Աստծո ձայնը լսելու 4 եղանակ

2055

Երբ ես 20 տարեկան էի, աղոթում էի, որպեսզի ճիշտ որոշում կայացնեմ՝ որտե՞ղ շարունակել ուսումս:

Եվ ահա մեկ օր՝ առավոտյան աղոթելիս, Աստվածաշնչից մի խոսք նեոնային լույսի պես գրավեց իմ ուշադրությունը. «Իմաստուն կանեմ քեզ, եւ կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նրանում պիտի գնաս. Կխրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վրա կլինի» (Սաղմոս 32.8)։

Այս համարում Սուրբ Հոգին «ընդգծեց» ինձ համար այն միտքը, որ Ինքն Աստված կսովորեցնի ինձ: Դա բնավ չի նսեմացնում բարձրագույն կրթության կարևորությունն առհասարակ, ուղղակի այդ ժամանակ անհատապես ինձ համար դա Աստծո ծրագիրը չէր: Եվ Տերը գործածեց Սուրբ Գիրքը՝ հստակորեն ինձ առաջնորդելու, թե ինչ ուղի պետք է ընտրեմ:

Աստվածաշունչը խոստանում է, որ Աստված մեզ կառաջնորդի: Բայց շատ քրիստոնյաներ դժվարանում են լսել Նրա ձայնը: Երբեմն ամեն ինչ մենք միայն ծայրահեղության ենք հասցնում, երբ փորձում ենք Աստծուց առաջնորդվելը միստիկ կամ պարզապես տարօրինակ կերպերով ընկալել, իբրև թե դուք պետք է ձայն լսեք երկնքից այն մասին, թե ինչ վերնաշապիկ հագնել այսօր:

Տարիներ առաջ ես Հենրի Բլեքաբիից իմացա, որ գոյություն ունի աստվածային առաջնորդություն ստանալու 4 եղանակ:

1. Դուք կարող եք լսել Աստծո ձայնը՝ կարդալով Աստվածաշունչը:

Երբեմն ընկերներս բողոքում են. «Ես պարզապես երբեք չեմ լսել, թե ինչպես է խոսում Աստված»: Իհարկե, երբ ես հարցնում եմ, թե որքան հաճախ են Սուրբ Գիրքն ընթերցում, նրանք պատասխանում են, որ չափազանց զբաղված են դրա համար:

Աստված 1600 տարվա ընթացքում գերբնականորեն ներշնչեց 40 հեղինակների՝ մեզ ուղղված Իր սիրո նամակն ամբողջացնելու համար: Այն բանից հետո, երբ եբրայերեն և հունարեն լեզուներով գրվեց Աստվածաշունչը, շատ մարդիկ չարչարվելով նահատակվեցին՝ մեղադրվելով Սուրբ Գիրքը ժամանակակից լեզուներով թարգմանելու մեջ:

Աստվածաշունչը մեծ զոհողությունների գնով գրվեց, բայց ցավոք այսօր Սուրբ Գրքի վրա փոշի է հավաքվում շատ մարդկանց տներում, ովքեր չափազանց զբաղված են կարդալու համար Աստծո անմիջական հաղորդագրությունը՝ ուղղված Երկիր մոլորակի բնակիչներին:
Երբ Դուք, սրտանց աղոթելով, կարդում եք Աստվածաշունչը, Աստված կարող է «ստիպել» որոշ սուրբգրային համարների տառացիորեն «ցատկոտել» էջի վրա, որպեսզի դրանք ուղիղ խոսեն հենց Ձեզ հետ: Բրիտանացի ականավոր քարոզիչ Չարլզ Սպերջենը խոսել է այս մասին բազում տարիներ առաջ, երբ գրում էր. «Փորձություններով անցնելիս ես կարդում էի Աստվածաշունչն այնքան, մինչև գրվածքը կարծես բարձրանում էր Գրքից և ողջունում ինձ, թվում էր այն ասում է՝ ես գրվել եմ հատուկ քե՛զ համար»: Ակնկալե՛ք, որ Տերը կխոսի ուղիղ Ձեզ հետ՝ Աստվածաշնչի միջոցով:

2. Դուք կարող եք լսել Աստծո ձայնը՝ Սուրբ Հոգու գերբնական ներշնչանքի միջոցով:

Սուրբ Հոգին պարզապես մի գերբնական ներկայություն չէ, որը ճախրում է ձեր շուրջը: Իրականում Նա բնակվում է յուրաքանչյուր վերստին ծնված քրիստոնյայի ներսում, Նա մխիթարում է մեզ և խոսում է մեզ հետ տարբեր եղանակներով՝ երազի, տեսիլքի, նախազգուշացման միջոցով, հանդիմանության զգացողության, կամ, ինչը շատ հաճախ է լինում, Սուրբ Հոգու «մեղմ քամու» միջոցով (Գ Թագավորաց 19.12):

