Դա Վինչին և քրիստոնեությունը

237

Երբ խոսք է գնում Վերածննդի ժամանակաշրջանի մասին, ակամա այն ասոցացվում է այնպիսի անունների հետ, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռուբենսը, Ռոդենը…

Պատմական այս փուլը մշտապես աչքի է ընկնում խոշոր պլանի, լուսավոր, պարզ ու հստակ, հաճախ չափազանց գեղեցիկ, բայց միշտ նշանակալի ու անհատական, ներքին խորհրդավորությամբ եւ հմայքով արտահայտված կերպարներով: Իրենց անբացահայտելիությամբ ու անգնահատելի հմայքով մարդկությանը հիացնում են Մոնա Լիզան, Սիքստինյան Տիրամայրը, Դավիթի քանդակը, … գլուխգործոցները:

Դա Վինչին այն հանճարներից է, որոնց մասին հնարավոր չէ գրել մի քանի էջով: Տաղանդավոր նկարիչ, բնության երեւույթների անդադար հետազոտող, հռչակավոր ինժեներ եւ մտածող նա ավելին է, քան Վերածննդի ցանկացած առանձին ներկայացուցիչ: Բացի իր ինտելեկտի ու բազմակողմանի զարգացվածության, նա նաեւ խորհրդավոր էր իր արտահայտչաձեւերում ու ճակատագրում:

«Գեղանկարչությունը գիտություն է եւ բնության օրինական դուստրը, ասում է նա, եւ քանի որ այն ծնվել է բնությունից, բայց որպեսզի ավելի ճիշտ արտահայտվեմ, կասեմ` թոռնուհին, քանի որ բոլոր տեսանելի առարկաները ծնվել են բնությունից, եւ դրանցից էլ՝ գեղանկարչությունը: Այդ պատճառով մենք այն կանվանենք բնության թոռնուհի եւ Աստծո հարազատ»:

Դա Վինչիի նոր ոճի մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում շարժումը, որն ըստ նրա պետք է արտահայտի «հոգեկան ապրումները»: Միայն այդ դեպքում կերպարը կարող է լինել կատարյալ: Նա մշտապես խորությամբ ուսումնասիրում էր այն թեման, որը պետք է նկարեր: Կերպարները նրա նկարներում շարժման միջոցով արտահայտում են աշխարհի ամբողջականության ու կապվածության գաղափարը: Օրինակ` «Մոգերի երկրպագությունը» կտավն արտահայտում է մարդկության համար Հիսուսի ծննդյան կարեւորության գաղափարը: Մոր եւ երեխայի թեման նրա ամենասիրելիներից էր: Այդ մասին են վկայում աստվածաշնչյան կանանց, մայրերի թեմաներով արված բազմաթիվ էսքիզներն ու կտավները, որտեղ դեմքի ամեն մի արտահայտություն, շարժման ժեստ արտահայտում է Ավետարանական ողջ պատմության ընթացքը: Սուրբ Հովնան, Հավհաննես Մկրտիչ, Մադոննա Լիտա, Մադոննա Բենուա, Մադոննան քարանձավում, Հիսուսի վերջին ընթրիքը… սրանք նրա այն աշխատանքների փոքր ցանկն է, որոնք ներկայացնում են քրիստոնեությունը իրեն ողջ հմայքով, ուժով ու ներդաշնակությամբ, որտեղ չկա ոչ մի սրբապղծության արտահայտություն, այլ ցավից, ծոմից ու աղոթքից հոգնած աչքերում մշտապես արտահայտվում է ուժեղ կամքն ու հաստատակամությունը:

«Վերջին ընթրիքը» նրա այն որմնանկարն է, որին չեն կարողացել կործանել ոչ պատերազմները, ոչ բնության տարերքը, ոչ ժամանակը: Չնայած քայքայված ներկերի ու կիսաքանդ պատին, որի վրա այն կատարվել է, նկարը շարունակում է խոսել դիտորդի հետ այն պատմական ողբերգության ու մարդկային դավաճանության մասին, որը տեղի ունեցավ այդ երեկո: Առաքյալներից յուրաքանչյուրի դիքն ու կոմպոզիցիոն լուծումը հիմնված է նրանց պատմական կերպարի եւ Հիսուսի հետ ունեցած կապի մասին: Հուդան այստեղ մյուսներից առանձնանում է իր դիրքով եւ դիմախաղով, քանի որ արդեն նրա մոտ ծնվել էր դավաճանության միտքը: Սակայն ամենակարեւորը, դա Վինչիի արվեստում, մարդու աստվածաստեղծ հմայքի արտահայտումն է, որը նա համարում է կատարելություն:

«Օ՛, Աստծո արարած, բոլոր արարչագործություններից գերազանցագույնդ…: Ի՞նչ գովք կարող է պատկերել քո վսեմությունը: Ո՞ր ժողովուրդները, ո՞ր լեզուները կարող են գոնե մի քիչ պատկերել քո իսկական ուժը»:

Արմինե Դավթյան

Մեկնաբանություններ