Մի կայքի պատմություն. Protestant.am-ը 3 տարեկան է

595
pro

Տնօրենս կանչեց իր աշխատասենյակ ու բազմաբովանդակ հայացքով հարցրեց.

-Ի՞նչ նյութեր ես տարածում ֆեյսբուքում, ի՞նչ հովիվ, ի՞նչ եկեղեցի, ի՞նչ է այս ամենը նշանակում:

Բացատրեցի, որ ես ավետարանական հավատքի քրիստոնյա եմ:

— Դա ո՞րն է, — զարմանքով շարունակեց նա:

— Քրիստոնեութունն ունի երեք խոշոր ճյուղ՝ կաթոլիկներ, ուղղափառներ և բողոքականներ, ավետարականները հենց այդ երրորդ ճյուղի մասն են կազմում, որոնք գրեթե չունեն ծեսեր, միակ հոգևոր հեղինակություն են համարում Սուրբ Գիրքը և գլխավոր վարդապետական հարցերով համաձայն են մյուս երկու ճյուղի հետ, — փորձեցի պարզբանել ես:

Ի զարմանս ինձ, նա, որ բավական կիրթ, հարուստ աշխատանքային փորձով և լայն շփման հորիզոնով մարդ էր, ընհանրապես գաղափար չուներ այս ամենի մասին:

Երբ դուրս էի գալիս իր աշխատասենյակից, մտածեցի. «Փաստորեն մեր երկրում կան մարդիկ, ընդ որում՝ կիրթ և բանիմաց մարդիկ, ովքեր պարզ ու ճիշտ պատեկարացում անգամ չունեն բողոքականների կամ ավետարանական հավատքի քրիստոնյաների մասին»: Որոշեցի՝ պետք է լրացնել այս բացը:

Անմիջապես ստուգեցի, թե protestant.am դոմեյն-անվանումը ազատ է, թե ոչ. պարզվեց՝ ազատ է: Աղոթեցի ու խնդրեցի Տիրոջ առաջնորդությունը, կիսվեցի ընկերոջս հետ, ով անվերապահ տեխնիկական աջակցություն ցուցաբերեց:

Սկսեցի մտածել ապագա կայքի հիմնական բաժինների ու խորագրերի մասին՝ Բողոքականության պատմությունԼուրեր, Բլոգ, Մամուլի տեսություն, Տեսանյութեր, Օրվա խոսքը, Պատմություններ և առակներ, Հումոր, Աստվածաշունչ և գիտություն․․․

Երբ բավական աշխատանք էր տարված, կիսվեցի նաև հովվիս հետ, իմիջիայլոց քանի որ մեր կայքը որևէ եկեղեցական պատկանելություն չունի, չեզոքության համար միայն հենց այս փուլում խոսեցի հովվիս հետ: Իսկ նա ինչպես միշտ, երբ տեսնում է հավատք, հեռանկար ու խանդավառություն, շատ քաջալերեց ինձ:

Սկսեցի թիմ հավաքել ըստ ապագա բաժինների ու խորագրերի: Ես զարմանում էի, թե Տերն ինչպես էր շնորհք տալիս, սրտեր բացում, կապեր ստեղծում: Կայքը տեխնիկապես պատրաստ էր, նախնական թիմը՝ պատրաստակամ, նյութերի պաշարը՝ հավաքագրված: Ընդամենը 4 ամսում այս ողջ աշխատանքը տարվեց, և 2013 թվականի հոկտեմբերի 12-ին մենք ահա այս նյութով գործարկեցինք կայքը։

pro_mockup

Տերը շարունակեց դռներ բացել, մենք քաջալերանքներ ու վկայություներ էինք ստանում: Բազմաթիվ հովիվներից ու միությունների առաջնորդներից էքսկլյուզիվ հարցազրույցներ վերցրինք, եկեղեցիներն իրենց դռներն ու սրտերը բացեցին մեր առջև: Մենք դարձանք սիրված, սպասված, նաև քննադատված: Մենք արդեն կայինք ու կանք…

Առանց որևէ ֆինանսական ներդրման, մեր սեփական միջոցներով մենք սկսեցինք այս գործը ու շարունակում ենք:

Մեր թիմը ընդլայնվեց, տարբեր եկեղեցիներից ու նույնիսկ երկրներից նոր մարդիկ միացան մեզ:

Նախորդ տարի բավական մեծ շուքով նշեցինք protestant.am-ի 2-րդ տարեդարձը, որին ներկա էին ոչ միայն բողոքական, այլև այլ ուղղությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, լրագրողներ: Այդ օրը մենք հասկացանք մեր գործի արձագանքն ու գնահատականը, ավելի հաստատվեցինք ու զորացանք…

