Անվտանգության օրենքը

1050

Հավատով ապրելն ավելի դժվար է, քան զգացմունքներով ապրելը: Զգացմունքները տալիս են հաճույքներ, նոր զգացողություններ, էքստրեմալ իրավիճակներ, բայց մի օր տեսնում ես, որ դու ոչինչ չունես: Իսկ հավատը խոստում ունի, հավատով են գալիս ձեռքբերումները, հաջողություններն ու հաղթությունը:

Շուրջբոլորդ այսօր վթարներ են, աղետներ, պատերազմներ, ձախողումներ: Դրանց դեմ պայքարելի մի միջոց կա միայն՝ Աստծո Խոսքը: Այն չի փոխում իրավիճակը, այն փոխում է մեր վերաբերմունքն իրավիճակի նկատմամբ: Եթե կարողանանք մեր սիրտը, մեր միտքը, մեր զգացմունքներն անց կացնել Աստծո Խոսքով, ապա կլինենք հաղթող և օրհնված:

21-րդ դարը ինֆորմացիայի դար է: Ինֆորմացիայի առատությունը իր ազդեցությունն է թողնում մարդու վրա: Եվ եթե դիմադրողականություն չունենք, ապա ինֆորմացիայի առատությունը կարող է մեզ գցել ուր ասես: Բայց եթե ունենք հավատ և առաջնորդվում ենք Աստծո Խոսքով, նմանվում ենք այն մարդուն, ով իր տունը կառուցում է ժայռի վրա: Երանելի է այն մարդը, ով իր կյանքը կառուցում է ոչ թե մարդկանց հնարած սկզբունքների հիման վրա, այլ վերադառնում է դեպի սկիզբ: Իսկ սկիզբը Աստծո Խոսքն է:

Երբեմն գայթակղություն է առաջանում ապրել առանց Աստծո Խոսքի: Երբ ամեն բան հաջողվում է, կարող ենք կարծել, թե պարտադիր չէ Աստծո Խոսքը: Թվում է, թե կարելի է հենվել սեփական իմաստության և դատողությունների վրա: Կարծում ենք, թե առանց Աստծո Խոսքի էլ ամեն բան լավ է: Նաև անհաջողությունները կարող են կասկածներ առաջացնել Աստծո Խոսքի նկատմամբ: Բայց բոլոր իրավիճակներում մենք Ճշմարտության կարիքն ունենք, որովհետև գրված է՝

«Եվ ճշմարտությունը կճանաչեք, և ճշմարտությունը կազատի ձեզ»: Հովհ.8:32:

Հարկավոր է առաջնորդվել անվատանգության օրենքով,  համաձայն որի պետք է միշտ հավատարիմ մնալ Աստծո Խոսքին և երբեք չպետք է փորձել անել հակառակը: Աստծո Խոսքը առաջ գնալու և հաղթելու ուժ է տալիս: Նրան հակառակվելը վնասում է մարդուն, նրա անվտանգությանը:

Աստված միշտ խոսում է սկզբում, նախօրոք: Ադամին ու Եվային սկզբում Աստված պատվիրեց չուտել բարին և չարը գիտենալու ծառի պտուղից: Հետո հայտնվեց սատանան ու Եվային ասաց հակառակը: Արդյունքը հայտնի է: Սավուղը փորձեց փոխել Աստծո Խոսքը, առաջ ընկնել Աստծուց, և այդ օրվանից դադարեց թագավոր լինելուց: Եգիպտոսից մինչև Ավետյաց երկիր առավելագույնը քառասուն օրվա ճանապարհ էր: Բայց Աստծո Խոսքին հնազանդ չլինելու պատճառով այդ քառասուն օրը դարձավ քառասուն տարի:

Աստծո Խոսքը բանաձևեր են, այն ուղեցույց է, որը ամենակարճ ճանապարհով տանում է դեպի հաջողություն:

«Անխախտ պահենք մեր հույսի դավանանքը, առանց տատանվելու, Որովհետև հավատարիմ է Խոստացողը»: Եբր.10:23:

Մեր խնդիրն է հավատալ և ամուր պահել մեր դավանանքը: Ու Աստծո բոլոր խոստումները կկատարվեն: Եվ դա ոչ թե մեզանից է կամ խոստումներից, այլ Խոստացողից, որովհետևհավատարիմ է Խոստացողը:

Լցնենք մեր կյանքը Աստծո Խոսքով և կլինենք հաղթող ու Աստծո զավակներ կոչվելու իրավունք կունենանք:

Աղբյուր՝ newgeneration.am

Մեկնաբանություններ