316News-ի բացառիկ հարցազրույցը հովիվ Արթուր Սիմոնյանի հետ (տեսանյութ)

2075
Вся правда об Артуре Симоняне

316NEWS ռուսալեզու պարբերականի ծավալուն հարցազրույցը Հայաստանի «Կյանքի Խոսք» Ավետարանական եկեղեցու ավագ հովիվ՝ վերապատվելի Արթուր Սիմոնյանի հետ։

Քարոզել մարդկանց կյանք:

Ինչո՞ւ «Կյանքի Խոսք»: Ինչո՞ւ հովվական ծառայություն:

Որպեսզի պատասխանել` ինչու «Կյանքի Խոսք», նախևառաջ պետք է պատասխանել, թե ինչու հովիվ: Ես չեմ ծնվել որպես հովիվ և չունեմ հովվական կրթություն: Հովվական ծառայությունը մի պարգև է, որն իջնում է Երկնքից:

Նախքան իմ հովիվ լինելը, երբ դեռ եկեղեցին չէր կրում «Կյանքի Խոսք» անունը, ես երկար ժամանակ աղոթում էի և փնտրում էի Աստծուն: Մի օր, հիշում եմ, թե ինչպես էի աղոթում լեռան վրա, և Աստծո ներկայությունն այնքան ուժգին էր, որ ես ոչինչ չէի կարողանում անել: Ուղղակի նստել և նայում էի հեռվում սփռված քաղաքին ու հանկարծ լսեցի ներսումս Աստծո ձայնը: Նա ասաց ինձ․ «Դու հովիվ կլինես»։  Ես պատասխանեցի․ «Տե՜ր, ես ոչինչ չգիտեմ»։ Եվ Աստված ասաց․ «Հենց այդ պատճառով Ես կանչում եմ քեզ: Դու ոչինչ չգիտես, բայց կծառայես Ինձ: Ես կգործածեմ քեզ, և դու կփառավորես Ինձ»:

Ես ոչ ոքի չասացի այդ մասին: Այդ գաղտնիքը իմ և Աստծո միջև էր: Անցավ երկու տարի, և ես ասացի Տիրոջը․ «Եթե այն, ինչ Դու ասացիր ինձ, ճշմարտություն է, թող մարդիկ հաստատեն դա»: Դրանից հետո, բոլոր մարգարեները, ովքեր գալիս էին մեր եկեղեցի, ասում էին ինձ, որ Աստված ինձ հովիվ է դարձնելու: Նույնիսկ եկեղեցու անդամները գալիս և ասում էին, որ զգում են, թե շուտով ես հովիվ եմ դառնալու: Ես ուղղակի պատասխանում էի․ «Տեսնենք, թե ինչպես կլինի, Տերը կասի»:

Երբ Լեոնիդ Մալկոն էր եկեղեցու հովիվը, մի օր նա մոտեցավ ինձ և ասաց․ «Գիտե՞ս, երեկ երեկոյան երբ ես աղոթում էի, Աստված ինձ ասաց, որ դու հովիվ ես լինելու»: Հենց այդ ժամանակ ես բացեցի իմ գաղտնիքը Լեոնիդին: Հայաստանից հեռանալուց առաջ նա ձեռնադրեց և օրհնեց ինձ՝ լինելու եկեղեցու հովիվ:

Դառնալով հովիվ՝ ես շատ էի աղոթում: Ոմանք կարծում են, որ եթե եկեղեցու անունը «Կյանքի Խոսք» է, ապա այն պատկանում է առանձին հարանվանության: Աշխարհում կան շատ «Կյանքի Խոսք» եկեղեցիներ, որոնց հետ մենք լավ հարաբերությունների մեջ ենք, համագործակցում ենք։ Ի սկզբանե մեր եկեղեցին կոչվում էր «Ճշմարտություն», սակայն մի օր ես Հոգու մեջ զգացի, որ պետք է փոխել եկեղեցու անվանումը: Եկել է «Կյանքի Խոսքի» ժամանակը, քանի որ մեր նպատակն է քարոզել Կյանքի Խոսքը: Կան շատ խոսքեր, որոնք բերում են բաժանություն, վիրավորանք, մահ: Մենք որոշեցինք, որ մեր եկեղեցին քարոզելու է խոսքեր, որոնք կյանք են բերում: Եվ ես հավատում եմ, որ մենք միշտ կանգնած ենք լինելու այդ նպատակով՝ քարոզել մարդկանց կյանք:

