Այրի կնոջ երկու լուման

883

«Եւ մտիկ տուաւ, տեսաւ հարուստներին, որ իրանց տուրքը գանձանակն էին գցում։ Մի որբեւայրի աղքատ կին էլ տեսաւ, որ երկու լումայ գցեց այնտեղ։ Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ այս աղքատ որբեւայրին ամենիցն աւելի գցեց։ Որովհետեւ նորանք ամենքն իրանց աւելացածներիցը գցեցին Աստուծոյ ընծաների մէջ, իսկ սա իր կարօտութիւնիցն իր բոլոր ապրուստն՝ որ ունէր՝ գցեց» (Ղուկաս 21.1-4)։

Աստված նվերների կարիք չունի: Աստված նյութականի կարիք չունի: Աստված ֆինանսի կարիք չունի, եթե այդ ամենի մեջ բացակայում է սիրտը: Այս հատվածի կենտրոնը, առանցքը ոչ թե գումարն է, այլ սիրտը:

«…Մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տէրը սրտին է նայում» (Ա Թագավորաց 16.7)։

Ի՞նչ դասեր կարող ենք վերցնել այս պատմությունից:

  1. Հիսուսը, որպես օրինակ, ցույց է տալիս այրի կնոջն ու նրա արածը:

Հիսուսը սիրում էր ոչ միայն առակներով խոսել, այլ հստակ օրինակներով, և այդպես ավելի հեշտ կփոխանցեր իր ասելիքը:

Կինն աղքատ էր, ամուսին չուներ, սուրբ Գիրքը նրան անվանում է չքավոր, աղքատ, կարոտություն քաշող, բայց նա դառնում է Քրիստոսի և աշակերտների ուշադրության կենտրոնը:

Եբրայերեն՝ «Ալմանա» բառով բնութագրվող այրին ոչ թե ուղղակի կին է, ում ամուսինը մահացած է, այլ ամուսնու կորստի հետ միասին աղքատացած ու ապրելու կարողությունից զրկված կինն է, ինչպիսին այս կինն էր:

Այս կինն ավելի շատ բողոքելու առիթ կունենար, քան շատ-շատերս, բայց ուզում եմ ուշադրություն դարձնենք նրա սրտին: Նա այդ վիճակում էլ գտնվում է տաճարում, նա հետևում է Աստծո Խոսքին, նա փորձում է իր եղածի, իր ունեցած չնչինի մեջ էլ հաճեցնել Աստծուն:

2. Այրի կնոջ արարքը՝ լիարժեք վստահություն Աստծո Խոսքին:

Թե Հին, թե նոր Կտակարաններում բազում են համարները, որ պատվիրում է Աստված ուշադրություն դարձնել որբևայրիներին: Հրեական սովորության մեջ կինն ամուսնու ունեցվածքը չէր ժառանգում, ու երբ նա մենակ էր մնում, շարունակում էր ապրել մարդկանց ողորմություններով ու օգնությամբ:

«… քո դռներումն եղող օտարականը, որբը եւ որբեւայրին գան եւ ուտեն կշտանան» (Բ Օրինած 14.29):

«Սուրբ եւ անարատ կրօնասիրութիւնն Աստուծոյ եւ Հօր առաջին սա է, որբերին եւ այրիներին այցելել նորանց նեղութան մէջ, եւ իր անձն աշխարհքից անարատ պահել» (Հակոբոս 1.27)։

Սարկավագներն ընտրվեցին առաջին հերթին հենց որբևայրիներին ծառայություն անելու համար:

«Եւ այն օրերումն՝ երբոր աշակերտները շատացան, Հելլենախօսների կողմանէ տրտունջ եղաւ Եբրայեցիների դէմ թէ նորանց որբեւայրիները ամեն օրուայ մատակարարութիւնների մէջ անտես էին լինում» (Գործք Առաքելոց 6.1)։

Ինչ իրավիճակում էլ լինես, վստահիր Աստծուն: Նրա հայացքը քեզ է ուղղված: նա գիտի, թե այսօր դու ինչերի միջով ես անցնում: Նա տեղյակ է քո դժվարություններին, քո նեղություններին, քո տկարություններին, քո մեղքերին: Նա ամեն բանից տեղյակ է: Նա ուզում է, որպեսզի ես ու դու վստահենք իրեն:

