AMAA.am-ը գործարկել է նոր վիրտուալ ցուցահանդես՝ 360° ինտերակտիվ համայնապատկերներով

98

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության 100-ամյա հոբելյանի առթիվ, ԱՀԱԸ Հայաստանի մասնաճյուղը եւ Action ստուդիան ներկայացնում են Հայ Ավետարանական արվեստագետների գործերի վիրտուալ ցուցահանդես՝ 360° ինտերակտիվ համայնապատկերներով. հայտնում է amaa.am-ը:

Ծրագիրը թույլ է տալիս «շրջել» ցուցահանդեսի պատկերազարդ սրահում, ուր արվեստի գործերից յուրաքանչյուրի վրա սեղմելով՝ հնարավոր է դիտել այն մեծ չափսերով։ Տեխնիկական հարուստ գործիքակազմի շնորհիվ վեբ-հավելվածն աշխատում է նաև վիրտուալ իրականության համար նախատեսված CardBoard, Gear VR եւ այլ մուլտիմեդիա «ակնոցներով»։

Նորարարական հետաքրքիր լուծումներով հագեցած թվային այս ցուցահանդեսը եռաչափ տարածությունում պատկերում է ՀՀ Նկարիչների միության սրահում 2018թ. սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը ցուցադրված ստեղծագործությունները, որոնց շարքում առկա են ինչպես տարբեր ոճերի կտավներ, այնպես էլ լուսանկարներ ու քանդակներ, ժամանակակից արվեստի նմուշներ։

Նշենք, որ դրանցից շատերը բազմիցս ցուցադրվել են նաեւ արտերկրում։ ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականի փոխանցմամբ, ներկայացված աշխատանքները Հայաստանում էին մեկտեղվել աշխարհի տարբեր երկրներից՝ Ֆրանսիայից, Սիրիայից, Ամերիկայից, Լիբանանից, Եգիպտոսից, Ավստրալիայից եւ այլն: ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի աջակցությամբ Հայաստանի Ազգային պատկերասրահից հատուկ ցուցահանդեսի համար բերվել էին ճանաչված նկարիչ Արմենակ Միսիրյանի (Արմիս) աշխատանքները, ում ցուցահանդեսի գլխավոր համադրող Վրեժ Քասունին անվանեց «հայկական Մոդիլյանի»՝ CrossNews.am-ին տված իր հարցազրույցում:

Հավելենք միայն, որ նախորդ տարի ԱՀԱԸ Հանրային կապերի բաժինը թողարկել էր Հայ Ավետարանական եկեղեցու 170-ամյա ազգանվեր ու բազմոլորտ առաքելության մասին պատմող առաջին վիրտուալ ցուցահանդեսը։ Այն հասանելի է 360.amaa.am հասցեում։

Սուրեն Սահակյան
ԱՀԱԸ Հայաստանի հանրային կապերի պատասխանատու

ԴԻՏԵԼ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Ընթերցե՛ք նաեւ՝
——————————

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՀԱԸ-Ի 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ

ՎԻՐՏՈՒԱԼ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԲԱՂՐԱՄՅԱՆ 18-ՈՒՄ

Մեկնաբանություններ