Մարդ պետք է ինքն իրեն հաշվետու լինի, թե ինչ է խոսում և ինչպես է խոսում:

Տեղական լրվատվամիջոցները հաճախ հայտարարում են, թե «Կյանքի Խոսքը» աղանդ է: Ի՞նչ կասեք դրա մասին:

Իհարկե ես ինքս կարդացել եմ այդպիսի հոդվածներ և լսել այդպիսի կարծիքներ: Նման խոսակցությունները բոլորովին անհիմն են: Ես նույնիսկ մտածում եմ, որ եթե այդ հոդվածը գրողին հարցնենք՝ ի՞նչ է աղանդը, մենք դժվար թե որևէ պատասխան լսենք:

Կարծում եմ մեր հասարակության մեծ մասը դեռևս հոգևորապես տգետ է: Մարդիկ, այդ թվում նաև շատ լրագրողներ կրթված են, բայց ոչ կրոնի բնագավառում: Այդ տգիտության պատճառով նրանք կարող են ասել ինչ ցանկանան և պիտակավորել այն ամենը, ինչը կցանկանան:

Երբ մարդ խոսում է կամ ինչ-որ բան հայտարարում է, նա պետք է ինքն իրեն հաշվետու լինի, թե ինչ է խոսում և ինչպես է խոսում: Մենք գիտենք, թե ինչ է աղանդավորությունը։ Եթե այն վերցնենք քրիստոնեության համատեքստում, ապա դա շեղումն է Քրիստոսի ուսմունքից: Դա մարդկանց բազմություն է, ովքեր հեռացել են Հիսուսի ուսմունքից, Հայր Աստծուց: Նրանք չեն ընդունում, որ Աստված Հայր, Որդի և Սուրբ Հոգի Է: Նրանք չեն գործածում այդ ուսմունքը և չեն բռնվում դրանից: Բայց մենք քարոզում ենք Հայր Աստծուն, Որդի Աստծուն և Սուրբ Հոգի Աստծուն, և որ Նրանք Մեկ են:

Այդ պատճառով մենք ոչ մի կերպ չենք կարող լինել աղանդավոր: Եթե մեր շարժումը աղանդ է, ապա գերմանացիները աղանդավոր են, որովհետև նրանք բողոքական են: Նշանակում է, որ Ամերիկայի 80%-ը աղանդավոր է, շվեդները աղանդավոր են, նորվեգացիները աղանդավոր են: Ես կարող եմ նշել ևս մի շարք երկրներ, որոնք այդ դեպքում նույնպես հանդիսանում են «աղանդավոր»:

Մի անգամ ես հարցրի մի մարդու. «Եթե մենք «աղանդավոր» ենք, ապա ինչու եք դուք մեկնում «աղանդավորական» երկրներ (որտեղ քրիստոնյաների մեծամասնությունը բողոքական են), շրջում եք այնտեղ»: Գիտե՞ք, թե նա ինչ ասաց ինձ. «Հայաստանի սահմաններից դուրս դուք աղանդավոր չեք, դուք նորմալ մարդիկ եք: Իսկ Հայաստանում դուք աղանդավոր եք»: Ինձ համար շատ ծիծաղելի էր այդ պատասխանը:

Հայ Առաքելական եկեղեցին հիանալի եկեղեցի է, որը դարերով պահել է քրիստոնեությունը Հայաստանում:

Եթե «Կյանքի Խոսքը» եկեղեցի է, ապա ինչո՞ւ դուք չեք միանում Հայ Առաքելական եկեղեցուն:

