100 օրը

591

100 օր առաջ Աստծու օգնությամբ և սեփական ձեռքերով կերտեցինք մեր սեփական պատմությունը։

Դա հայ ժողովրդի պատմության մեջ կարձանագրվի որպես քաղաքացիական հասարակության ջախջախիչ հաղթանակը կոռումպացված և քրեաօլիգարխիկ համակարգի հանդեպ։ Հեղափոխությանը հաջորդեցին այնպիսի բացահայտումներ, որին, սակայն, մեր հասարակությունը պատրաստ չէր։

Այնուամենայնիվ, հեղափոխությունն օր֊օրի ամրապնդվում է նաև մեր մտածելակերպի մեջ։ Փոխվում է հասարակության աշխարհայացքը, փոխվում են արժեքները, փոխվում է վերաբերմունքը հասարակական արատների նկատմամբ։ Հակառակ լավատեսություն ներշնչող պրոցեսների, մեդիատիրույթում բարձրացավ հոռետեսական ալիք այն մասին, որ սա կարճ է տևելու, որ վարչապետին կվերացնեն, որ սա պայմանավորվածություն էր, և այլ, և այլն։ Բոլոր հոռետեսներին ունեմ մեկ պատասխան, որը կմեջբերեմ Պողոս առաքյալից. «Եթե Աստված մեր կողմն է, ապա ո՞վ է մեզ հակառակ»։

Լինի որևէ քաղաքական գործիչ, թե գերտերություն, նրանք առ ոչինչ են այն Աստծու առաջ, ով հաջողություն պարգևեց ազգիս այս համառ պայքարում։

Եկեք հավատանք մեր հաղթանակներին՝ ավելի ու ավելի ամրապնդվելով դրանում։
Եկեք հեղափոխական այս ալիքն ուղղորդենք մեր տնտեսության, կրթության, մաքրության, մեքենա վարելու, փողոցն անցնելու, բնությունը սիրելու և պահպանելու ու կենսական այլ ոլորտների մեջ։
Եկե՛ք մեծացնենք մեր մտահորիզոնը, երազենք, ձգտենք, նվաճենք, արարենք…
Եկե՛ք շարունակենք հեղափոխությունը բարոյական և հոգևոր արժեքների ոլորտում՝ մերժելով այլասերվածությունն ու պղծությունը, կոռուպցիան և անազնվությունը։

Ահա այդ ժամանակ կարող ենք իսկապես հաջողված համարել մեր Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը։ Շնորհավորում եմ բոլոր֊բոլորիս և հատկապես այն երիտասարդությանը, ովքեր հավատացին աստվածաշնորհ ազատությանը, ովքեր չվախեցան, ովքեր համարձակվեցին…

Աստված օգնական մեր վարչապետին, կառավարությանն ու ազգիս։

Վազգեն Զոհրաբյան

Մեկնաբանություններ