Արյան կանչը. մի թուրքի վկայություն

501

Յուկսելը հպարտ էր` իր թուրք լինելով։

Ծնված և մեծացած լինելով Թուրքիայի ամենաազգայնական քաղաքներից մեկում` Տրապիզոնում, նա դաստիարակվել էր թուրքական ոգով։ Սիրում էր պատմական գրքեր կարդալ։ Միշտ պարծենում էր թուրքական կայսրության «փառապանծ» անցյալով։ Լինելով հաջողակ ոսկերիչ և պատմության սիրահար` նա սկսեց հարցուփորձ անել իր գործընկեր ոսկերիչ մի հայից` իր կրոնի և ազգության մասին։ Նա սիրում էր ժամերով վիճաբանել կրոնական թեմաների շուրջ` փորձելով ցույց տալ իսլամի գերակայությունը քրիստոնեության հանդեպ։ Որքան թեժանում էին վեճերը, այնքան նա իրեն ավելի ու ավելի դատարկ էր զգում։ Շատ անգամ էր փորձել իր դատարկությունը լցնել խմիչքով, իսկ երբ նրան չհաջողվեց, անցավ թմրադեղերի։

Յուկսելը

Նրա հայ գործընկերն առաջարկեց աղոթել Քրիստոսին, քանի որ միայն Նա կարող էր ազատել Յուկսելին այդ կործանարար կախվածությունից։ Երկար հապաղելուց հետո Յուկսելը հանձնվեց. չէ՞ որ այլ ընտրություն չուներ, երբ կանգնած էր մահվան և կյանքի ճամփաբաժնում։

Պատասխանը չուշացավ. Քրիստոսի հետ ունեցած կենդանի հանդիպումից հետո նա որոշեց այսուհետ ապրել այն Մեկի համար, Ով իրեն մեկընդմիշտ ազատել էր կապանքներից։ Հանձնվեց Քրիստոսին։ Այդ օրվանից Յուկսելի համար նոր օրեր սկսվեցին։ Քրիստոսը նրան ընդունեց, սական այդ որոշման պատճառով նա մերժվեց ծնողների, բարեկամների և ազգի կողմից։

Լուրն արագ տարածվեց. քրիստոնեություն ընդունելը նույնն էր, ինչ հայ դառնալը։ Սա ստորություն և ուրացում էր յուրաքանչյուր թուրքի համար։ Յուկսելին սկսեցին հալածել ինչպես մի հայի։ Շատ արագ նա սկսեց նույնացնել իրեն այն բազում հայերի հետ, ովքեր հալածվել և նահատակվել էին իրենց հավատքի համար։ Իր մաշկի վրա զգաց հայ լինելու «հաճույքը»։

Լսել էր իր հայ գործընկերոջից հայերի ջարդերի, ցեղասպանության մասին, սակայն երբեք հետաքրքրություն չէր ցուցաբերել։ Քրիստոնյա դառնալուց հետո նա մեկ այլ բան պետք է բացահայտեր. երբ նրա հայրը հալածում ու անպատվում էր նրան, պատահական բերանից թռցրեց. «Տատի՛դ արյունն ավելի՞ թանձր է, հենց նրա՞ն պիտի քաշեիր»։

Հաջորդ իսկ վայրկյանին հայրը հապճեպ փոխեց թեման` փորձելով քողարկել իրենց ընտանեկան խայտառակությունը, գաղտնիքը։ Այդ գիշեր Յուկսելը չքնեց։ Մտածում էր հոր խոսքերի մասին։ Ֆաթիմա տատին շատ էր սիրում։ Նրա գրկում էր մեծացել։ Ահա հիմա է սկսում հասկանալ, թե այդ ի՞նչ վիշտ էր ծվարել տատի կնճիռների և աչքերի մեջ։

Յուկսելը Ծիծեռնակաբերդում

Ընտանեկան արխիվը պեղելուց հետո Յուկսելը ցնցվեց. հոր խոսքերը մղեցին նրան` բացահայտելու մի գաղտնիք, որը խնամքով թաքցրել և գերեզմանել էր Կուրադա ընտանիքը։ Տատը հայ էր, այն հազարավոր հայերից, ովքեր մանուկ հասակում բռնի ուժով կտրվել էին իրենց ծնողներից և կրոնափոխ արվել։

«Ահա թե ինչ նկատի ուներ հայրս, երբ խոսում էր տատիկիս արյան մասին։ Ուրեմն իմ մեջ հայի արյո՞ւն կա, իմ երակներով քրիստոնյայի արյո՞ւն է հոսում»,- բացականչեց նա։

Աստվածաշունչը խոսում է արյան կանչի մասին։ Եբրայեցիներին ուղղված թղթում հեղինակն ասում է, որ Քրիստոսի արյունն ավելի լավ է խոսում, քան Աբելի արյունը։ Եթե Աբելի արյունը վրեժ էր պահանջում, ապա Քրիստոսի արյունը` ներում։ Այն բարեխոսում է։

«Արյան կանչ. ահա՛ թե սա ինչ է»,- ինքն իրեն մտմտաց Յուկսելը։

Արյան կանչը նրան հեռուն պիտի տաներ։ Աշակերտվելով Ստամբուլի հայ ավետարանականների կողմից` նա ընտրեց հովվի ծառայությունը և մեկնեց բիբլիական Եփեսոս` հովվելու թուրքական մի փոքրիկ եկեղեցի։

