2019-ի առաջին «Վերնատունը» Հանքավանում

528

Փետրվարի 18-ին և 19-ին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Հայաստանի և Արցախի հովիվներն ու օգնականները 2019-ի առաջին «Վերնատանն» էին՝ Հանքավանի «Շողիկ» ճամբարում:

Հովվության կոչում և առաքելություն ստանձնած մոտ 30 ծառայող 24 ժամ անցկացրեց մեծագույն Հովվի՝ Հիսուսի Քրիստոսի Խոսքի սերտողության, աղոթքի ու հոգևոր հաղորդակցության մթնոլորտում: Այս «Վերնատան» թեման «Քրիստոսաբանությունն» էր: ՀԱԵ եկեղեցու առաջնորդները, ավագ հոգևոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանի բանախոսությամբ, անդրադարձան Քրիստոսաբանությունն ուսումնասիրելու ուղիներին, Աստվածաշնչյան հիմքերին:

ԱՄՆ-ից Հայ Ավետարանական եկեղեցու վերերապատվելի Արեն Պալապանյանն էլ վիդեոդասախոսության միջոցով  անդրադարձավ Աստվածաշնչի անսխալականությանը: «Վերնատան»-ն ընթացքում հովիվները նաեւ հաղորդակցության եւ իրենց փորձառությունը միմյանց բաժնեկցելու հնարավորություն ունեցան:

Բոլոր լուսանկարները՝ այստեղ

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցիների հոգեւոր հովիվներն ամիսը մեկ անգամ հավաքվում  են եւ 24 ժամ միասին անցկացնում: «Վերնատուն» խորհրդանշական անվանումը կրող հանդիպման նպատակը Աստծո հետ աղոթքով ժամանակ անցկացնելը, տարբեր հոգեւոր թեմաների շուրջ բաժնեկցելն ու իրար քաջալերելն է: 

Ինչպես  12 աշակերտներն էին իրենց ուսուցչի` Տեր Հիսուս Քրիստոսի հետ ժամանակ անցկացնում, այնպես էլ ՀԱԵ հոգեւոր հովիվներն են միավորվում Աստծո ներկայության մեջ, եւ վայելում այդ ներկայությունը իրար հետ հաղորդակցվելու միջոցով: «Վերնատան» կարեւոր առաքալությունն է նաեւ Աստծո խոսքի սերտողությունը` տարատեսակ զեկուցումների ու դասախոսությունների տեսքով, դրանք հիմնականում տեղական եկեղեցու հովիվներն են ներկայացնում, երբեմն էլ հրավիրված հովիվները կամ աստվածաբանները:

Մեկնաբանություններ