Ծոմը և աղոթքը բացում են երկինքը. Րաֆֆի Շահվերդյան

690

«… սրանք, երբ որ Տիրոջը պաշտոն էին մատուցանում և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասեց…» (Գործք 13.2)։

Ծոմը և աղոթքը բացում են երկինքը, և այդ միջոցով խոսում է Սուրբ Հոգին: Անտիոքը դարձավ առաքելական կենտրոն և այնտեղից դեպի ազգեր, ուղարկվեցին առաջին առաքյալները: Տերը տա, որ մեր այս օրերի ծոմը և աղոթքը առաքյալներ դուրս բերեն մեր մեջից:

Անտիոքի եկեղեցին Երուսաղեմից հետո երկրորդ մեծ կենտրոնն էր: Այնտեղի եկեղեցին գործունյա էր, աղոթող և Տիրոջ երեսը փնտրող: Նրանք արդեն ունեին վարդապետներ և մարգարեներ, այն էլ ինչքան: Վարդապետները համարվում էին խոսքի մարդիկ, մարգարեները՝ հոգու, սակայն Անտիոքում երկու խումբն էլ աղոթքի և ծոմի մարդիկ էին:

Այնտեղ կային նաև ոչ հայտնի մարդիկ, սակայն ծոմն ու աղոթքը նրանց առօրյան էր: Երբ առաջնորդները աղոթում և ծոմ են պահում, Սուրբ Հոգին խոսում է: Ծոմն ու աղոթքը առիթ է՝ լսելու Սուրբ Հոգու ձայնը նոր ուղղությունների և հորիզոնների համար:

Սուրբ Հոգին ասաց. «Ինձ համար որոշեցեք Բառնաբասին և Սողոսին» (Գործք 13.2բ): Տերն Իր համար մարդիկ ունի և ծոմն ու աղոթքը մեզ հայտնում են Տիրոջ որոշումները Իր ընտրած մարդկանց համար: Նա ավելացրեց. «…այն գործի համար, որ Ես դրանց կանչել եմ»: Եկեղեցում բոլորը կանչ ունեն և առաջնորդների ծոմն ու աղոթքը հայտնի են դարձնում կոչումները: Մեր եկեղեցու համար մարգարեներ կան, որ մենք առաքելական եկեղեցի լինենք՝ ուղարկող. Աղոթենք, որ այս օրերում դա ավելի հստակ պարզվի և «Պողոսներն» ու «Բառնաբասները» կանչվեն Աստծու գործի համար: Ծոմն ու աղոթքը կբացեն քողն ու ծածկոցը կոչումների վրայից:

Անգամ այդ պատգամից հետո նորից ծոմ պահեցին, աղոթեցին (սա եկեղեցու ԴՆԹ-ն էր), ապա ձեռնադրելով արձակեցին: Առաքելական եկեղեցի դառնալու համար պետք է առաքյալների նման աղոթքի և ծոմի մարդիկ լինենք, որպեսզի Սուրբ Հոգին խոսի Իր եկեղեցու հետ և արձակվեն Տիրոջ առաքելական գործիչները: Տիրոջ Արքայության տարվա մեջ թող մեզ հայտնի լինեն Արքայության նոր գործիչները: Ամեն:

Վեր. Րաֆֆի Շահվերդյան

Մեկնաբանություններ