Քայլում է հայ ժողովուրդը կամ «Քայլ կատարելու նուրբ արվեստը»

2497

«Որովհետև հավատքով ենք քայլում և ոչ թե երևույթով»։ 2-րդ Կորնթ. 5:7:

Հավատքի քայլն աներևակայելի արդյունք է բերում։ Երբ Իսրայելը գերության մեջ էր Եգիպտոսի երկրում, Աստված Մովսեսին բարձրացրեց, ով պիտի հոր նման հրեաներին քայլել սովորեցներ։ Նրանք արեցին իրենց առաջին քայլն ու ընկան, սակայն նորից բարձրացան։ Սկզբում նրանց քայելրն իրենց հավատքի նման երերուն ու անհաստատ էր, սակայն ամեն քայլի հետ ամրանում և հաստատուն էր դառնում նաև նրանց հավատքը։

Երբ նրանք հասան Կարմիր ծովի ջրերին, հայտնվեցին փակուղում. առջևում խորտակում էր սպասվում, հետևում՝ թիվ մեկ գերտերության կործանարար բանակն ու ազգովի բնաջինջ լինելու սպառնալիքը։

Եղան ոմանք, ովքեր թերահավատորեն կոչեր արեցին հետքայլ անելու, սակայն Մովսեսն անկոտրում էր, Աստված՝ անդրդվելի։

Եվ նրանք քայլեցին ծովի միջով, իբրև ցամաքով՝ հասկանալով, որ ամեն փակուղու մեջ ելք կա։ Այնուհետ, երբ հասան Հորդանանի ջրերի մոտ, նորից տագնապ ու կասկած համակեց նրանց, երբ լսեցին հսկաների մասին, երբ տեսան անանցանելի գետը։ Այդ ժամանակ Տերը Հեսուին սովորեցրեց Քայլ կատարելու նուրբ արվեստը։

«Եւ հէնց որ տապանակը վեր առնողները մինչեւ Յորդանանը հասան եւ տապանակը վեր առնող քահանաների ոտքերը ջրի եզերքի մէջ մխուեցան, Այն ժամանակը վերեւիցն իջնող ջրերը կանգնեցին, …եւ բոլոր Իսրայէլը ցամաքով անցկացաւ, մինչեւ որ բոլոր ժողովուրդը Յորդանանովն անցնելը վերջացրեց»:

Ազգը քայլ առ քայլ հավատալ, վստահել, հաղթել էր սովորում։

Այնուհետև, նրանք կանգնեցին պատի առաջ՝ Երիքովի անառիկ և ճնշող պարիսպների առաջ։ Քաղաքն ամեն կողմից փակվել էր նրանց առաջ։ Կաթ ու մեղր բխող երկիրը, Խոսացյալ երկիրը, նոր իրականությունն անհյուրընկալ էին թվում նրանց։ Աղ ու հացով դիմավորելու փոխարեն նրանց դիմավորեցին քարերով, նետ ու նիզակներով, սպառնալիքներով և դաժանությամբ։

Եվ այստեղ նորից պետք է Իսրայել ժողովուրդը սովորել սեփական քայլն անելու դասը։ Աստված Հեսուի միջոցով կոչ արեց ամբողջ ժողովրդին վեր կենալ և քայլել Երիքովի պարիսպների շուրջ։ Քայլում էին բոլորը՝ ծեր ու երեխա, տղամարդ ու կին, ուժեղներն ու տկարները։

Արդյունքը միանգամից չերևաց։ Սակայն նրանք համառորեն քայլեցին ու յոթերորդ օրը պարիսպները փուլ եկան, քաղաքը նվաճվեց, երկիրը գրավվեց…
Այնուհետև շատ դարեր անց նույն Իսրայելում հայտնվեց Հիսուսը, ով կաղերին քայլել էր տալիս։ Կհիշենք այն անդամալույծի պատմությունը, որն անշարժ դրված էր Հիսուսի ոտքերի առաջ։ Հիսուսը ձեռք չմեկնեց, նրան բարձրացնել չտվեց, պարզապես խոսքով քայլել տվեց. «Վե՛ր կաց, մահիճդ առ և գնա քո տուն…»։ Այսինքն՝ Քա՛յլ արա։ Եվ անդամալույծը քայլեց։

Ողջ Աստվածաշունչն է մեզ սովորեցնում Քայլ կատարելու նուրբ արվեստը։

Մեր փոխարեն ոչ ոք քայլ չի կատարի, սա մեր անձնական պատասխանատվության քայլն է։ Հիշենք այն փոքրիկ մանուկին, ով քայլել էր սովորում և երբեմն երերալով և վախով էր անում իր քայլերը, սակայն այդ վախն ու հուզմունքն անցնում էր, երբ նրա մոտ ստացվում էր՝ մեկ, երկու, երեք քայլ… Այդ մանուկը մենք էինք, այդ մանուկն այժմ ազգս է, ով սովորում է քայլել ինքնուրույն, առանց մեծ քեռիների ձեռքերին հենվելուն, սակայն հենվելով Աստծո ձեռքին։
Եվ մենք քայլեցին։ Սկզբում անհաստատն, երերուն, հետո՝ վճռական ու հաղթական։ Ու պիտի քայլենք մինչև վերջ, մինչև հաղթական ավարտ, ու մեզանից հետո պիտի քայլեն մեր զավակները, մեր սերունդները։ Պիտի քայլ անենք ու մերժենք սուտը, կեղծիքը, այլասերվածությունը, պիտի քայլ անենք ու նվաճենք նոր հաղթանակներ, նվաճենք մեզ, մեր կիրքերը, մեր բնավորության վնասակար գծերը։

Կլինեն նաև մարդիկ, ովքեր թերահավատությամբ կփորձեն վախ ու տագնապ ներշնչել մեզ։ Նրանց համար գերադասելի է, որ դու մնաս սայլակում գամված, մահիճին պառկած և երբեք չքայլես, մնաս անդամալույծ։ Որովհետև անդամալույծը պայքար չունի, կռիվ չունի, նա արդեն հանձնվել է, նա հեշտ կառավարելի է, նա կամակատար է, նա միշտ օտարների օգնության կարիքն ունի։

Սակայն մենք քայլելու ենք։ Եվ բոլոր թերահավատներին մի բան ենք ասելու. «Որովհետև հավատքով ենք քայլում և ոչ թե երևույթով»։

Եվ ուրեմն՝ ՔԱՅԼ ԱՐԱ։

Վազգեն Զոհրաբյան

Մեկնաբանություններ