Գիտե՞ք, այդպես մտածում են շատ մարդիկ. իսկ ինչու՞ չմիանալ:

Եկեղեցին մեկն է, Հիսուսի Մարմինը: Պարզապես մեզ մոտ ձևաչափերը տարբեր են: Եվ ոչ միայն ձևաչափերը, այլև ծառայությունն է տարբեր, մարդիկ են տարբեր: Բայց միևնույն ժամանակ ես չեմ կարծում, թե մենք շատ հեռու ենք գնացել Առաքելական եկեղեցուց: Մեր Աստվածը նույնն է:

Աստծո Խոսքն ասում է, որ մի անգամ աշակերտները եկան Հիսուսի մոտ և ասացին, որ տեսել են մի մարդու, ով Հիսուսի անունով դևեր էր հանում, և նրանք արգելել են այդ մարդուն անել դա: Եվ Աստվածաշնչում գրված է․ «Յիսուսն էլ ասեց. Մի արգիլէք նորան. որովհետեւ ոչ ով չ’կայ՝ որ իմ անունովը մի զօրութիւն անէ, եւ կարողանայ շուտով հայհոյել ինձ։ Որովհետեւ ով որ մեզ հակառակ չէ, մեր կողմն է։ Որովհետեւ ով որ մի բաժակ ջուր խմեցնէ ձեզ իմ անունովը՝ թէ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ ասում եմ ձեզ, նա չի կորցնիլ իր վարձքը» (Մարկոս 8․38-40)։

Մենք դեմ չենք Հայ Առաքելական եկեղեցուն: Եվ երբեք չենք ասել, թե Առաքելական եկեղեցին՝ եկեղեցի չէ: Այն շատ լավ և հիանալի եկեղեցի է, որը դարերով պահել է քրիստոնեությունը Հայաստանում: Մենք բոլորս համարվում ենք Տիեզերական Եկեղեցու մասը: Եկեղեցին`Քրիստոսի հարսն է: Ուղղակի յուրաքանչյուրս, կարելի է ասել, ունենք տարբեր հանձնարարություններ, մեր ուրույն նպատակը:

Նրանք ուզում են իմանալ ճշմարտությո՞ւնը, թե՞ ուղղակի ուզում են ինչ-որ վատ բան գրել:

Հայկական օնլայն ռեսուրսները ակտիվ քննարկում են «Կյանքի Խոսքի» ֆինանսական մուտքերը: Որտեղի՞ց և ինչպե՞ս են մուտք գործում և որտե՞ղ են գնում «Կյանքի Խոսքի» ֆինանսները:

Ես չեմ հասկանում, թե ինչու են ԶԼՄ-ներն այդքան քննարկում այդ հարցը միմյանց հետ, եթե պատասխանը գտնվում է մեզ մոտ: Ավելի ճիշտ չէ՞ արդյոք գալ և բոլոր անհանգստացնող հարցերը տալ մեզ:

Մենք միշտ բաց ենք և տալիս ենք ամբողջական հաշվետվություն: Տարին մեկ անգամ մենք հայտնում ենք եկեղեցու անդամներին, թե ինչքան գումար է տարվա ընթացքում մուտք գործել և ինչի վրա է այն ծախսվել: Չգիտեմ՝ կա արդյոք այդպիսի գործելակերպ այլ եկեղեցիներում, բայց մենք միշտ հաշվետվություն ենք ներկայացնում մեր եկեղեցու անդամներին: Շատ շուտով մենք նույնիսկ պլանավորում ենք այդ հաշվետվությունը տեղադրել համացանցում:

Իհարկե ես չեմ մեղադրում լրագրողներին, որոնք ինչ-որ բաներ են քննարկում միմյանց մեջ: Հարցն այն է՝ արդյոք նրանք ուզում են իմանալ ճշմարտությունը, թե՞ ուղղակի ուզում են ինչ-որ վատ բան գրել: Եթե ցանկանային իմանալ ճշմարտությունը, թերևս կգային մեզ մոտ:

