Կլինե՞ս իմ աշակերտը

307

Հիսուսը երկրի վրա իր գործունեության ամենասկզբից ընտրեց իր համար տասներկու աշակերտ՝

Մարդիկ, ովքեր պիտի միշտ Նրա կողքին լինեին, ականատեսը լինեին Նրա գործերի, Նրանից առնեին ու Նրանից սովորեին:

Սիրելի՛ քրիստոնյա, այսօր ես և դու կանչված ենք՝ լինելու Քրիստոսի աշակերտը, մարդ, ով միշտ Նրա հետ կլինի, ով ականատեսը կլինի Նրա հրաշքների, ում միջոցով Նա կգործի:

Ի՞նչ է պետք Քրիստոսի աշակերտը լինելու համար.

1. Թո՛ղ ամեն բան. «Եվ նավերը հանեցին ցամաքը, ամեն բաները թողեցին, և նրա ետևից գնացին» (Ղուկ. 5:11)

Աշակերտները թողեցին իրենց նավակները, այսօր Հիսուսի կոչն է, որ մենք թողնենք ամեն բան, որ անհաճելի է Աստծուն: Ուզում ես հաճեցնել Նրան, ուզում ես լինել Ճշմարիտ աշակերտ, հանիր սրտիդ միջից ամեն բան, որ հաճելի չէ քո Ուսուցչին, հեռացրու շուրթերիցդ բառերը, որոնք հաճելի չեն Նրան, Թող ամեն բան, ինչ կխանգարի և կշեղի քո հայացքը Նրանից: Ձկնորսությունը վատ չէր, սակայն եթե աշակերտները շարունակեին ձկնորսությամբ զբաղվել, նրանք չէին կարող կատարյալ նվիրվել Հիսուսին:

2. Քայլի՛ր Հիսուսի հետ, ժամանա՛կ անցկացրու Նրա հետ: «Եթե կենաք ինձանում՝ և իմ խոսքերը ձեզանում կենան, ինչ որ էլ կամենաք, կխնդրեք, և կլինի ձեզ» (Հովհ. 15:7): 

Աշակերտներն անընդհատ Հիսուսի հետ էին, և նրանք օր օրի ավելի էին ճանաչում Նրան, ամեն մի հրաշքից հետո մի նոր բան էին բացահայտում իրենց համար: Ուզո՞ւմ ես օր օրի ճանաչել ու ավելի մոտենալ Նրան, պարզապես սկսիր ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնել Նրա հետ: Հիսուսն ուզում է ԱՄԵՆՕՐՅԱ աշակերտներ, ուստի ուշադրություն դարձրու, որ ԱՄԵՆ ՕՐ լինես Նրա աշակերտը:

Քո ծածուկ սենյակում անցկացրած ժամերն են լինելու երաշխիքն այն բանի, որ դու ճշմարտացիորեն կկարողանաս ներկայացնել Նրան և միայն Նրա հետ առանձին հանդիպում ունենալուց հետո կարող ես խոսել ու գործել Նրա անունից:

Մենք հաճախ ենք ասում, որ պատրաստ ենք մեռնելու Հիսուսի համար, բայց վստահ եմ, որ մինչ դա Աստված ուզում է, որ մենք ԱՊՐԵՆՔ իր համար, ապրենք՝ նվիրված ու զոհաբերված կյանքով:

3. Շարունակի՛ր Նրա գործը:

Հիսուսը երկրի վրա ապրում էր ԵՐԿՆՔԻ համար: Նա քարոզում էր ու տարածում Արքայության Ավետարանը, բժշկում մարդկանց, մխիթարում ու հույս տալիս… Իր իսկ գործունեության համար Հիսուսն ասում էր՝  «Ինձ պետք է նրա գործերը գործել, որ ինձ ուղարկեց, քանի որ օր կա. գիշերը գալիս է, որ այն ժամանակ ոչ ով կարող չէ գործել» (Հովհ. 9:4):

Նրանից հետո իր գործը շարունակեցին աշակերտները՝  «Հիսուսը դարձյալ ասաց նրանց. Խաղաղություն ձեզ, ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում» (Հովհ. 20:21): Այսօր Տիրոջ գործը շարունակելու համար դարձյալ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ կարիք կա: Կլինե՞ս այդ աշակերտը…

Կլինե՞ս իմ աշակերտը. Արմեն ՆիազյանԳնա և մարդկանց պատմիր Քրիստոսի մասին, գնա և մարդկանց փոխանցիր Ավետարանի Բարի Լուրը, գնա և ասա մարդկանց, որ հույս կա, գնա՛ և թող քո միջոցով Ավետարանը կենդանություն բերի, փրկություն ու լույս բերի:

Ի՞նչ ես պատրաստվում այսօր անել Հիսուսի համար: Նա ձեռքը քեզ պարզած սպասում է քո պատասխանին՝ «Կլինե՞ս այսօր իմ աշակերտը»… Քո պատասխանից շատ բան է կախված…

Արմեն Նիազյան

vernatunchurch.am

Մեկնաբանություններ