Նվիրյալները բացառիկ մարդիկ են

482
Holy Bible

Փիլիպպեցիս 2.19-22.
19 Բայց յոյս ունիմ Տէր Յիսուսումը, որ Տիմոթէոսին շուտով ուղարկեմ ձեզ մօտ, որ սիրտս էլ հանգստանայ, երբոր ձեր վիճակն իմանամ։ 20 Վասնզի մէկը չունիմ միասիրտ, որ մտերմաբար հոգս տանէ ձեզ համար։ 21 Վասնզի ամենքն իրանց բաներն են որոնում եւ ոչ թէ Յիսուս Քրիստոսինը։ 22 Բայց դուք գիտէք նորա ընտիր լինելը, որ ինչպէս մի որդի իր հօրը՝ այնպէս ինձ հետ ծառայեց աւետարանին։

Պողոս առաքյալը խոսում է հավատարիմ և անձնուրաց մարդկանց բացակայության մասին: Փոխարենը ծառայության մեջ ընդգրկվածների մեծամասնությունը, ինչպես ինքն է ասում փնտրում է իրենը, այլ ոչ թե Քրիստոսինը:

Այլ կերպ ասած, նրանց ծառայելու շարժառիթը ոչ թե Աստծուն հաճեցնելն ու մարդկանց նկատմամբ անկեղծ հոգատարությունն է, այլ սեփական անձին ամեն կերպ հաճեցնելը, փառասիրությունը, մարդկանց որպես հարստանալու միջոց տեսնելը:

Առաքյալը ցավով է նշում այն փաստը, որ նույնիսկ իր շուրջը չկան հավատարիմ մարդիկ, որոնց նա կվստահեր: Մարդիկ, ովքեր կկիսեին իր տեսիլքը և անձնուրաց կծառայեին Աստծուն և մարդկանց: Տիմոթեոսը բացառություն էր, որին նա ներկայացնում է որպես իր որդի:

Եվ սա Քրիստոսի մարմնում մինչ այսօր առկա դժբախտություններից մեկն է. Ծառայությունը, որը հիմնվում է ոչ թե հավատքի, սիրո, անձնուրացության և հավատարմության, այլ որպես միջոց սեփական ԵՍ-ին բավարարություն տալու փաստի վրա:

Ուստի, այս պատճառով, հավատարիմներն ու անձնուրացները կամ մեկ բառով ասված` նվիրյալները, բոլոր ժամանակներում լինում են միայն բացառիկ մարդիկ:

Ռոման Հովհաննիսյան

Մեկնաբանություններ