Գիտեք, եթե նույնիսկ վերցնենք ամբողջ Հայաստանը, ապա կարելի է տեսնել, որ ամբողջ երկիրը՝ ընկերությունները, կազմակերպությունները բոլորն էլ ֆինանսավորվում են ինչ-որ տեղից: Ոչ ոքի մոտ հարց չի առաջանում, թե որտեղից են գալիս այդ գումարները: Տպավորություն է ստեղծվում, որ այդ հարցը տեղին է միայն մեր եկեղեցու պարագայում:

Մեր ֆինանսները գալիս են մեր եկեղեցու մարդկանցից: Ինչի՞ վրա են դրանք ծախսվում: Եկեղեցաշենքի կոմունալ ծառայությունների վճարման, բարեսիրական օգնությունների և շատ այլ բաների: Պետությունը ամեն տարի ստուգում է մեզ: Մենք ունենք մաքուր հաշվապահություն, թափանցիկ ֆինանսական վիճակ և մենք միշտ պատասխան ենք տալիս ամեն մի ծախսված դրամի համար: Մենք դա կարող ենք նաև լրագրողներին ասել, եթե դա նրանց հետաքրքիր է:

Մեր եկեղեցու անդամները սովորական մարդիկ են, և նրանք գիտեն, թե իրենց զոհաբերած գումարներն ուր են ուղղվում։

Այսինքն, ես ճիշտ եմ հասկանում, որ արտասահմանից ֆինանսներ մուտք չե՞ն գործում:

Մուտք գործում են: Լինում է, որ մեր եկեղեցու այն անդամները, որոնք արտասահման են տեղափոխվել, ցանկանում են ինչ-որ կերպ օգնել մեզ, սակայն ֆինանսների 95, հաճախ նաև 100 տոկոսը գալիս են Հայաստանից: Իրականում մեզ մոտ արտասահմանից շատ քիչ քանակությամբ գումար է մուտք գործում: Այդ գումարով կարելի է վճարել միայն գազի կամ էլեկտրաէներգիայի մեկ ամսվա վարձը: Եկեղեցին հիմնականում ֆինանսավորվում է մեր մարդկանց կողմից: Եվ բոլորը հիմա կմտածեն, որ այդ մարդիկ երևի շատ հարուստ են: Ոչ, նրանք սովորական մարդիկ են՝ Սոնա տատիկը, քեռի Վալերը և մեր եկեղեցու այլ անդամներ: Նրանք ուղղակի սիրում են եկեղեցին և ցանկանում են ինչ-որ բան անել եկեղեցու համար: Անկեղծ ասած, ինձ համար շատ կարևոր է, որ քեռի Վալերը և եկեղեցու մյուս անդամները իմանան, թե ինչպես են ծախսվում նրանց գումարները: Եվ նրանք դա գիտեն:

Ու՞մ է պատկանում ձեր եկեղեցու՝ միլիոններ արժեցող շենքը:

Եկեղեցու շենքը պատկանում է «Կյանքի Խոսք» եկեղեցուն և եկեղեցու անդամներին: Այն ինձ չի պատկանում: Տարիներ անց ես կգնամ, և իմ փոխարեն կգա մեկ այլ հովիվ, սակայն շենքը դարձյալ կպատկանի «Կյանքի Խոսք» եկեղեցուն:

Այն կառուցվել է մարդկանց զոհաբերությունների միջոցով. ես նույնպես զոհաբերել եմ: Մեր եկեղեցու բոլոր ծառայողները և անդամները կառուցել են այն: Սովորաբար շատ քիչ են այդպիսի շինությունները, որոնց մասին կարելի է ասել, որ մենք բոլորս հավաքվեցինք և կառուցեցինք այն:

Մի անգամ մի տատիկ մոտեցավ ինձ և ասաց. «Հովիվ, իմ ամբողջ կյանքում ես ցանկանում էի կառուցել եկեղեցի, սակայն տեսնում էի, որ միայն հարուստ մարդիկ կարող են դա անել: Ես աղոթում էի Աստծուն և ասում էի, Տեր, ինչու ես չունեմ հնարավորություն եկեղեցի կառուցելու համար, չէ որ ես հարուստ չեմ: Բայց դուք ինձ հնարավորություն տվեցիք կառուցել եկեղեցի»: Այդ տատիկը զոհաբերում էր գումարներ իր թոշակից, բայց նա գիտեր, թե ինչի համար է զոհաբերում:

