Օրենքն է մարդու համար, այլ ոչ թե մարդը՝ օրենքի

1115

Աստվածաշնչի լույսի ներքո շատ ավելի պարզ են երևում այս կամ այն վիճահարույց թվացող խնդիրների լուծումները։ Ավելի հասկանալի և տեսանելի են դառնում պետության և պետականաշինության վիճահարույց երևույթները։

Մարդու կյանքում, մարդկային հարաբերություններում, ընտանեկան, հասարակական, քաղաքական կյանքում և ցանկացած այլ ոլորտներում Աստվածաշունչն իր մեջ պարունակում է բոլոր վիճահարույց հարցերի պատասխանները և ելքը՝ անլուծելի թվացող իրավիճակներից։

Վերջին ժամանակներում շատ է խոսվում սահմանադրության և օրենքի տառը անառիկ և «սուրբ» պահելու անհրաժեշտության մասին։ Դա լավ է, երբ մարդը, հասարակությունը, Ազգային ժողովը, կառավարությունը հենված են օրենքի և սահմանադրության վրա։ Դիմե՛նք Աստվածաշնչին։

Իսրայելի սահմանադրությունը հենց Աստծո կողմից տրված Օրենքն էր։ Օրենքն իր բոլոր կետերով նախատեսված էր ժողովրդի և պետության բարեկեցության կամ, աստվածաշնչյան լեզվով ասած, օրհնության համար։ Օրենքը խախտողը պատժվում էր ամենայն խստությամբ՝ լիներ թագավոր, մարգարե, քահանա, թե հասարակ քաղաքացի։

Սակայն Օրենքին հետևողները այնքան տարվեցին օրենքի տառը պահելով, որ մոռացան ամենակարևորը…

Մի առիթով Տեր Հիսուսը հանդիմանեց փարիսեցիներին և դպիրներին, երբ Ինքը շաբաթ օրը բժշկել էր մի անդամալույծի։ Շաբաթ օրը որևէ գործ անելը դատապարտվում էր խստագույն պատժի՝ մահվան։ Այս պատվիրանը տասը կարևորագույններից մեկն էր, կարելի է ասել՝ սահմանադրության հիմնարար կետերից մեկը։

Այսպիսով՝ Ինքը՝ Սահմանադրության հեղինակը, ով ասել էր, թե «Ավելի հեշտ է, որ երկինքն եւ երկիրն անցնեն, քան թե օրենքի մեկ փոքր նշանագիր վայր ընկնի» (Ղուկ. 16.17), թվում էր, թե խախտեց օրենքը՝ բժշկելով շաբաթ օրը։ Իսկ օրենսդիր մարմնի մոլի ներկայացուցիչները, առանց ուշադրություն դարձնելու տարիներով տառապող հիվանդի գերբնական բժշկության վրա, մռթմռթում էին, թե շաբաթ օրը իրավունք չկա բժշկություն անելու, և անգամ «խորհուրդ էին անում, թե ինչպես սպանեն Նրան (Հիսուսին)» (Մտթ. 12.14)։

Հիսուսն ասաց. «Շաբաթը մարդու համար եղավ, և ոչ թե մարդը շաբաթի համար», այլ կերպ ասած, օրենքը և սահմանադրությունը ստեղծվել են մարդու բարօրության համար, այլ ոչ թե մարդը՝ օրենքի և սահմանադրության։ Այսպիսով, մարդն ավելի բարձր է, քան օրենքն ու սահմանադրությունը։ Հենց այս սկզբունքով են առաջնորդվել աշխարհի ազդեցիկ քրիստոնյա երկրները, երբ իրենց սահմանադրության և պետականաշինության հիմքերում են դրել աստվածաշնչյան ճշմարտությունն ու արժեքները։

Այսօր հայ հասարակությունը, այսպես ասած՝ «հիվանդ մարդը», տարիներ շարունակ անբուժելի թվացող հիվանդությամբ տառապելուց հետո, սկսել է բժշկվել։ Մարդիկ վերապրում են վաղուց մոռացված ուրախությունն ու փոխադարձ սերը։ Իսկ ազատության այն մթնոլորտը, որն այսօր տիրում է Հայաստանում, քանի՜-քանի՜ սերունդների փափագն էր միայն։ Ու ինչպես այն ժամանակ օրենսդիրները, իրենց դիրքերն ամուր պահելու համար, քարացնելով իրենց սրտերը, չուզեցին տեսնել բժշկության իրողությունն ու փաստը, ցավոք հիմա էլ որոշ ուժեր անում են նույնը՝ անտեսելով հայ ժողովրդի բաղձալի հաղթությունն ու իրականություն դարձած երազանքը, օրենքն ավելի «բարձր» են դասում մարդուց։

Ուրեմն ի՞նչ անել։ Հենվելով Աստվածաշնչի ճշմարտության վրա՝ վերանայել արժևորման սկզբունքերը և վեր բարձրացնել մարդու արժեքը օրենքից։ Եվ եթե օրենքը այլևս անօգուտ է կամ տկար տվյալ իրավիճակում լուծել հասարակության թիվ մեկ կարիքն ու արդարացի պահանջը, այն պետք է փոխարինել մեկ այլ մեխանիզմով, որը, համապատասխանելով տվյալ իրավիճակին, կծառայի ժողովրդին՝ Աստծո արդարությունը չխախտելու պայմանով։

«Վասնզի խափանումն է լինում առաջի պատուիրանքին իր տկարութեան եւ անօգուտ լինելու համար։ (Որովհետեւ օրէնքն ոչինչ կատարեալ չ’արաւ) եւ ներս է մտնում մի ազնուագոյն յոյս, որով մօտենում ենք Աստուծուն». Եբր. 7.18-19։

Աստվածաշնչյան այս ճշմարտությունը, ելնելով այսօր ստեղծված իրավիճակից, կարելի է արտագրել հետևյալ տեսքով.

«Խափանվում է նախորդ օրենքն իր տկարության և անօգուտ լինելու պատճառով, քանի որ օրենքը կատարյալ չէ ներկա իրավիճակի կարգավորման համար, և ընդունվում է մեկ այլ մեխանիզմ, որը մեզ կմոտեցնի խնդրի լուծմանը՝ չխախտելով աստվածային սկզբունքները»։

Չմոռանա՛նք Տիրոջ խոսքը. «Օրենքն է մարդու համար, այլ ոչ թե մարդը՝ օրենքի»։

Տիգրան Թադևոսյան
«Նոր սերունդ» եկեղեցու հովիվ

Մեկնաբանություններ