Դժվար է, առանց ներդրման, զուտ խանդավառությամբ նման ծավալի կայք աշխատացնելը շատ դժվար է, բայց մենք կանք և Տիրոջ օրհնությամբ ու շնորհքով գնում ենք առաջ:

Ահա մեր ուրախ ու բարի թիմը, իմ թիմը, իմ սիրելիները, ովքեր հավատացին, համաձայնվեցին ու մենք միասին փորձեցինք մի փոքրիկ մոմ վառել խավարն անիծելու փոխարեն ու ստացվեց: Փա՜ռք Տիրոջը:

Protestant Staff
Մեր ուրախ ու բարի թիմը 🙂

Ես շնորհակալ եմ․․․

Շնորհակալ եմ Աստծուն այն մտքի համար, որ մի օր դրեց սրտումս ու սկզբից մինչ օրս հովանավորում է այն:

Շնորհակալ եմ իմ թիմին, այս պարզ, բարի ու խանդավառ մարդկանց համար, ովքեր եկան այս գաղափարի ետևից անշահախնդիր կերպով, ավելին` զոհողությունների գնով՝ աշխատանքի հետ համատեղելով, գիշերները չքնելով, իրենց ժամանակով և ներդրումներով:

Շնորհակալ եմ մեր լսարանին. մեզ քննադատող ու մեզ քաջալերող, մեզ պարտավորեցնող ու մեզ իր սիրով հեղեղող լսարանին:

Մենք կայք ենք քրիստոնեական սիրո մասին, մենք դա զգում ենք փորձառաբար ու փորձում ենք այդպիսին լինել: Մենք բաց ենք բոլորի համար ու այս ողջ ընթացքում մենք նյութեր ու տեսակետներ ենք հրապարակել և՛ Հայ Առաքելական եկեղեցու մասին, և՛ կաթոլիկների, և՛ ուղղափառների, և՛ ավետարանական բոլոր հարանվանությունների մասին:

Մենք բաց ենք, մենք պարզ ենք, մենք բոլորինն ենք, մենք ձերն ենք:

Ո՞րն է մեր նպատակը: Մեր նպատակը կառուցելն է…

Կառուցել կամուրջներ Աստծո և անհատի միջև՝ հոգևոր խրատական նյութերի, վկայությունների, ուսուցողական պատմությունների և այլ բազմաբնույթ օգտակար նյութերի միջոցով:

Կառուցել կամուրջներ բողոքական-ավետարանական տարբեր համայնքների, եկեղեցիների, հարանվանությունների միջև՝  փոխադարձ տեղեկատվության տարածմամբ ու գործունեության լուսաբանմամբ:

Կառուցել կամուրջներ հասարակության և բողաքական-ավետարանական եկեղեցիների միջև՝ տրամադրելով հավաստի և համակողմանի տեղեկատվություն հայ բողոքական համայնքի դավանանքի, ծավալած գործունեության մասին, ինչպես նաև հարցազրույցների միջոցով ավելի ճանաչելի դարձնելով հոգևոր հովիվների տեսակետներն ու դիրքորոշումները՝ մեր հասարակությանը հուզող ամենատարբեր հարցերի վերաբերյալ:

Մենք երեկ մեր թիմով շատ պարզ եւ ուրախ մթնոլորտում նշում էինք մեր 3-րդ տարեդարձը:

protestant-3

Երբ մտածում եմ այս ամենի մասին, շատ պարզ հասկանում եմ, որ ո՛չ ուժով է, ո՛չ զորությամբ, այլ՝ Տիրոջ Հոգով: Երբ նայում եմ այս բարի մարդկանց խմբին, երբ տեսնում եմ այն աշխատանքը, որ կատարվել է, այն ճանապարհը, որն անցել ենք, հասկանում եմ, որ սա Տիրոջ գործն է:

Իսկ ի՞նչ կլիներ, եթե 3 տարի առաջ այն օրը, երբ դուրս էի գալիս տնօրենիս աշխատասենյակից, կայքի նախաձեռնման այդ միտքը վանեի ինձանից, լուրջ չընդունեի ու պարզապես վիժեցնեի…

Ես կլինեի պարզապես անհնազանդ ու վախկոտ մարդ, իսկ Տերն Իր գործը կաներ մեկ այլ՝ ավելի հնազանդ ու համարձակ մարդու միջոցով:

Բայց սա էլ Տիրոջ շնորհքով է…

Լինե՛նք հնազանդ Նրան:

Շնորհավորում եմ բոլորիս:

Գոռ Կարապետյան

Մեկնաբանություններ