Ճանաչել Նրա ձայնը

318

«Ահա ես դռան առաջին կանգնած եմ եւ թակում եմ. եթէ մէկը լսէ իմ ձայնը եւ դուռը բանայ, կ’մտնեմ նորա մօտ եւ ընթրիք կ’անեմ նորա հետ, եւ նա ինձ հետ»։ — Հայտնություն 3:20

«Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նորանց, եւ իմ ետեւից գալիս են»։ — Հովհաննես 10:27

Այլ կերպ ասած՝ եթե դուք պատկանում եք Քրիստոսին, ձեզ համար դժվար չէ զանազանել Նրա ձայնը։ Շատերն են հարցնում՝ արդյոք հնարավո՞ր է լսել Աստծո ձայնը այս աշխարհում, որտեղ բազում ձայներ կան։

Հովհաննես 10.2-5-ում Հիսուսը պարզորեն պատասխանում է այս հարցին. «Բայց դռնով մտնողը ոչխարների հովիվն է։ Դռնապանը նրա համար բաց է անում, եւ ոչխարները նրա ձայնը լսում են, եւ նա Իր ոչխարներին իրենց անունով կանչում է, եւ նրանց դուրս է հանում։ Եվ երբ որ իր ոչխարները դուրս է հանում, նրանց առջեւից գնում է, եւ ոչխարները գնում են նրա ետեւից, որովհետեւ նրա ձայնը ճանաչում են։ Բայց օտարի ետեւից չեն գնում, այլ նրանից փախչում են, որովհետեւ օտարների ձայնը չեն ճանաչում»։

Եթե քրիստոնյա եք եւ դժվարությամբ եք ճանաչում Աստծո ձայնը, դուք պետք է շարունակ լսեք Նրա Խոսքը եւ ընդունեք այն ձեր հոգում. դա զգայուն կդարձնի ձեզ Նրա ձայնի հանդեպ։ Դուք անհագ ախորժակ ձեռք կբերեք Խոսքի հանդեպ։

Կողոսացիներին ուղղված թղթի 3.16-ում գրված է. «Քրիստոսի Խոսքը բնակվի ձեր միջում առատապես՝ ամեն իմաստությունով…»: Գրված Խոսքը ծանոթացնում է ձեզ Աստծո Հոգու ձայնի հետ։ Ավելին՝ դուք պետք է սովորեք արագորեն գործել Խոսքի հիման վրա։ Երբ կարգադրություններ կամ որեւէ խորհուրդ եք ստանում Աստծո Խոսքից, մի՛ հապաղեք. արագորեն գործե՛ք ըստ դրա։ Սա ձեր հոգին մարզելու միջոցն է։

Արտակ Մկրտչյան

Մեկնաբանություններ