Աստված քեզ պահապան, իմ ազատ, անկախ Հայաստան

951

Սեպտեմբերի 20-ի անփառունակ գիշերին պիտի հաջորդեր 21-ի փառավոր արշալույսը։ Հուզված էր ողջ սփյուռքն ու հայրենիքը. ծնվում էր անկախ մանուկ Հայաստանը։

Հայոց դարավոր խավար գիշերը տեղը զիջում էր արևաշող լուսաբացին։ Անքուն էր ողջ ազգը` հոգնած յոթ տասնյակ շնչահեղձ սպասումից և դաժան պատմությունից։ Անհնարինը դառնում էր հրաշափառ կարելի` արյունագույն անցյալը փոխարինելով եռագույն ապագայով։

Մայր Հայաստանի դարավոր ծննդկան ցավերից հետո նորածին մանկան անկախության ճիչը պիտի լսեր ողջ աշխարհը, և հայոց սիրտը բաբախեր ուրախության ամպրոպային հրավառությամբ։ Անկախ Հայաստանն էր ծնվում՝ ամեն մի հայի սրտի բաղձանքը, հայրերի երազանքը, մայրերի օրորն ու աղոթքը, հայ մանուկների գիրքն ու երգը։ Սրտի խենթ թրթիռով բոլորս էինք սպասում այդ պատմական անկրկնելի պահին`սփյուռքը հեռավոր կարոտով, իսկ հայրենիքը` սրտատրոփ ու սիրով։ Ժամանակից արագ էինք վազում` պատմության անիվը գլորելով դեպի նոր ապագա, օրհներգելով` շտապի՛ր, անկախություն։ Խանդավառ, հուզված, արցունքն աչքներիս, օրհներգը մեր շուրթերին, եռագույնը ձեռքներիս, պատմության հետ միաձայն գոչեցինք` կեցցե ազատ, անկախ ՀԱՅԱՍՏԱՆԸ։

ՍԵՊՏԵՄԲԵՐ 21 ին ծնվեց ազատ Հայաստանը։ Ծնունդդ շնորհավոր, եռագույնդ թող ծածանվի հավերժ, քաջազուն զավակներդ լինեն հաղթական:

Աստված քեզ պահապան, իմ ազատ, անկախ Հայաստան:

Րաֆֆի Շահվերդյան

Մեկնաբանություններ