Ինչու՞ է շենքը այդպիսին՝ մեծ և հարմարավետ:

Ես չեմ կարծում, որ մեր շենքը մեծ է: Նպատակն այն էր, որ մենք բոլորս տեղավորվեինք այնտեղ և փառաբանեինք Աստծուն: Սակայն մենք միևնույն է չենք տեղավորվում, որովհետև շենքը փոքր է:

Yerkir.am–ը գրում է, որ «Կյանքի Խոսքի» անդամները երկրպագում են ձեզ, ինչպես «կաթոլիկները երկրպագում են Հռոմի Պապին»:

(Ծիծաղում է) Դա շատ ծիծաղելի է: Ես չգիտեմ, թե ով է երկրպագում Հռոմի Պապին և ինչպես են նրանք դա անում: Ես երբեք չեմ տեսել, թե ինչպես են երկրպագում Հռոմի Պապին: Միակ բանը, որ ես տեսել եմ, այն է, որ Պապը մեծ հրապարակում խոսում է, և մարդիկ նրան լսում են: Ես չգիտեմ՝ կարելի է արդյոք դա անվանել երկրպագություն, բայց այդ հարցին ես կտամ հակիրճ պատասխան. նա, ով գրում է այդպիսի բան, երբեք չի եղել մեր եկեղեցում և երբեք չի խոսել ինձ հետ:

Եթե ես ապրեի 19-րդ դարում և իմ մասին գրեին այդպիսի բան, ինչ-որ տեղ կհասկանայի: Բայց ես ապրում եմ հիմա և այստեղ՝ Հայաստանում, ես ունեմ հեռախոսահամար, և նրանք ուղղակի կարող են ինձ հարցնել:

Mamul.am–ը գրում է Ձեր «ոչ ավանդական գործունեության» մասին, որը քարոզում է ազատամտություն և մինչամուսնական սեռական կյանք: Ի՞նչ կասեք:

Դա նույնպես ծիծաղելի է, որովհետև իրականում ինձ ճանաչողներն ինձ անվանում են շատ պահպանողական մարդ: Լրագրողը, ով գրում է այսպիսի բան, ուղղակի տեղեկացված չէ: Հետաքրքիրն այն է, որ եթե նրան հարցնեն, թե որտեղից դու դա գիտես, նա կպատասխանի. «Ինձ այդպես ասել են»: Ես կկրկնվեմ․ այդ լրագրողը ինձ հետ երբեք չի խոսել: Ես շատ կցանկանամ, որ ինձ անձամբ հարցնեն, թե ինչ եմ մտածում այդ հարցի շուրջ:

Ուղղակի շատ վիրավորական է, երբ ինչ-որ մեկի մասին այդպիսի բան են գրում՝ առանց նրանից իմանալու: Դա սովորական լրագրողական էթիկա է: Եթե ես ապրեի 19-րդ դարում և իմ մասին գրեին այդպիսի բան, ինչ-որ տեղ կհասկանայի: Բայց ես ապրում եմ հիմա և այստեղ՝ Հայաստանում, ես ունեմ հեռախոսահամար, և նրանք ուղղակի կարող են ինձ հարցնել:

Ես ընտանիքի և ամուսնության թեմայի շուրջ գիրք եմ գրել, որտեղ հստակ արտահայտել եմ իմ կարծիքը այդ հարցի շուրջ: Ես հավատում եմ սեռական հարաբերություններին ամուսնությունից հետո: Ինչպես ասում է Աստվածաշունչը, ես հավատում եմ, որ ընտանեկան անկողինը սուրբ է:

