Փոքրիկ պատգամ՝ փոքր եկեղեցիներին. Ռաֆի Շահվերդյան

412
Pastor Rafi Shahverdian

Աշխարհի ամենամեծ եկեղեցին այնտեղ է, ուր 2 կամ 3 հոգի հավաքվում են Հիսուսի անունով:

«Մի վախենար, փոքր հոտ. որովհետեւ ձեր Հայրը հաճեցավ, որ արքայութիւնը տա ձեզ». Ղուկաս 12.32:

Բոլորս փոքր ենք, սակայն որքա՜ն եկեղեցիներ և հովիվներ կան, որոնք խեղճացած և թերարժեք են զգում իրենց սակավաթիվ լինելու պատճառով: Նրանք, դիտելով շատ հովիվների հաջողությունը և մեծ ժողովարանները, թերարժեք են զգում և այնքան հուսահատվում, որ իրենց անհաջողակ են համարում: Դատարկ աթոռները նեղում են նրանց ու աչքները դռանն են՝ նոր մարդիկ գալու ակնկալիքով: Հյուրերի մոտ հաճախ պատրվակներ են բերում և ասում են՝ այսօր բացակաները շատ էին այս կամ այն պատճառով, մի տեսակ վատ ու ամոթ են զգում, որ իրենց անդամները քիչ են: Դրա համար ինքնադատապարտության մեջ են ընկնում կամ անդամներին են դատապարտում, իսկ երբեմն էլ հուսահատ թողնում են ծառայությունը: Ցավոք դառնում են շատ քննադատ և փնովում են ուրիշներին:

Սիրելի՛ Աստծո մարդ, աշխարհի ամենամեծ եկեղեցին այնտեղ է, ուր 2 կամ 3 հոգի հավաքվում են Հիսուսի անունով: Հաճախ այն, ինչ դու ինքդ քեզանից ես պահանջում, այն չէ, որ Աստված է քեզանից ուզում, հավատարիմ ծառայի՛ր և սպասի՛ր Նրա ժամանակներին:

«Ամենափոքրը հազար պիտի դառնա, եւ ամենապզտիկը՝ զօրաւոր ազգ. Ես Տէրս իր ժամանակին շուտով կանեմ». Եսայա 60.22:

Ինքդ երբեք քեզ փոքր մի համարիր, Նրա արքայությունը թվերով չէ, Նրա չափերը մեր չափերով չեն:

«Եւ դու, Բեթլէհէմ՝ Յուդայի երկիր, բնաւ փոքրագոյն չես Յուդայի իշխանների մէջ. Որովհետեւ քեզանից իշխան պիտի դուրս գայ, որ իմ Իսրայէլ ժողովուրդին հովուէ». Մատթ. 2.6:

Մենք, ըստ մեր Տիրոջ, փոքր կամ մեծ ենք ոչ թե մեր անդամների թվով, այլ նրանով, որ արդյո՞ք կատարում ենք այն, ինչ որ սովորեցնում ենք:

«Արդ՝ ով որ այս ամենափոքր պատուիրանքներից մէկը քանդէ, եւ մարդկանց այնպէս սովորեցնէ, նա փոքրագոյն կ’կոչուի երկնքի արքայութիւնումը. Բայց նա որ կ’անէ եւ կ’սովորեցնէ, նա մեծ կ’կոչուի երկնքի արքայութիւնումը». Մատթ. 5.19:

Հավատարիմ եղի՛ր փոքրի մեջ, և մեծը կստանաս:

«Լա՜ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ, քիչ բաների վերայ հաւատարիմ էիր, ես քեզ շատ բաների վերայ կ’դնեմ». Մատթ. 25.21:

Ամենակարևորը, չմոռանա՛ս Տիրոջն ապավինել և խոնարհվել, մինչ կգա օրհնյալ ժամանակը:

«Խոնարհեցէք Աստուծոյ հզօր ձեռի տակ, որ ձեզ բարձրացնէ ժամանակով». Ա Պետ. 5.7:

Դու ընթանում ես Տիրոջը նմանվելու երթուղով. որքան Նրան նմանվես, Նա քեզ ավելի կգործածի: Մի՛ վախենա, ինչպես գրված է՝ «Հայրը Իր փոքր հոտին արքայություն է խոստացել»: Դու Հոր ծրագրի մեջ ես և պիտի վայելես քո հոտի հետ նրա արքայության պտուղները: Նոր Կտակարանի օրերի եկեղեցիները մեծամասամբ փոքր էին, բայց Աստծո արքայությունն աճում էր ու մեծանում:

«Մի վախենար, փոքր հոտ. որովհետեւ ձեր Հայրը հաճեցավ, որ արքայութիւնը տա ձեզ». Ղուկաս 12.32:

Ռաֆի Շահվերդյան

Մեկնաբանություններ