CrossNews.am-ը հինգ տարեկան է

627

Հինգ տարի առաջ հայկական մեդիադաշտում սկսեց գործել իր տեսակի մեջ առաջին քրիստոնեական կայքը՝ CrossNews.am-ը:

Սա մի նոր խոսք էր, նոր մոտեցում՝ ուղղված Բարի Լուրը հայ հասարակությանը հասցնելուն: Հիմնադիրները՝ Էջմիածնի «Էմմանուէլ» եկեղեցու հովիվ Արման Մանուկյանն ու «Կյանքի Խոսք» եկեղեցու մամլո խոսնակ Արմեն Լուսյանն իրենց ողջ նվիրվածությամբ ստեղծեցին, փայփայեցին ու աճեցրին կայքը: Ու այսօր, երբ լրացավ կայքի հինգ տարին, Արման Մանուկյանը հայրական սիրով խոստովանեց, որ կայքին վերաբերվում է որպես իր զավակի, որին սիրել ու նվիրվել է ամբողջությամբ:

Կայքի հինգերորդ տարեդարձը նշվեց կայքի խմբագրության սենյակում՝ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում, առանց պաթոսի և վերամբարձ ճառերի: Խմբագիրը՝ Արմեն Նիազյանը, իրեն հատուկ խորաթափանցությամբ նկարագրեց կայքի աշխատանքը, ձեռքբբերումներն ու մարտահրավերները:

Իրենց աշխատանքը, դժվարություններն ու հաջողությունները հիշեցին հիմնադիրները՝ Արման Մանուկյանն ու Արմեն Լուսյանը: Եղել են խոչընդոտներ, փորձություններ, անգամ պատահել է այնպես, որ թվացել է թե կայքը հայտնվել է անելանելի վիճակում: Սակայն Աստծո կամքով և աջակցությամբ կայքը կայացել է և այսօր հայկական ոչ միայն քրիստոնեական, այլ ընդհանրապես լրատվական մեդիա դաշտի ամենաընթեցվող լրատվամիջոցներից մեկն է: Այն ունի մոտ 40 հազար ընթերցող:

Կայքի մասին ջերմ խոսքերով,  բարձր գնահատանքով, բարեմաղթանքներով և օրհնություններով արտահայտվեցին կայքի նախկին ու ներկա աշխատակիցները, հյուրերը:

Կայքի հիմնադրման ու կայացման գործում մեծ դեր է խաղացել եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանի ու «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ Արթուր Սիմոնյանի հայրական, սրտացավ աջակցությունը:

Ե՛վ հիմնադիրները, և՛ խմբագիրը, և՛ ամբողջ  խմբագրակազմը լիահույս են, որ կայքը դեռևս մեծ անելիքներ ունի և Տիրոջ հովանու ներքո շարունակելու է արդյունավետ կերպով տարածել Արքայության Ավետարանը:

Prօtestant.am կայքի ողջ խմբագրակազմը մեծ սիրով շնորհավորում է CrossNews.am-ի հնգամյակը: Թող Աստված սատար լինի Ձեզ՝ Իր աստվածային ծրագրերը ի կատար ածելու գործում:

Մեկնաբանություններ