Երբ անձամբ իրազեկվեց Հայոց ցեղասպանության մասին, թուրք լինելու հպարտությունը վերափոխվեց ամոթի։ Հենց այդ ժամանակ էր, որ ցանկություն առաջացավ մեկնել Հայաստան, նայել հայերի աչքերի մեջ, կատարել իր սիրելի տատիկի փափագը և ներողություն խնդրել։

Յուկսելի հետ մենք հանդիպեցինք Եփեսոսում, երբ ընկերոջս` Անդրեյ Դերկաչի հորդորով որոշեցի Ստամբուլից այցելել նրան և նրա ընտանիքին։ Միանգամից ընկերացանք։ Պետք է խոստովանեմ, որ թուրքի համար քրիստոնյա լինելը մեծ հերոսություն է, իսկ հովիվ լինելն ու Ավետարան քարոզելը` հավասարազոր նահատակության։

Բաժանումից առաջ մեկ բան պայմանավորվեցինք. հաջորդ անգամ հանդիպելու ենք Հայաստանում։

Նա եկավ։ 2009 թվականն էր, երբ դեռ Թուրքիայում ընդունված չէր խոսել Հայոց Մեծ եղեռնի մասին, իսկ խոսողներին դատապարտում էին կալանքի։ Յուկսելը հաստատ էր որոշել։ Հակառակ սպառնալիքներին ու վախերին` նա քայլ կատարեց։ Եղավ այն առաջին թուրքերից, ով հրապարակավ և բացահայտ ներողություն խնդրեց թուրք ազգի անունից։ Ծնկի գալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` նա արցունքներով ներողություն աղերսեց։

DSC_5481

Այդ օրերին Հայաստանում «Դերեկ Պրինսի ծառայությունը» կազմակերպել էր ներման և հաշտության մեծ համաժողով, որին մասնակցում էին շուրջ 400 հովիվներ, եկեղեցու սպասավորներ, հյուրեր։ Երկու օր տևած համաժողովի ընթացքում Յուկսելը ներկաների առաջ մի կարևոր բան կատարեց. նա բեմի վրա լվաց հայ հովվի ոտքերը` ի նշան ապաշխարության և զղջման։

Մեր բաժանումը շատ հուզիչ էր։ Հոգիս ցնծում էր, սակայն միաժամանակ սիրտս անհանգիստ էր։ Չէ՞ որ այդ օրվանից Յուկսելն իր վրա պիտի կրեր «ազգի դավաճան», «ուրացող», «հայ» և այլ պիտակներ։

Նրան ծափահարություններով չդիմավորեցին Թուրքիայում և ոչ էլ աղ ու հացով։ Փոխարենը նա պետք է բացատրություն տար թուրքական ոստիկանությանը, թե ի՞նչ էր անում Հայաստանում։ Սկսվեցին հալածանքները։ Օրեր անց լուր ստացա, որ կոտրել էին Յուկսելի մեքենան և գրություն թողել։ Նամակում նրան սպառնացել էին. «Դու խոզ հայ ես։ Մենք քեզ կսպանենք»։ Ոստիկանությունը հրաժարվեց պաշտպանել նրան` հեգնելով. «Քեզ ո՞վ էր ասում Հայաստան գնայիր, մի հատ էլ ներողություն խնդրեիր։ Դե գնա՛, ինքնուրույն գլուխդ պահիր։ Մենք քո տերը չենք»։

Սպառնալիքները սաստկացան։ Մարդիկ խոստանում էին նրա ընտանիքի կյանքը դժոխքի վերածել։ Մեկ անգամ, երբ կատաղած ազգայնականները փորձել էին հարձակվել նրա ընտանիքի վրա, նա այլ ընտրություն չուներ, քան թողնել ամեն բան`տուն, սեփականություն, խնայողություններ և փախչել Միացյալ Նահանգներ։

DSC_5515

Յուկսելը խոստովանում է. «Ես ամեն բան կորցրեցի։ Սակայն այն, ինչ ձեռք բերեցի, անհամեմատ ավելի մեծ էր, քան իմ կորուստը։ Ես ձեռք բերեցի ներում»։

Այսօր Յուկսելը գործուն ավետարանիչ է. Ավետարան է քարոզում ԱՄՆ-ի ներգաղթյալ մուսուլմաններին և երազում Հայաստան գալու մասին։ Մի անգամ նա շատ հուզված տոնով ասաց. «Գիտե՞ս, Վազգե՛ն, մի բան եմ երազում. ցանկանում եմ շրջել աշխարհում գտվող բոլոր հայկական եկեղեցիներում և ներում հայցել աշխարհի հայերից կատարվածի համար»։ Նա իր երազանքի կատարման ճանապարհին է։

Ի պատասխան իր հոր մեղադրանքներին, նա այսօր ասում է. «Այո՛, տատիս արյունը թանձր էր, սակայն Քրիստոսի արյունն ավելի զորավոր գտնվեց. այն ներում և հաշտություն բերեց»։

Վազգեն Զոհրաբյան

«Դերեկ Պրինսի ծառայության» տնօրեն

Աղբյուրը՝ derekprincearmenia.com

Մեկնաբանություններ