Սուրբ Ծնունդ. ընտանեկան մթնոլորտ, որի մեջ թագավորում է Քրիստոսը. հարցազրույց Արմեն Լուսյանի հետ

331
Արմեն Լուսյան

«Միտքս բերելով այն անկեղծ հավատքը, որ քեզանում է. որ առաջ քո Լոիդա տատումը և քո Եվնիկե մորումը բնակվեցավ, համոզված եմ, որ քեզանում էլ» (Բ Տիմոթեոս 1.5):

Պողոս առաքյալի այս խոսքերը՝ ուղղված Տիմոթեոսին, միանգամից ջերմացրեցին սիրտս, երբ սկսեցի զրույցը հավատքի մեջ զորավոր ու անկեղծ, հավատարիմ եղբոր հետ, ում շատերն են ճանաչում՝ որպես Խոսքի գիտակ, ավետարանական քրիստոնեության դիրքորոշումները տարբեր առիթներով սահուն, հստակ ու խելացի կերպով ներկայացնող մի երիտասարդի: Սակայն այն, ինչ հուզեց ինձ խելքից ու գիտությունից առավել, այն անկեղծությունն ու բարությունն էր, որ հիրավի փոխանցվել էր բարեպաշտ տատիկից ու մայրիկից:

«Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու մամլո խոսնակ Արմեն Լուսյանն է այսօրվա մեր զրուցակիցը:

— Հարգելի՛ Արմեն, հիշո՞ւմ եք ձեր գիտակցական կյանքի առաջին Սուրբ Ծնունդը: Իհարկե, ապրելով հավատացյալ ընտանիքում, պետք է որ յորաքանչյուր Սուրբ Ծնունդ էլ առանձնահատուկ եղած լինի Ձեզ համար, բայց ո՞րն էր այն Սուրբ Ծնունդը, երբ Դուք իսկապես թե՛ գիտակցաբար, թե՛ սրտով հասկացաք Քրիստոսի արած գործը և Նրա դերը Ձեր կյանքում: Այդ օրվա վերապրումներով կիսվեք մեզ հետ:

— Այնպես չէ, որ ես հավատացյալ ընտանիքում եմ մեծացել, բայց ունեցել եմ բարեպաշտ տատիկ, ու տատիկիս ազդեցությունը, հոգևոր առումով, մեծ է եղել թե՛ իմ, թե՛ քրոջս վրա: Նա է մեզ սովորեցրել «Հայր մեր» աղոթքը: Ու չապրելով հավատացյալների ընտանիքում՝ այդպիսի օր չէր լինում, որ ես և քույրս այդ աղոթքը չասեինք ու նոր միայն քնեինք: Տատիկս շատ աղոթող կին էր՝ զավակների համար, թոռների համար:

Եվ ամեն անգամ նրա հետ հանդիպելիս՝ մենք ձգտում էինք, որ նա մեզ համար աղոթեր, որովհետև այդ հավատքի հոգին մենք նրա վրա տեսնում էինք: Չեմ կարող ասել, թե նա Սուրբ Գիրքը լավ գիտեր, թե կրթված էր՝ քրիստոնեական առումով, բայց դե ժամանակներն էին այդպիսին: Մի բան գիտեմ, որ նա շատ աղոթող կին էր, ու հավատքի հոգի կար նրա վրա, և ինչ-որ բաներ նա փոխանցել է մեզ: Նրա ցանած հոգևոր սերմերն են, որ հետո պտուղ են տվել իմ մեջ:

Իհարկե, հետագայում նաև մայրս Քրիստոսին նվիրեց իր կյանքը ու նույնպես սկսեց աղոթքներով կանգնել իր զավակների համար, և այն տատիկիս ցանած հոգևոր սերմերը իսկապես սկսեցին աճել ու պտուղ տալ: Ինքս 18 տարեկանում՝ ուսանողական տարիներին եմ Հիսուսին ընդունել որպես Տեր: Որպես համալսարանական երիտասարդ՝ այդ ժամանակ լցված էի տարբեր գաղափարներով, փիլիսոփայական մտքերով, աշխարհի մասին իմ պատկերացումներն ունեի, որոնք այնքան էլ չէին համապատասխանում Սուբ Գրքին, բայց իբրև այդպիսին երբեք աթեիստ չեմ եղել. կարծում եմ՝ դա տատիկիս ազդեցությունից էր:

Եվ տասնութ տարեկանում, երբ հանդիպեցի հոգևոր և իմաստուն մի տարեց կնոջ, իմ կյանքում շատ բան փոխվեց: Հիշում եմ, որ հենց այդ երեկո կարդացի Հովհաննեսի Ավետարանը: Իհարկե, նա ինձ խորհուրդ չէր տվել ամբողջը միանգամից կարդալ, բայց ծարավս այնքան մեծ էր, որ ամբողջը մի շնչով կարդացի: Դա իմ առաջին երես առ երես հանդիպումն էր Աստծո Խոսքի հետ, որը իմ կյանքը, իմ մտածելակերպը հենց այդ օրը փոխեց: Իհարկե, աստվածճանաչողությունը, հոգևոր հասունությունը միանգամից չեն գալիս, դա ընթացք է, որ պիտի անցնես, բայց կան Աստծո հետ հանդիպումներ, որ մեկ օրվա մեջ մարդու կյանքում շատ բան են փոխում: Եվ այդպիսի մի օր էր ինձ համար հենց իմ ապաշխարության օրը:

Երբ կարդում էի Հովհաննեսի Ավետարանը, գիտե՞ք՝ ինչ հայտնություն ստացա. հասկացա, որ սա ճշմարիտ կերակուր է՝ մեղրի պես, և ամեն մարդ պետք է ուղղակի իր բերանը բացի և թույլ տա, որ այն լցվի իր ներսը: Դա դեռ Աստծուն չճանաչելով՝ իմ հայտնությունն է եղել: Եվ ես հասկանում եմ, որ միսն ու արյունը դա չհայտնեցին ինձ, այլ Աստված ինձ բացեց, և ես այդ ժամանակ Աստծո Խոսքը հենց այդպես մեղրի նման էլ ուտում էի:

Ապաշխարելուցս հետո հենց հաջորդ Սուրբ Ծնունդն ինձ համար եղել է առաջին գիտակցված, վերապրումներով լցված Սուրբ Ծնունդը: Հասկացել եմ, թե ինչ արեց Աստված մեզ համար Քրիստոսի ծնունդով: Եվ այսօր, երբ նայում եմ իմ կյանքին ու մտածում, թե ինչպիսին կարող էր այն լինել առանց Քրիստոսի, հասկանում եմ, որ անգամ բաղդատելու բաներ չեն դրանք՝ այդ երկու կյանքերը: Քրիստոսով լցված կյանքն իրական վայելք է՝ չնայած դժվարություններին ու խնդիրներին, որ բոլոր մարդիկ էլ անցնում են այս աշխարհում, բայց նա, ով Քրիստոսի հետ է անցնում այդ ճանապարհը, բոլորովին ուրիշ կյանք և ուրիշ արժեքներ ունի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ CrossNews.am կայքում

Մեկնաբանություններ