Փորձություն

617
pordzutyun

Աստված ուղարկեց իր միակ որդուն
Իրեն ստեղծած աշխարհի համար,
Ուղարկեց, որ Նա իր կյանքը զոհի
Մարդկության անթիվ մեղքերի համար…

Ու երբ Նա ոտքի ելավ, որպեսզի
Սկսի գործը մարդկանց փրկության,
Ճանապարհն ընկավ մեծ անապատի,
Անցնելու ուղին՝ դաժան փորձության…

Եվ քառասուն օր այն փոթորկահույզ
Ավազուտներում թափառեց մենակ,
Ոչինչ չկերավ, մնաց անոթի,
Ճգնում էր անվերջ… եւ այդ ժամանակ

Սատանան դրդեց նրան փորձության.
— Թե դու ես, ասաց, ճշմարիտ Մեսիան,
Թե դու՛ ես եկել փրկես աշխարհը,
Հացի վերածիր այն կողքիդ քարը…

— Հիշի՛ր անիծյալ, դիմելով նրան
Հիսուսը տվեց էսպես պատասխան, –
Որ մարդն ապրում է ոչ միայն հացով,
Այլ նաեւ Աստծո ճշմարիտ խոսքով…

Բայց հաջորդ անգամ չար ոգին Նրան
Տարավ հասցրեց գագաթը լեռան.
— Լա՛վ նայիր, դիմեց կրկին Հիսուսին, –
Ինչ որ տեսնում ես հիմա քո չորս դին,

Այս ամենն ահա քո՛նը կլինի,
Միայն թե պիտի ի՛նձ երկրպագես…
Բայց դիմակայեց Հիսուսը կրկին,
Պատասխանելով սատանին էսպես.

— Լսի՛ր, անիծյալ, հիշի՛ր հավիտյան,
Որ Նա՛ է միակ երկնքի արքան,
Նրանից բացի ել ո՛չ ոք չկա
Էս բյուր բովանդակ աշխարհի վրա…

Վերջին փորձության ժամն է, և ահա
Կանգնած են նրանք անդունդի վրա…
— Դե՛, ցած նետիր քեզ, եթե իսկապես
Աստծո զորությամբ դու պաշտպանված ես…

— Հիշի՛ր անիծյալ,- և վերջին անգամ
Հիսուսը տվեց էսպես պատասխան –
Մի՛ փորձիր երբեք կյանքում դու նրան,
Ով պահապան է կանգնած քո վրա…

…Էսպես անցնելով փորձության ուղին՝
Քարոզիչն Աստծո մեծ ճշմարտության
Գնաց հասնելու մարդկանց ամբոխին
Եվ քարոզելու խոսքն արքայության…

Հրայր Ղուլինյան

Աղբյուր՝ yerevanstyle.com

Մեկնաբանություններ