Արդյո՞ք հրեշտակներ գոյություն ունեն

954

Հրեշտակներն իրենց բնությամբ հոգևոր արարածներ են: Նրանք չունեն ֆիզիկական մարմին, սեռ, անտեսանելի են ու չեն մահանում: Նրանք հզոր, գերբնական էակներ են:

Աստվածաշունչը պարզ է խոսում հրեշտակների գոյության մասին: Աստվածաշնչի վաթսունվեց գրքերից՝ երեսունչորսը խոսում է նրանց մասին և շատ պարզ գրված է՝ հրեշտակներ, եզակի կամ հոգնակի թվով: Այս գրքերի ուղիղ կեսը գտնվում է հին կտակարանում, իսկ մյուս կեսը՝ նորում: Ընդհանուր առմամբ հրեշտակ գոյականը հանդիպում է ավելի քան երեք հարյուր անգամ: Բացի այդ, Սուրբ Գրքում հանդիպում ենք այլ հրեշտակային արարածների, որոնք նշված են՝ քերովբե, սերովբե, հրեշտակապետ, իշխան, Աստծու որդիներ, օդի իշխան, իշխանություն, խավար աշխարհի իշխան, տերություններ, գահեր անվանումներով: Նման տերմինների առկայությունը շեշտ է դնում հրեշտակների գոյության վրա: Հնարավոր չէ մերժել նրանց գոյությունը, որովհետև Հիսուսը հաճախ է խոսում նրանց մասին:

Օրինակ՝ նրանց վերաբերմունքը երեխաների նկատմամբ «Զգույշ կացեք, որ այս փոքրերից մեկին չանարգեք, որովհետև ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակները երկնքում միշտ տեսնում են Իմ Հոր երեսը»: Մատթ. 18:10 Կամ մեկ այլ առիթով այսպես է ասում Տերը՝ «Կարծում ե՞ս, թե չեմ կարող հիմա ի Իմ Հորն աղաչել, որ հասցնի Ինձ ավելի քան տասներկու գունդ հրեշտակներ»։ Մատթ. 26:53 Իսկ Հիսուսի երկրորդ գալուստին հրեշտակները պետք է ազդարարեն դա և ուղեկցեն Տիրոջը, երկնքից իջնելիս: «Եվ Նա կուղարկի Իր հրեշտակները մեծաձայն փողով, և նրանք կհավաքեն Նրա ընտրյալներին չորս կողմից՝ երկնքի ծայրերից մինչև մյուս ծայրերը»։ Մատթ. 24:31 «Երբ մարդու Որդին իր փառքով գա, և սուրբ հրեշտակները Նրա հետ, այն ժամանակ կնստի իր փառաց աթոռի վրա»։ Մատթ. 25:31

Հերքելով հրեշտակների գոյությունը, կասկածանքի տակ ենք դնում Աստվածաշնչի հեղինակությունը: Սակայն Սուրբ Գրքի Աստծու խոսք լինելը անհերքելի փաստ է, իսկ դրա ճշմարտացիությունը՝ բազմիցս ապացուցված: Հենվելով վերը նշված հատվածների վրա, կարող ենք համարձակ ասել՝ այո,՛ հրեշտակները գոյություն ունեն և նրանք ծառայող հոգիներ են:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