Տավուշի մարզում Համընկերության ծրագիրը մտավ նոր փուլ

42

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կայքը գրում է.

«Մենք կլինենք 12-րդը Կոնսորցիումի 11 կազմակերպությունների կողքին, ովքեր աջակցելու են Նավուր համայնքին»․ նշեց Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը:

Հունվարի 21-ին «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ 11 հեղինակավոր կազմակերպություններից բաղկացած Կոնսորցիումի 2019թ. 2-րդ ժողովը: Հիշեցնենք, որ այս անգամ կազմակերպություններն ընտրել են Տավուշի մարզի Նավուր համայնքը՝ այնտեղ համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Այդ նպատակով հանդիպմանը հրավիրված էին Բերդի համայնքապետը, Նավուրի վարչական պատասխանատուն և գյուղի նախաձեռնող խմբի անդամները:

Հանդիպման սկզբում ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը ողջունեց բոլոր մասնակիցներին։ Նրանց ներկայացնելուց հետո խոսքը փոխանցվեց Բերդի խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին, ով ողջունեց այս նախաձեռնությունը՝ բարձր գնահատելով համայնքի հետ համագործակցելու և այնտեղ ներդրումներ կատարելու կազմակերպությունների պատրաստակամությունը: Այնուհետև Նավուրի վարչական պատասխանատու Արամ Նիկոյանը և գյուղի նախաձեռնող խմբի անդամները ներկայացրին համանքի կարիքներն ու առանձնահատկությունները, որից հետո Կոնսորցիումի անդամները հարց ու պատասխանի ձևով պարզաբանեցին իրենց հետաքրքրությունների ոլորտներին վերաբերող հարցերը: Հանդիպման վերջում Կոնսորցիումը որոշեց հունվարի 23-ին խմբով այցելել նաև Կիրանց համայնք՝ կարիքների գնահատում կատարելու և գյուղին աջակցելու հնարավորությունները հստակեցնելու նպատակով:

Հիշեցնենք, որ Կոնսորցիումին անդամակցում են Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF), Զարգացման սկզբունքներ ՀԿ-ն, Հայ օգնության ֆոնդը, Վորլդ վիժն Հայաստանը, «Դասավանդի՛ր, Հայաստանը», Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU), Հայկական Կարիտասը և Դիակոնիա կազմակերպությունը: 

amaa.am

Մեկնաբանություններ