Իսկ ինչ վերաբերում է ավանդույթներին, դրանք շատ տարբեր են: Օրինակ մեր Առաքելական եկեղեցին ունի ավանդույթ տոնել Զատիկը, և ես սիրում եմ այդ ավանդույթը: Մենք ունենք Մեծ Պահք, որը նույնպես հարգում եմ և ես ինքս պաս եմ պահում: Կա ժամանակ, երբ օրհնում են խաղողը, ես սիրում եմ այդ տոնը: Մենք ունենք որոշ ամուսնական ծեսեր, և ես հարգում եմ դրանք, սակայն կան ավանդույթներ, որոնք ես չեմ հասկանում:

Օրինակ՝ երբ թաղման ժամանակ վերցնում են դագաղը և սկսում են այն պտտել և դրանով թակում են դուռը, իսկ հետո շրջում են աթոռները: Երբ հարցնում ես՝ ինչու եք անում դա, նրանք պատասխանում են․ «Աթոռները շրջում ենք, որ մահացածը չվերադառնա, և երազում չտեսնենք նրան»: Հարց է առաջանում՝ եթե չեք ուզում, որ նա վերադառնա, ապա ինչո՞ւ եք լաց լինում: Այս սովորույթը ես չեմ ընդունում:

Կան ավանդույթներ, որոնք գալիս են հեթանոսությունից: Օրինակ «կարմիր խնձորի» ավանդույթը, որի ժամանակ «ապացուցում» են, որ նորահարսը կույս է: Չգիտեմ արդյոք դա անում են հիմա, բայց ես քարոզում էի դրա դեմ 10 տարի առաջ: Կարծում եմ, որ ոչ ոք իրավունք չունի մտնել ուրիշի անկողնու մեջ: Դա միայն տղամարդու և կնոջ հարցն է, այլ ոչ բարեկամների: Ես դեմ եմ այդպիսի ավանդույթների:

Բայց հայկական ավանդույթների մեծամասնությունը ես սիրում եմ և հետևում եմ դրանց:

Շատ էլեկտրոնային կայքեր նշում են ձեր կապը ժամանակակից աստղերի հետ և ձեր խորհրդատվությունները հայկական էստրադայի ներկայացուցիչներին:

Կրկին «շատերը գրում են»: Շատ հետաքրքիր է, որ «շատերը գրում են»: Ես շատ կցանկանայի ճանաչել բոլոր մեր աստղերին, ուղղակի ընկերանալ նրանց հետ, բայց ցավոք ես բոլորին չգիտեմ: Ես մի քանիսի հետ ծանոթ եմ «բարև, ինչպե՞ս են գործերդ, և ցտեսություն» մակարդակի վրա: Այդ մարդիկ ունեն անձնական կյանք և անձնական տարածություն: Մենք կապող ոչինչ չունենք: Կան մարդիկ, որոնց ես անձնապես ճանաչում են, որոնց հետ ծանոթացել եմ շատ վաղուց՝ չլինելով դեռ եկեղեցական ծառայող: Սակայն նույնկերպ և նրանց հետ. իրենք զբաղվում են իրենց գործով և ես նրանց չեմ ասում, թե ինչ անել, ինչ՝ ոչ: Ոչ էլ նրանք՝ ինձ։

Մեր եկեղեցին երբեք ոչ ոքի չի ֆինանսավորել: Եթե եկեղեցին ֆինանսավորի որևէ մեկի ծրագիրը, մեր ամբողջ եկեղեցին առաջինը կիմանա այդ մասին: Հետևաբար, եթե մարդիկ չգիտեն դրա մասին, ապա այդպիսի բան չի եղել:

Մեր ճանապարհն է՝ քարոզել և սովորեցնել մաքուր Ավետարանը:

Yerkir.am-ը հայտարարում է, որ դուք խոստանում եք բարեկեցություն բիզնեսում՝ «Կյանքի Խոսքի» անդամ դարձող մարդկանց:

Այդ հոդվածը չեմ կարդացել: Ինչևէ, ստացվում  է, որ բոլորը մեզ մոտ պետք է բիզնեսմեննե՞ր լինեն: Դա ճիշտ չէ:

