Փրկության հրեշտակը․ պատմական ներկայացում

238

eca.am-ը հաղորդում է.

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (ԱՀԱԸ) եւ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին (ՀԱԵ) սիրով հրավիրում են Ձեզ դիտելու «Հայասա» թատերախմբի «Փրկության հրեշտակը» ներկայացումը՝ նվիրված ԱՀԱԸ 100-ամյակին, Սուրբ Հարության տոնին եւ Հայոց ցեղասպանության տարելիցին:

Այս պատմական բեմականացումն արտացոլում է ՀԱԵ հովիվ՝ վերապատվելի Հովհաննես Էսքիջյանի եւ նրա կողմից փրկված բազմաթիվ հայ որբուկների պատմությունը:

Ներկայացումը նախատեսված է 16 տարեկանից բարձր անձանց համար:

Սպասում ենք Ձեզ մայիսի 23-ին, ժամը` 15:00-ին և 19.00-ին, մայիսի 24-ին, ժամը` 19:00-ին, Հայ Ավետարանչական կենտրոնում (Հասցե` Մ. Բաղրամյան 18): Մուտքը՝ հրավիրատոմսերով:

Հրավիրատոմսերի եւ այլ մանրամասների համար զանգահարեք  (+374-10) 54-35-76 հեռախոսահամարով:

Ներկայացման հիմքում Վերապատվելի Հովհաննես Էսքիջյանի կյանքն ու սխրագործությունն է:

Նա Հալեպի Հայ Ավետարանական «Էմմանուել» եկեղեցու հովիվն էր, ով դարձավ «փրկության հրեշտակ» եղեռնից մազապուրծ եղած բազմաթիվ հայ մանուկների համար:  Վեր. Էսքիջյանը, Գարլըքի եւ Հալեպի երկաթգծի կայարաններից մեկ երեխայի դիմաց մեկ ոսկի վճարելով, գնում էր հայ որբուկներին եւ վերարկուի տակ թաքցրած` իր տուն էր տանում, ապա տարբեր թաքստոցներում ապաստան գտնում նրանց համար:

«Մենք պարտավոր ենք անել այն, ինչ կարող ենք` բոլոր հնարավոր ճանապարհներով փրկելու եւս մեկ հայի կյանք»,- ասում էր Էսքիջյանը:

Նա դա անում էր կյանքի գնով, ամեն վայրկյան մահվան վտանգը զգալով: Մի կողմից թուրքական կառավարության սպառնալիքներն էին, մյուս կողմից` հայ որբուկներից տարատեսակ հիվանդություններով վարակվելու հավանականությունը: Վեր. էսքիջյանը, սակայն, չնահանջեց ու հարյուրավոր որբերի կյանք փրկեց: Նրա երկրային կյանքն ավարտվեց 1916թ.-ին՝  մանուկներից վարակված տիֆի պատճառով:

Մեկնաբանություններ