Ճշմարտությունը պետք է փոխանցել ոչ միայն փաստերով, այլ նաև ճիշտ հոգով. Արթուր Սիմոնյան

2581

Հիսուսը պատվիրեց, որ Աստծուն պետք է երկրպագել Հոգով և ճշմարտությամբ: Ճշմարտությունը հիմնված չէ ուղղակի ինչ-որ փաստերի վրա, չափազանց կարևոր է նաև, թե այդ փաստերը ինչ հոգով են փոխանցվում:

Խաբկանքի մեջ հայտնվելուց խուսափելու համար պետք է ուշադրություն դարձնես ոչ միայն փաստերին, այլ նաև, թե ինչ հոգով և ինչ դրդապատճառով են փաստերը մատուցվում, որովհետև շատ դեպքերում այդ փաստ ասվածը ոչ մի առնչություն չի ունենում ճշմարտության հետ:

Օրինակ` սատանան Հիսուսին փորձելիս ասաց նրան` ցա´ծ գցիր քեզ, որովհետև հրամայված է, որ հրեշտակները կպահեն քեզ, որ ոտքդ քարին չդպցնես: Միթե սատանան ճշմարտությունը չէր ասում: Իհարկե, դա գրված էր Սուրբ Գրքում, բայց ինչ դիտավորությամբ էր դա ասվում: Հիսուսը նրան նույնպես պատասխանեց ճշմարտությամբ, քանի որ շատ լավ հասկանում էր սատանայի ասած ճշմարտության նպատակը:

Կամ 12 լրտեսների օրինակը, երբ նրանք ուղարկվեցին, որպեսզի ուսումնասիրեն Քանանի երկիրը: Վերադառնալուց հետո 12-ն էլ նույն փաստերն էին ասում, որ այդ երկրի բնակիչները հսկաներ են, որ նրանք զորավոր են, որ նրանց քաղաքները պարսպավոր են, սակայն դրանցից 10-ը ճիշտն ասացին վախի հոգով, իսկ երկուսը` հավատքի հոգով: Այն 10-ին Աստված ի վերջո հարվածեց, թեև նրանք նույն ճիշտ փաստերն էին ասել, սակայն վախ էին սերմանել ժողովրդի մեջ:

Այսօր էլ կան մարդիկ, ովքեր որոշակի փաստեր են մատնանշում, բայց այնպիսի տագնապով են դա ասում, որ մարդկանց խուճապի, վախի կամ անորոշության մեջ են գցում: Գիտեք` փաստերը կարող են ճչալ, որ իրավիճակը ծանր է կամ դժվար ժամանակներ են սպասվում, սակայն հենց այստեղ է հարց ծագում, թե որքանով մենք կարող ենք այդ վիճակում ոչ թե հուսահատվել, այլ գոհանալ Աստծուց և լիովին վստահել Նրան:

Աստծո ժողովրդի մեջ էլ հանդիպում են այնպիսի “հավատացյալներ”, ովքեր աղվեսների նման ինչ-որ փաստեր են ասում, բայց այնպիսի հոգով են դա անում, որ ուրիշներին կասկածանքի մեջ են գցում: Աղվեսի միակ նպատակն է փաստերի միջոցով հարցականներ առաջացնել մարդկանց մեջ:

Սիրելինե´րս, եղեք մարդիկ, ովքեր Դանիելի նման լցված կլինեն գերազանց հոգով, ովքեր առաջնորդվում են ոչ թե աչքի երևույթով, այլ` հավատքով, ովքեր չեն տարածում վատ լուրեր մարդկանց սրտերը թուլացնելու համար: Եղեք հավատքի մարդիկ, ովքեր ցանկացած իրավիճակում վստահում են Աստծուն և Նրան երկրպագում են Հոգով ու ճշմարտությամբ:

Արթուր Սիմոնյան

Մեկնաբանություններ