10 արտահայտություն, որոնք բարդութավորում են երեխային

268

Ընտանեկան հոգեբան Սվետլանա Մերկուլովան կարծում է, որ անգամ մի սխալ բառը կարող է ներազդել երեխայի հոգեկան աշխարհի վրա:

 Ուստի փոքրիկ մարդուկների հետ շփվելիս հարկավոր է հետևել բերանից դուրս եկած ամեն մի բառին: Բացի այդ, կան լայնորեն կիրառվող մի շարք արտահայտություններ, որոնց մասին ծնողները պետք է մեկընդմիշտ մոռանան։

1. «Քո տարիքում ես գերազանց էի սովորում»

Նման արտահայտությունն անընդհատ լսած երեխաները մեծանալով փորձում են ապացուցել ծնողներին, որ իրենք լավն են, ծնողների սիրուն արժանի: Հասուն կյանքում նրանք փորձում են նվաճումների հասնել ոչ թե իրենց, այլ ծնողներին գոհացնելու համար: Բացի այդ, նրանք սկսում են ուրախանալ իրենց հաջողություններով միայն այն ժամանակ, երբ ծնողն ընդունում է դրանք:

2. «Դու իմ հավիկն ես, փիսիկն ու շնիկը»

Նման արտահայտությունները վնաս են հասցնում երեխայի հոգեբանությանը, քանի որ նա մի տեսակ «անդեմ խաղալիք» է սկսում իրեն զգալ:

3. «Տե՛ս, ընկերդ 5 է ստացել, իսկ դու` 4»

Երեխայի համար միշտ էլ տհաճ է, երբ իրեն համեմատում են ընկերոջ, հասակակցի, քրոջ կամ եղբոր հետ: Դրանում բացասական վերաբերմունք է ձևավորվում տվյալ անձի նկատմամբ, որը երեխան իր մեջ պահպանում է նաև հասուն տարիքում։

4. «Եթե քեզ այդպես ես պահում, ուրեմն քեզ չեմ սիրի»

Այս արտահայտությունից հետո երեխան փորձում է «խեղդել» իր ներսում եղած ցանկություններն ու դադարել բնական, անմիջական լինելուց` փորձելով հարմարվել ծնողին, նրա ցանկություններին:

5. «Ինձ մի՛ խայտառակիր»

Նման արտահայտություն հաճախակի լսող երեխաների մեջ ձևավորվում է այն կարծիքը, որ իրենք ծնողի խայտառակությունն են, ինչը, անշուշտ, բացասաբար է անդրադառնում փոքրիկների հոգեբանության վրա:

6. «Հորդ (մորդ) կտորն ես»

Այս արտահայտությունն արտացոլում է ծնողների`միմյանց հանդեպ վատ վերաբերմունքը, ինչը նրանք ի ցույց են դնում երեխայի մոտ: Ըստ այդմ՝ նա սկսում է վատ կարծիք ձևավորել ծնողի նկատմամբ` փորձելով նրան չնմանվել:

7. «Եթե հաց չուտես, հիմար ու թույլիկ կմնաս»

Նման արտահայտությունները կարող են հակառակ արդյունքը տալ, և երեխան կսկսի խուսափել սննդից:

8. «Եթե խելոք չմնաս, քեզ կախարդին կտամ»

Սա ինքնատիպ «մեսիջ» է, որով ծնողն ասում է երեխային, որ նա պետք է լինի այնպիսին, ինչպիսին, որ ինքն է ուզում:

9. «Տանը քեզ ցույց կտամ»

Նման արտահայտություններ հաճախակի լսած երեխաները հասուն տարիքում խնդիրներ են ունենում աշխատավայրում, թերագնահատում են իրենք իրենց:

10. «Կորի՛ր աչքիցս, որ քեզ ո՛չ տեսնեմ, ո՛չ լսեմ»

Այս դեպքում երեխան մեղքի խորը զգացում է ունենում` կարծելով, որ ինքն է ծնողի անհաջողության ու դժբախտության պատճառը։

Աղբյուր՝ Tert.am

Մեկնաբանություններ