84-ամյա չինացին արդեն 56 տարի խնամում է անկողնուն գամված կնոջը (լուսանկարներ)

1628

Ժամանակակից աշխարհում, որտեղ տեղի է ունենում արժեքների կտրուկ փոփոխություն, ինչի հետևանքով մարդկային կյանքի գրեթե բոլոր բնագավառներում գերիշխող է դառնում նյութականը, դեռևս հանդիպում են մարդիկ, ովքեր սերը, հարգանքն ու հավատարմությունն ամենից վեր են դասում։

The Daily Mail պարբերականն անդրադարձել է չինացի տարեց մի զույգի, որն իր օրինակով ապացուցում է իրական սիրո ու նվիրվածության գոյության անհերքելի փաստը:

Նշվում է, որ Դու Յուանֆա անունով տղամարդը, ով 84 տարեկան է, արդեն 56 տարի անտրտունջ խնամում է անկողնուն գամված իր հիվանդ կնոջը: Տղամարդը, ով զբաղվում է հողագործությամբ, ստիպված է եղել հրաժարվել հանքափորի աշխատանքից, որպեսզի կարողանա խնամել սիրելիին:

Նրա կինը` Ժու Յուան, ով 76 տարեկան է, կաթվածահար է եղել 1959թ.: Աղբյուրը մանրամասնում է, որ կաթվածը տեղի է ունեցել զույգի ամուսնությունից ընդամենը 5 ամիս անց: Եվ այս հանգամանքն առավել գնահատելի է դարձնում ամուսնու դրսևորած նվիրվածությունը:

Դուն վերհիշել է, որ ժամանակին իր ընտանիքի անդամներն ու ընկերները խորհուրդ էին տալիս իրեն հնարավորինս շուտ ամուսնալուծվել ու ազատվել «անպետք» կնոջից, սակայն տղամարդը ոչ միայն նման կերպ չի վարվել, այլև ջանք չի խնայել կնոջ հիվանդությունը բուժելու համար: Այնուամենայնիվ, անթիվ-անհամար այցերը տարբեր բժիշկների մոտ արդյունք չեն տվել:

Այժմ Դուն փորձում է բնական թուրմերի միջոցով ապաքինել կնոջը: Այդ նպատակով նա գնում է սարեր, հավաքում է բոլոր անհրաժեշտ բույսերն ու դեղամիջոցներ պատրաստում:

Աղբյուր՝ tert.am

Մեկնաբանություններ