Ազատության գինը

795

Լուսաբաց էր: Սովորական մի լուսաբաց, բայց ոչ այս բանտարկյալի համար: Ժամերն անցնում էին ծանր ու տաղտկալի…

Արդեն կեսօր է: Դրսում արևը շողում է իր ողջ ուժով ու ջերմությամբ, բայց նրա շողերն անզոր են թափանցելու այս մութ ու խոնավ խուցը: Խավար է նաև բանտարկյալի սրտում: Շուտով կլսվեն պահապան զինվորի ոտնաձայները և նրան կառաջնորդեն դեպի մահ:

Մահ… Ի՜նչ ահարկու է այս բառը: Այն վախ է ներշնչում: Նրա առաջ խոնարհվում են այս աշխարհի հզորները: Մի փոքր բառ, որի ետևում թաքնված է անհայտ հավիտենությունը… Լռության մեջ մերթընդմերթ լսվում է շղթաների ձայնը, որը կարծես մահազանգ լինի:

Սպասման ծանր րոպեների ընթացքում նրա աչքի առաջ գալիս է ողջ կյանքը:
Ահա մանուկ է և անհոգ վազվզում է ընկերների հետ: Պատանեկության տարիներ… Նա հիշում է ժողովարանը, որտեղ Աստծո օրենքն էր լսում և մտաբերում իմաստուն խրատը. «Որդյա՛կս, խռովարարների հետ մի ընկերացիր»:

Ահա արդեն երիտասարդ է: Եվ ի՞նչը դրդեց նրան միանալ խռովարարների խմբին և մարդ սպանել… Ականջներում դեռ հնչում է անօգնական ընկածի ձայնը, որն աղերսում էր խնայել: Բայց…

Նորից ու նորից նրա աչքի առաջ է գալիս սարսափելի տեսարանը` շողում է դաշույնը և անգթորեն մխրճվում ընկածի կուրծքը… Արդյոք նա երբևիցե կազատվի՞ խղճի խայթից… Նրա մտքերը փոխվում են խոսքերի. «Սա՞ էր կյանքը…, այսքան կարճ, այսքան անիմաստ…Օ՜, Տեր Աստված, եթե ինձ մեկ անգամ էլ հնարավորություն տրվեր ապրելու… Մի՞թե նորից այսպես կապրեի… Բայց արդեն ուշ է… Ես արդեն վաստակել եմ մահը…»:
Եվ նորից սպասման ծանր րոպեներ…

Լսվում են մոտեցող ոտնաձայներ և նրա սիրտը սկսում է ավելի արագ բաբախել: Ճռռալով բացվում է երկաթե ծանր դուռը և երևում պահապանի մշուշոտ կերպարանքը.
«Դուրս եկ… Դու ազատ ես… Ահա Պիղատոսի հրամանը: Քո փոխարեն նա որոշեց Հիսուս անունով արդարին խաչել: Հիմա դու կյանք ունես, բայց քո ամբողջ կյանքով պարտական ես այդ Հիսուսին: Գնա և տես քո Փրկչին, եթե կուզես: Խաչելությունը կլինի քիչ հետո` Գողգոթա վայրում»:

Նա դուրս վազեց և ուղղվեց դեպի Գողգոթա: Ուզում էր րոպե առաջ տեսնել իր Փրկչին: Ինչո՞վ կարող էր փոխհատուցել Նրան: Միայն կյանքով…
Մի՞թե Նրան արդեն խաչել են: Մոտեցավ ոտքերը հազիվհազ քարշ տալով: Տեսավ երեք խաչ: Ինչ-որ բան նրան ուղղեց դեպի մեջտեղի Խաչյալը: Դողացող ոտքերով մոտեցավ Նրան… Խաչյալը նայեց ուղիղ նրա աչքերի մեջ. Նրա աչքերում այնքան սեր և գթություն կար, որ միանգամից անհետացավ ծանր բեռը.

— Բարաբբա՛, Ես եկել եմ գերիներին ազատություն և կապյալներին արձակում տալու,- ասում էին Նրա աչքերը: Հիմա դու ազատ ես:

Բարաբբան ընկավ ծնկների վրա և գոչեց.
— Տե՛ր, ես ազատ եմ, բայց հավիտյան Քո ծառան եմ: Իմ կյանքը Քեզ է պատկանում:

«Նա բոլորի համար մեռավ, որ կենդանի լինողները այլևս ոչ թե իրենց անձերի համար կենդանի լինեն, այլ Նրա, որ իրենց համար մեռավ և հարություն առավ»: (Բ Կոր.5:15)

Արամ Մուշեղյան

Մեկնաբանություններ