Չխանգարե՛նք Աստծուն

275
Հիսուսի արյունը

«Ոչ մի ծառից անտառակ չտնկե՛ս քո Տեր Աստծո զոհասեղանի մոտ, որ պիտի շինես քեզ համար»: — Բ Օրինաց 16:21

Ինչո՞ւ է մարդը տրամադրված ծառեր տնկելուն, մի՞թե դա ավելի չի գեղեցկացնում զոհասեղանն ու զոհը: Ո՛չ, ոչինչ պետք չէ ավելացնել, զոհասեղանը գեղեցիկ է այնպես, ինչպես որ կա, առանց մեր միջամտության: Եվ ամենակարևորը՝ ծառերը թույլ չեն տալիս, խանգարում են, որպեսզի երևա զոհը:

Զոհի տեսարանը միշտ էլ սարսափազդու է, տհաճ՝ մարդկային աչքերի համար: Զոհված կենդանի, ամենուրեք՝ բոլոր պարագաների վրա սրսկված զոհի արյունը, ոչ մի հաճելի զգացում: Այս տեսնելով՝ ամեն մարդ հասկանում է, որ դա ի՛ր փոխարեն և ի՛ր համար է արված, ի՛ր մեղքերի: Այս ամենը ստիպում է նրան, որպեսզի ծառեր տնկելով ծածկի այդ տեսարանը իր աչքերից: Այսպես են վարվել բոլոր հեթանոսները, հեթանոսական բոլոր կռատները ծածկված են ծառերով: Կարծում եմ շատերդ համոզվեցիք ասվածի ճշմարտության մեջ, սակայն դա եղել է հին ժամանակներում, և ինչքանո՞վ է այն առնչվում մեր հետ, կամ ինչպե՞ս կարող է այն արտահայտվել մեր օրերում ու որքանո՞վ է այն իրական մեզ համար:

Մենք գիտենք, որ հինկտակարանյան բոլոր զոհերը խորհրդանշում են Քրիստոս զոհին: Աստծո գառին, որ Գողգոթայում մորթվեց մեր փոխարեն, մեզ համար ու մեր մեղքերի: Ցավոք սրտի մենք այս փաստը ուզում ենք ծածկել մեր աչքերից՝ ծառեր տնկելով: Մեր ծառայությունները, բարեգործությունները և շատ անգամ ժողովարաններում երկարատև աղոթքներն ու երգերը, ծառայում են ոչ թե մեղավորներին Աստծուն բերելու, կամ Տիրոջ հետ հաղորդակցության միջոց, այլ դրանք ծառեր են որոնք ծածկում են Աստծո՝ Քրիստոս զոհը, մարդկանց ու մեր աչքերից: Երբ լսարանի ուշադրությունը փորձում ենք կենտրոնացնել մեզ վրա, այսպիսով մենք ինքներս էլ հանդիսանում ենք ծառեր և խանգարում ենք մարդկանց, որպեսզի տեսնեն Աստծո զոհը: Մեր պաշտամունքի կենտրոնը, առանցքը պետք է լինի Հիսուս Քրիստոսը: Միայն Նրա միջոցով մենք իրավունք ունենք մոտենալու Հորը:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