Հնագետները հայտարարել են, որ գտել են Եսայի մարգարեի կնիքը

398
Եսայի մարգարեի կնիքը

Հնագետները հայտարարել են, որ գտել են Եսայի մարգարեի գոյության առաջին իրեղեն ապացույցը` հաղորդում է The Daily Beast-ը` հղում անելով Biblical Archaeology Review (BAR) ամսագրին:

«Ապացույցը կավի փոքր կտորն է 0,4 դյույմ երկարությամբ կնիքով, որի վրա գրված է «Եսայի մարգարե»` բացատրում է Կանդիդա Մոսը: Կնիքը գտնվել է Երուսաղեմում հին աղբակույտի պեղումներում: Այնտեղ եղել են արձանիկներ, հախճապակե անոթների կտորներ, փղոսկրե իրեր և մի քանի «բուլլեր»` կնիքներ, այդ թվում` Եզեկիել թագավորի:

Պեղումները ղեկավարող իսրայելցի հնագետ Էյլաթ Մազարը հաստատում է, որ Եզեկիելի բուլլերի հետ եղել են ևս 22 բուլլեր` այդ թվում Yesha’yah[u] Nvy գրությամբ, որ թարգմանվում է «Եսայի մարգարե»: Եթե հաշվի առնենք Եսայի մարգարեի նշանակությունը կրոնի պատմության մեջ, գտածոն շատ կարևոր է և հուդայականների, և քրիստոնյաների համար:

Եսայիի գրքի համաձայն` նա մարգարե էր և ապրել է մ.թ.ա. 8-րդ դարում: Եսային սկսել է քարոզել Հուդայական Օզիա թագավորի օրոք, ապրել է մի քանի թագավորների իշխանության շրջանում` Օզիայի, Իոաֆանի, Աքազի, Եզեկիելի:

«Քրիստոնյաները նրան այնքան էին սիրում, որ գրել են «Եսայիի համբարձումը»` պատմություն նրա մարտիրոսական մահվան ու երկինք համբարձվելու մասին» գրում է հեղինակը: Էնդրյու Դևիսը (Բիրմինհեմի համալսարան) ամսագրին տված հարցազրույցում ասել է. «Առանց Եսայիի մենք կզրկվեինք կրոնական պոեզիայի ամենավշտալից, բայց և ամենալավատեսական էջերից ու իրենց ժամանակի համար վիթխարի կրոնական նորարարություններից»: Հիմա առաջին անգամ մենք ունենք նրա ենթադրյալ «ստորագրությունը»:

Դա ոչ միայն Եսայի մարգարեի գոյության ապացույց է (գիտնականները երբեք էլ լրջորեն չեն հերքել նրա գոյության փաստը), այլև գուցե մ.թ.ա. 8-րդ դարում երուսաղեմյան հասարակության մեջ նրա դերի ցուցիչը: Ոչ բոլորը, որ սեփական կնիք ունեին, սոցիալական բարձր կարգավիճակի տեր էին (կնիքը անձը հաստատելու միջոց էր), բայց Աստվածաշնչում ասվում է, որ Եսային թագավորի խորհրդականն էր և թագավորը նրանից խորհուրդներ էր հարցնում:

Որ նրա կնիքը գտնվել է Եզեկիելի կնիքի հետ, հաստատում է արքունական մարգարե լինելը, որ մեզ պատմում է Աստվածաշունչը: Մազարը, այնուամենայնիվ, նշում է, որ կնիքի մի քանի տառ հավանաբար պոկվել է: Բացի այդ` կնիքների մեծ մասում տիրոջ անունը նշված է հորը հղումով` այսինչը` այսինչի տղան: Եսայիի կնիքի վրա նշված է նրա մասնագիտությունը (մարգարե):

Biblical Archaeology Review-ի խմբագիր Ռոբերտ Կարգիլն ընդգծում է, որ հոդվածը գրված է զգույշ և պատասխանատու և ամսագիրը ձեռնպահ է մնում կատեգորիկ պնդումներից, որ գտնվել է հենց Եսայի մարգարեի կնիքը: Կարգիլն անձամբ գտնում է, որ Մազարը իրոք գտել է Եսայիի կնիքը և դա մարգարեի գոյության «առաջին հնագիտական ու արտաաստվածաշնչյան հիշատակումն է»:

Աղբյուրը՝ irates.am

Մեկնաբանություններ

ԿԻՍՎԵԼ
Նախորդ հոդվածըՌաքել
Հաջորդ հոդվածըՖիլադելֆիա