Ես տեսել եմ մարգարեական երազներ ու տեսիլքներ երկար տարիներ, բայց ամենից հաճախ Սուրբ Հոգին խոսում է ինձ հետ ներքին ճանաչողության խոր զգացողությամբ: Ես երբեք չեմ մոռանա 1985 թվականը, երբ Աստված խոսեց ինձ հետ Ֆլորիդայի ճանապարհին՝ մեքենայիս ղեկին: Ես խոսք ստացա, բայց դա ձայն չէր, այլ հոգուս մեջ էր. «Դու կտեղափոխվես Վաշինգտոն»: Թվում էր, թե դա անիրական է և առհասարակ ինձ չի վերաբերում: Սակայն չորս տարի անց ես հրավեր ստացա Վաշինգտոնից, որտեղ աշխատեցի երեք տարի:

Սուրբ Հոգու ձայնը լսելու ունակությունը զարգանում է տարիների ընթացքում՝ Քրիստոսի մեջ ունեցած մեր աճի չափով: Եթե Դուք իսկապես ցանկանում եք լսել Նրան, ապա Ձեզ պետք է լցվել Նրա Հոգով: Երբ Դուք Սուրբ Հոգուն ավելի ու ավելի տեղ տաք Ձեր կյանքում, Աստծո ներկայությունն ու զորությունը մի կողմ կմղի Ձեր սխալ շարժառիթներն ու մեղսալից սովորությունները, և Տերը կհաղորդակցվի Ձեզ հետ առանց արգելքների:

3. Դուք կարող եք լսել Աստծո ձայնը՝ մարդկանց միջոցով:

Աստված երբեք չի նախասահմանել մեր կյանքը միայնության մեջ: Մենք Նրա Մարմնի՝ Եկեղեցու անդամներն ենք, և Դուք ավելի լավ կլսեք Աստծո ձայնը, երբ Աստծո Ժողովրդի հետ շփման մեջ լինեք: Աստված կարող է խոսել Ձեզ հետ հովվի քարոզի, Ձեր ընկերոջ իմաստուն խորհրդի, մայրական խրատի, վերադասի հեռախոսազանգի կամ մարգարեական խոսքի միջոցով, որը կտրվի Ձեզ Աստծո Հոգով լցված ծառայողներից մեկի միջոցով:

Աստված օգտագործում է մարգարեության պարգևը, բայց դուք երբեք չպետք է վազեք մարգարեությունների հետևից: Ես գիտեմ քրիստոնյաների, ովքեր մարգարեական համաժողովների մասնակցելու համար պատրաստ են շատ երկար ճանապարհ կտրել-անցնել, որպեսզի Աստծուց պատգամ ստանան, և դա այն դեպքում, երբ նրանք ամիսներ չեն կարդում Սուրբ Գիրքը, հաճախ էլ անհամբեր են գտնվում Աստծուց պատասխան ստանալու համար: Մարգարեության սուրբ պարգևին երբեք մի՛ վերաբերվեք որպես գուշակության: Երբ Աստված ցանկանում է Ձեզ խոսք հղել որևէ անսովոր կերպով, Նա գործածում է Իր հավատարիմ ծառաներին, ովքեր կհաղորդեն Ձեզ Նրա պատգամը ճիշտ ժամանակին:

4. Դուք կարող եք լսել Աստծո ձայնը հանգամանքների միջոցով:

Ձեզ հետ կատարվող ամեն ինչ չէ, որ Աստծո կամքն է: Բայց Աստված գերիշխան է, Նա տիրում է բնության վրա, պետական այրերի, ինչպես նաև Ձեր կյանքի ամեն ոլորտների վրա: Նա դռներ է բացում, որոնք ոչ ոք ի զորու չէ փակել: Եթե Դուք աղոթել եք մի ընկերությունում աշխատանքի ընդունվելու համար, և հանկարծ հրավեր եք ստանում մեկ այլ կազմակերպությունից, դա կարող է նշան լինել Աստծուց, որ Նա ձեզ համար ավելի լավ տեղ է նախապատրաստել:

Իմ ավագ դուստրը ցանկանում էր ընդունվել Թեննեսսիի համալսարան, և մենք աղոթում էինք նրա այդ որոշման շուրջ: Աղոթքից անմիջապես հետո ինձ զանգահարեց Ջորջիա նահանգի համալսարանի ռեկտորը: Նա ինձ հրավիրեց ուսումնական մի միջոցառման ընթացքում հանդես գալ ողջույնի խոսքով, իսկ հետո իմացա, որ այդ բուհում ցանկանում են պատկառելի կրթաթոշակով ուսում առաջարկել իմ դստերը: Արդյունքում նա ընդունվեց հենց Ջորջիայի համալսարան, ուսման մեջ նշանակալի հաջողություններ ունեցավ, իսկ այդ չորս տարիների ընթացքում հանդիպեց այնտեղ իր ապագա ամուսնուն: Ջորջիայից ստացած իմ հեռախոսազանգն, անկասկած, Աստծո նախաձեռնությունն էր:

Քանի որ նոր տարին արդեն սկսվել է, խնդրե՛ք Աստծուց նորոգել Ձեզ Իր ձայնը լսելու համար: Աստծուց պատգամ ստանալն այնքան էլ բարդ չէ, երբ Դուք անկեղծորեն փափագում եք, որ Նա խոսի Ձեզ հետ:

Հեղինակ՝ Ջեյ Լի Գրեյդի / charismamag.com

Թարգմանիչ՝ Սուրեն Սահակյան

Մեկնաբանություններ