Գոռ Կարապետյան.Հպարտության հակառակ կողմը

211
Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենահայտնի արձանը Բրազիլիայում է՝ Ռիո դե Ժանեյրոյում:

Ֆեյսբուքում կհանդիպես առնվազն հինգ հայալեզու այնպիսի էջերի կամ խմբերի, որոնք սկսվում են «Ես հպարտ եմ…», որ ասենք «հայ եմ», «մեր հավաքականով», և որ ամենազարմանալին է` «որ Հայ առաքելական եկեղեցու զավակ եմ» (սրանից 2 հատ) ու էլի նման բաներ: Հարց է առաջանում` հպարտությունը լա՞վ հատկանիշ է, թե՞ վատ, դա հիմնականում չարի՞ք է, թե՞ այն չափման չի ենթարկվում:

Հպարտությունը համարվում է չարիք, իսկ որոշ եկեղեցիներում ներառված է «մահացու մեղքերի» ցանկում: Աստվածաշնչում, որին որպես առաջին քրիստոնեական երկիր մենք «փորձում» ենք ապավինել, ասված է` «Աստված հպարտներին հակառակ է կենում…», կամ` «Կործանումից առաջ հպարտությունն է գնում»։ Հպարտությունը կույր էգոիզմի, ագրեսիվ տրամադրվածության, սեփական անձի գերակայության դրսևորում է, որը վերածվում է ատելության, քննադատության, այլոց ստորադասելու և ցածրացնելու միջոցով սեփական անձը կամ արժեքները բարձրացնելու էժան գործողությունների, ուստի դրա շատն ու քիչը չի փոխում «հանցակազմը». շատ ես ատում, թե քիչ, շատ ես քննադատում, թե քիչ, այլ խոսքով՝ հպարտությունը թույն է, դրա չափաբաժնի մեծությունից չի փոխվում բաղադրությունը:

Փոքր ազգերին բնորոշ է մեծամտությունը, և մենք բացառություն չենք. մենք սևամորթ Օբամայից սկսած մինչև «տելեվիզորով» ցուցադրվող որևէ «անհայտ» հանրահայտ անձի մեջ հայ ենք փնտրում, մեզ ենք փնտրում, պատեհ ու անպատեհ առիթով վկայակոչում ենք մեր այս կամ այն բանում «առաջինը» լինելը: Հպարտությունը, պարծենկոտությունը, մեծամտությունը կործանարար հատկություններ են, որոնք դարեր շարունակ կարմիր ժապավենի պես «ուղեկցել» են մեզ՝ «արտադրելով» դավաճանություններ, ուրացություններ, բաժանություններ, մասնատված ու փոքրիկ իշխանություններ:

Մենք հազվադեպ ենք մեր դերը հանուն նպատակի ծառայեցնում: Մտածում եմ՝ որքան հզոր ու միաբան կլինեինք, եթե այսքան հպարտ չլինեինք: Մեզ համար միաբանվելը, միավորվելը, անհատական նեղ շահերից դուրս գալը, հանուն ընդհանուրի, շատ դժվար է: Տեսեք Ճապոնիան` Երկրորդ համաշխարհայինից հետո երկու ատոմային ռումբերով կործանված, քայքայված ու վերջնականապես կործանման եզրին կանգնած երկիրը, ընդամենը մի քանի տասնամյակում ոտքի կանգնեց, վերածվեց գերհզոր տերության, և դա դասագրքերում հայտնի է որպես «ճապոնական հրաշք»: Ինչու, որովհետև նրանք զարմանալիորեն խոնարհ են, միաբան, «թասիբով», նվիրվող, իսկ, ըստ սիներգիայի 1+1=3.4…..10, ուժերի գումարը բազմապատկվում է: Իսկ ո՞ւր է մեր «Հայկական հրաշքը», հավանաբար հպարտության հակառակ կողմում:

«Աստված հպարտներին հակառակ է կենում». սա ճիշտ է հավասարապես անձի և ազգի մակարդակներով: Այսքան ժամանակ բացի վնասներից հպարտությունը ոչ մի օգուտ չի տվել մեզ: Ուրեմն չարժե՞ արդյոք զղջալ Աստծո առաջ, խոստովանել, որ հպարտությունը չարիք է, ու այն հեռացնել մեզ բնորոշող հատկությունների ցանկից: Լինել հանդուրժող, ներողամիտ, սովորել ու կարողանալ սիրել: Այս դեպքում հպարտությանն էլ տեղ չի մնա, ու մենք մեծ ու լայն ճանապարհ կհարթենք «հայկական ուշացած հրաշքի» համար:

Գոռ Կարապետյան

Մեկնաբանություններ