Մենք ոչ ոքի բարեկեցություն չենք խոստանում, բայց մենք խոստանում ենք Աստծո Խոսքը: Իսկ Խոսքը խոստանում է բոլորին, ով կգնա Աստծո հետևից, Աստծո Թագավորությունը: Նույնիսկ Տերունական աղոթքի մեջ մենք ասում ենք «Թող գա Արքայությունը Քո», որը խաղաղություն, ուրախություն և արդարություն է: Մենք սովորեցնում ենք մարդկանց աղոթել: Աղոթել իրենց ընտանիքի համար, ընկերների, ազգի և երկրի համար, ինչու չէ՝ նաև իրենց բիզնեսի համար: Մենք չունենք առանձնահատուկ ծառայություններ բիզնեսմենների համար, մենք ամեն շաբաթ ունենք ընդհանուր եկեղեցական ծառայություններ: Ի դեպ, դուք կարող եք ամեն կիրակի առցանց դիտել մեր ծառայությունները և տեսնել՝ ինչպիսի մարդիկ են այնտեղ և ինչի մասին եմ քարոզում ես:

Մենք սովորեցնում ենք և տալիս ենք Աստվածաշնչյան խոստումները բոլորին: Ես նույնիսկ լսել եմ, որ մենք սովորեցնում ենք «Բարգավաճման ավետարանը»: Երբ ես առաջին անգամ լսեցի դա, ես նույնիսկ չգիտեի ինչ է դա: Բայց հետո երբ ուսումնասիրեցի դա, հայտնաբերեցի, որ Ամերիկայում կա այդպիսի ուսմունք և կասեմ ձեզ, որ մենք դրանից շա՜տ հեռու ենք: Դա մեր ճանապարհը չէ: Մեր ճանապարհն է՝ քարոզել և սովորեցնել մաքուր Ավետարանը:

«Դատաստանի օրը» YouTube-յան ալիքը հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ ասվում է. «Արթուր Սիմոնյանը գաղտնի երկրպագում և կանչում է Հաումանի կապիկի հոգին»

Ես չեմ վախենա ասել այդ բառը՝ դա ուղղակի հիմարություն է: Ապուշություն։ Իմ մասին պատրաստել են մի քանի տեսանյութ, որոնք ԶԼՄ-ներն ակտիվորեն տարածում են: Բայց այդ աղջիկն, ով աշխատել էր այդ տեսանյութերի վրա, եկավ ինձ մոտ և ներողություն խնդրեց՝ ասելով, որ իրենք պատվեր ունեին: Ես գիտեմ, թե ով է եղել պատվիրատուն։

Ինչ կարող եմ ավելացնել: Ես ոչ մի կերպ չեմ կարող երկրպագել կապիկին: Ես խոսել եմ դրա դեմ, երբ մեր երկրում նշում էին «կապիկի տարին»: Ես երկրպագում եմ միայն մեկ Աստծուն՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Եվ ինձ համար ամեն տարին Հիսուս Քրիստոսի տարին է: Ինձ համար չկա կապիկի կամ վիշապի տարի: Թող դրա մասին մտածեն այն մարդիկ, ովքեր նշում են այդ կենդանակերպերը: Ինձ համար Հիսուս Քրիստոսն է Տերը՝ այսօր և հավիտյանս հավիտենից:

Առավոտյան աղոթքից հետո, վերցնում եմ Աստվածաշունչը և սնվում Կյանքի Խոսքով։

Արթուր Սիմոնյան՝ հովիվ, ամուսին և հայր: Ինչպե՞ս է սկսվում և ինչո՞վ է ավարտվում Արթուր Սիմոնյանի օրը:

