Ճշմարիտ հաջողության գրավականը

241

Բոլորն են ցանկանում է լինել հաջողակ, բայց ամեն մեկը չի, որ կարողանում է դառնալ այդպիսին:

Տարբեր մարդիկ տարբեր պատկերացումներ ունեն հաջողակ լինելու մասին և, ըստ այդմ էլ, առաջարկում են տարատեսակ բանաձևեր ու բնորոշումներ:

Ըստ էության, մեզանից յուրաքանչյուրը կառուցում է իր կյանքը, ինչն իսկապես այնքան նման է շինարարության գործընթացին: Տարիներ շարունակ մենք քարը քարի վրա ենք դնում` հաճախ նույնիսկ չպատկերացնելով, թե ինչ ենք կառուցում:

Այդ իսկ պատճառով, նախքան գործին անցնելը մեզ անհրաժեշտ է ունենալ նախագիծ, որտեղ հստակ պատկերված կլինեն հիմքի, պատերի, տանիքի և կառույցի հետ կապված մնացյալ բոլոր պատկերները: Երբ նայում ենք Աստվածաշունչ մատյանին, տեսնում ենք, որ այնտեղ պարզ գրված է շինվածքի, դրա հիմքի և անկյունագլխի մասին:
Եփեսացիներին ուղղված թղթի 2-րդ գլխի 20-22-րդ խոսքերում առաքյալն ասում է, որ մեր կյանքը՝ որպես սուրբ տաճար, առաքյալների և մարգարեների հիմքի վրա է կառուցված, որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է: Սիրելինե՛ր, այսօր իմ կոչն է, որ մեր կյանքը կառուցենք հենց ա՛յդ հիմքի վրա, որպեսզի այն լինի ամուր և անսասան: Ցանկացած բնագավառում որևէ բան անելիս` պետք է նայենք անկյունի Գլխին` Հիսուս Քրիստոսին, և նմանվենք Նրան ամեն ինչում` Աստծո Խոսքի համաձայն:

Կան մարդիկ, ովքեր կամենում են, որ անկյունի Գլուխը հարմարվի իրենց, և ոչ թե հակառակը: Սակայն, այդպիսի յուրաքանչյուր փորձն, ի սկզբանե, դատապարտված է անհաջողության:
Եկեղեցում գտնվող մարդն անկյունի Գլխի առումով կարող է լինել երեք տարբեր դիրքերում. Նրանից առաջ, Նրանից ետ և Նրան հավասար կամ Նրա հետ հարմարված:

Առաջին դեպքում, երբ նա առաջ է անկյունի Գլխից, ապա գլխավոր Ճարտարապետը` Հիսուս Քրիստոսը, կտաշի` հեռացնելով բոլոր ավելորդ մասերը, որպեսզի համապատասխանեցնի Իրեն: Դա, իհարկե, ցավոտ գործընթաց է, սակայն արդյունքում լինում է օրհնված:

Երկրորդ դեպքում, երբ այդ մարդը ետ է անկյունի Գլխից, երեսին մի բուռ շաղախ կստանա, որպեսզի դարձյալ համապատասխանության մեջ լինի անկյունի Գլխի հետ:

Սիրելի՛ եղբայր և քույր, կառուցի՛ր կյանքդ` հարմարվելով անկյունի Գլխի հետ, և միայն այդ դեպքում կլինես հաջողակ, քանզի Աստծո տեսանկյունից հաջողության չափանիշը Քրիստոսին ավելի ու ավելի նմանվելն է: Եվ հենց սա է այն երրորդ` կատարյալ տարբերակը, երբ դու ոչ ետ, և ոչ էլ առաջ ես անկյունի Գլխից, այլ գտնվում ես քո ճիշտ տեղում, ինչի արդյունքում էլ Աստծո շնորհքն ու օրհնությունները քեզ համար դառնում են միշտ հասանելի:

Եղի՛ր օրհնված և կյանքդ ապրիր անկյունի Գլխի` Տեր Հիսուս Քրիստոսի հետ ներդաշնակության մեջ: Քրիստոսի սիրով

Արսեն Հայրապետյան 

Մեկնաբանություններ