Հարուստները ոչինչ չէին զոհաբերել: Զոհաբերել էր այս կինը: Դու երբեք չես գովվի Աստծո կողմից, եթե բավարարվում ես միայն նրան տալով քո ավելցուկը: Ես միայն դրամի մասին չեմ խոսում: Ես խոսում եմ կյանքի մասին, ժամանակի մասին, ծառայության մասին:

Այսօր մարդկանց մեծամասնությունը չի գալիս եկեղեցի՝ պատճառաբանելով, թե ժամանակ չունի: Դրանք մարդիկ են, ովքեր ուզում են տալ Տիրոջը իրենց ավելցուկը: Ազատ ժամանակ ունենամ, կգամ: Կարո՞ղ ես այս կերպով հաճեցնել Աստծուն: Ո՛չ: Այսօր շատերը չեն ծառայում Աստծուն, որովհետև զբաղված են աշխատանքով, ինչո՞ւ չես ծառայում – ժամանակ չունեմ: Իսկ փորձե՞լ ես երբևէ ինչ-որ բան զոհաբերել ու գտնել ժամանակ: Վերցնել մի փոքր ծառայություն ու անել:

Դու կարող ես գալ եկեղեցի քո ազատ ժամերին, քո ազատ օրերին, ըստ քո ցանկության: Դու կարող ես երբեք ոչինչ էլ չզոհաբերել, երբեք քեզ չծանրաբեռնել ծառայություններով, բայց ուզում եմ իմանաս մի ճշմարտություն.

3. Հիսուս Քրիստոսն իր ամբողջ ծրագիրը կապում է ՄԻԱՅՆ զոհաբերող մարդկանց հետ:

«Եւ նա ժողովուրդն իր աշակերտների հետ իրան մօտ կանչեց՝ եւ նորանց ասեց. Ով որ ուզում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչը վեր առնէ, եւ իմ ետեւից գայ» (Մարկոս 8.34)։

Մենք՝ Քրիստոսի հետևորդներս, կամ կլինենք մեր անձերը ուրացած աշակերտ, կամ արտաքին ձևը պահպանող կրոնավոր փարիսեցի:

Ոչ թե ես ու դու պիտի գնահատենք մեր կյանքը, այլ ՆԱ՛: Ոչ թե ես ու դու պիտի որակավորենք մեր ծառայությունը, այլ ՆԱ՛: Ոչ թե ես ու դու պիտի գնահատենք մեր արած զոհաբերությունը, այլ ՆԱ՛: Իմ ու քո գործը ՆՐԱ մեջ ապրելն է: Երբ որ ես ու դու զոհաբերված կյանք ենք ունենում, մեզ էլ չի հետաքրքրում ով ինչպես արձագանքեց ինձ, արժանին մատուցեց, թե ոչ, ինձ բավարար կերպով պատվեց, թե ոչ: Իմ ողջ ուշադրության կենտրոնում պետք է լինի ոչ թե ես-ը, այլ՝ Նա:

Մարդկանց հետաքրքրում է ինչքան-ը, Աստծուն՝ ինչպես-ը: Երկնքի արքայության հաշվապահությունը այլ է: Այո՛, Աստված խոստումներ ունի, այո՛, Աստված օրհնություններ ունի, բայց Աստծո հետ երբեք առևտուր մի՛ արա: Երբեք մի՛ տուր նրա համար, որ ստանաս տասնապատիկը: Աստված կտա թե չի տա, դա Իր գործն է, բայց այստեղ կարևոր է շարժառիթը, որովհետև եթե դու տալիս ես նրա համար, որ Աստված քեզ բազմապատիկը տա, դու ոչ թե զոհաբերում ես, ոչ թե ողորմություն ես անում, այլ բանկային գործարք ես կնքում:

Ուզում եմ մի պահ մտածես՝ ո՞րն է քո ունեցած երկու լուման, որ հաճախ պահում ես քեզ ու չես տալիս Աստծուն: Երբ Աստված նայում է քո կյանքին, ինչ է տեսնում իրեն ուղղված՝ ավելցո՞ւկը, թե՞ ամբողջը: Զոհաբերությունն է որոշում իմ ու քո հոգևոր աստիճանը: Հավատացյալը կամ զոհաբերում է, կամ արդարացումներ փնտրում:

Արմեն Նիազյան

Մեկնաբանություններ