Չկա ոչ մի կաղապար, թե ինչպես պետք է սկսվի իմ օրը և թե ինչպես պետք է ավարտվի: Բայց կան անփոփոխ բաներ. երբ ես բացում եմ աչքերս, արդեն «ինքնաբերաբար» աղոթում եմ: Հետո անմիջապես վերցնում եմ ձեռքս Աստվածաշունչը: Ես սկսում եմ կարդալ և «կերակրել» ինքս ինձ կյանքի Խոսքով: Այնուհետև ստուգում եմ իմ էլփոստի հասցեն, ծանոթանում եմ օրվա նորություններին կամ որևէ քարոզ եմ դիտում, ապա գնում եմ նախաճաշելու: Այդ ամենից հետո ես գնում եմ եկեղեցի:

Ժամը 09․30 կամ 10-ին արդեն եկեղեցում եմ լինում կամ գնում եմ հանդիպումների: Այսպես է սկսվում իմ օրը: Ինչպես է այն անցնում՝ հստակ չեմ կարող նկարագրել, քանի որ ժամատախտակն անընդհատ փոխվում է: Լինում է, որ գնում եմ հիվանդանոց՝ որևէ մեկին տեսակցության, կամ եթե ինչ–որ մեկի հետ դժբախտ պատահար է լինում, ես գնում եմ այնտեղ: Եթե անկանխատեսելի իրավիճակներ չեն լինում, մենք աշխատում ենք այնպես, ինչպես ծրագրված էր ի սկզբանե: Օրինակ այսօր պլանավորված էր այս հարցազրույցը, և ահա ես այստեղ եմ: Ամեն օր տարբեր կերպ է լինում:

Լինում են նաև թռիչքներ՝ երբեմն առավոտից մինչև երեկո ինքնաթիռում եմ անցկացնում: Տերը ինձ օրհնել և բարձրացրել է, և ես ուղևորվում եմ տարբեր երկրներ՝ քարոզելու և ծառայելու տարբեր ազգերի: Օրինակ այսօր, եկեղեցական հավաքույթից անմիջապես հետո, կգնամ պատրաստվելու թռիչքի դեպի Վոլգոգրադ, որտեղ կկայանա սեմինար՝ նվիրված ընտանիքի և ամուսնության թեմային: Այնուհետև կթռչեմ Բլագովեշչենսկ՝ բավական հեռավոր մի քաղաք, որտեղ հրավիրված եմ այդ տարածաշրջանի հովիվների մասնակցությամբ համաժողովի խոսնակը լինելու։ Իսկ այնտեղից կվերադառնամ Երևան:

Սիրում եմ լուսանկարել ուրախ դեմքեր։

Ունե՞ք արդյոք հոբբի և հետաքրքրություններ:

Իմ հոբբին խոհարարությունն է: Շատ եմ սիրում կերակուրներ պատրաստել և շատերն ասում են, որ ինձ մոտ բավական համեղ է ստացվում: Կարևոր չէ, թե որ երկրում եմ գտնվում, եթե ունեմ ազատ ժամանակ, գնում եմ խոհարարական դասերի: Ծառայելուց և աղոթելուց բացի, ես շատ սիրում եմ խոհարարությամբ զբաղվել։

Սիրում եմ սահել դահուկներով: Մանուկ հասակից սիրում եմ այն ամենը, ինչ կապված է «էքստրիմի» հետ: Սիրում եմ մոտոցիկլետներ: Կարևոր չէ ինչպիսի՝ լեռնային, թե ճանապարհային:

Նաև սիրում եմ լուսանկարել ուրախ դեմքեր, երբ մարդիկ ծիծաղում են: Ես ունեմ երազանք. ստեղծել նկարների հավաքածու՝ «Աշխարհը ծիծաղում է» խորագրով:

Ի՞նչ է անում Արթուր Սիմոնյանը մինչ աչքերը փակելը քնելուց առաջ:

Աղոթում եմ, կարդում եմ Աստվածաշունչ: Ես ցանկանում եմ ամեն օր քնել Աստվածաշնչով: Վերջում ես օրհնում եմ իմ գիշերը, իմ ընտանիքը և իմ երկիրը:

Աղբյուրը՝ 316news.org
Թարգմանեց՝ Կարո Հովակիմյանը
316-header-new-1

 

Մեկնաբանություններ