրտում դրել զանգահարել ինձ:

Եվ այսպես, ես եկեղեցի գնացի, ձեռնադրեցին և աղոթեցին ինձ համար: Երեկոյան հերթական չափաբաժինն օգտագործելուց առաջ ես աղոթք արեցի. «Տե՜ր, եթե Դու կաս, այնպես արա, որ այլևս չօգտագործեմ թմրանյութեր»:

Հաջորդ օրվանից սկսած թմրանյութը, որը նախկինում ինձ հաճույք էր պատճառում, ինձ համար տհաճ էր, մի տեսակ բարկությամբ էր լցնում: Զանգահարեցի Արամին: Նա առաջարկեց իրենց հետ Սևան գնալ: Ու չնայած գիտեի, որ հաջորդ առավոտյան ինձ թմրանյութ է պետք լինելու, ես հավատացի, որ Տերը կօգնի:

Սևանում ինձ համար աղոթեցին և առաջարկեցին Հիսուսին Տեր և Փրկիչ ընդունել: Բայց այն, ինչն ինձ ամենաշատը զարմացրեց, ջերմությունն էր, որ կար այդ հավատացյալների մեջ: Ինչպե՞ս կարող էր այդքան շատ մարդկանց միջև այդքան սեր լինել: Ինձ համար դա չտեսնված ու չլսված երևույթ էր:

Երեկոյան Արամի հետ միասին աղոթեցինք, որ երբ առավոտյան արթնանամ, լավ լինեմ: Արթնացա շատ բարձր տրամադրությամբ, կարծես նոր ծնված լինեի: Այն մարդիկ, ովքեր նախորդող օրն ինձ համար աղոթել էին, զարմանում էին: Դեմքս փոխվել էր, աչքերս պարզվել էին: Ես քայլելով աջ ու ձախ էի գնում, ու ապշում` տեսնելով, որ ոչ մի ցավ չունեմ:

Ես հասկանում էի, որ Աստված ազատել է թմրանյութերի կախվածությունից, սակայն այն օգտագործելու սովորությունը և հիվանդությունը դեռ մնացել էին: Ես ուխտ էի կապել Աստծո հետ, որ եթե Նա ինձ բժշկի, ապա ամբողջ կյանքս Նրան կնվիրեմ:

Հայրիկիս ընկերներից մեկը՝ նախկինում հանցագործ աշխարհի ներկայացուցիչ, իսկ այժմ հովիվ, զանգահարեց ինձ, հանդիպեցինք: Նա կիսվեց իր կյանքի պատմությամբ, հետո միասին աղոթեցինք: Ես ամբողջությամբ ազատագրվեցի թմրադեղերից: Մեկ ամիս անց գնացի հիվանդանոց անալիզներ հանձնելու, ու պարզվեց, որ վիրահատության անհրաժեշտություն չկա: Հրաշք էր, առողջական խնդիր չունեի:

Ներսս կյանքով լցվեց: Ապրելու ցանկություն առաջացավ: Հիվանդության հետևանքով բերանիս համը կորցրել էի, բայց անգամ դա Աստված վերականգնեց: Տերը զտում էր շրջապատս սխալ մարդկանցից, տալիս էր ճիշտ ընկերներ: Իմ կյանքում սկսվել էր Տիրոջ գերբնական հրաշքների շրջանը»:

Որոշ ժամանակ անց Աստված ազատագրեց Արմենին նաև ալկոհոլից և ծխախոտից: Իսկ այսօր նա ծառայում է Աստծուն` այցելելով հիվանդանոցներ, ծերանոցներ, աղոթելով հիվանդների և ծերերի համար: Շատերը բժշկվում են, շատերը` պարզապես ճանաչում Տիրոջը:

Աղբյուր՝ wolarm.org

Մեկնաբանություններ