Դու վարձք ունես

555

Հայաստանի «Նոր Սերունդ» եկեղեցու կայքը գրում է․

Յոթնօրյա ծոմն ու աղոթքն ավարտվեց կիրակնօրյա պաշտամունքով, երկրպագությամբ, ու հաղորդությունով:

Մեզ համար նոր տարին սկսվեց ոչ թե ամանորյա սեղանի պարունակությամբ, այլ ամենամյա յոթնօրյա ծոմով ու աղոթքով, Աստծուն փնտրելով, երկրպագելով: Աղոթում ենք, որ այդպես էլ շարունակվի ողջ տարին,- իր կիրակնօրյա խոսքը այսպես սկսեց հովիվ Տիգրան Թադևոսյանը:

Ծոմն ու աղոթքը վարձք ունեն: Չնայած դու ծոմ ես պահում քեզ համար, բայց Աստված քեզ նաև վարձք է տալիս:

«Այլ եւս ոչ կ’սովեն եւ ոչ կ’ծարաւին, եւ չի ընկնիլ նորանց վերայ ոչ արեւը եւ ոչ մի տաքութիւն։ Որովհետեւ Գառը՝ որ աթոռի մէջ է, կ’հովուէ նորանց եւ կ’առաջնորդէ նորանց դէպի կենդանի ջրերի աղբիւրները. Եւ Աստուած կ’սրբէ ամեն արտասուքը նորանց աչքերիցը»:Հայտ.7:16-17:

Այս խոստմունքը վերաբերվում է նրանց, ովքեր «իրենց հանդերձները լուացին եւ սպիտակացրին Գառի արիւնով» (Հայտն.7:14):

Նրանք նոր հանդերձներ չեն ստացել, այլ իրենց հանդերձները սպիտակեցրել են Գառան արյունով: Սա այլակերպությունն է: Երկինքը ուշադրության կենտրոնում է պահում այդպիսի մարդկանց, ովքեր ստանալու են իրենց վարձքը, իրենց ժառանգությունը: Մենք ուզում են լինել նրանց մեջ: Մենք ուզում ենք սպիտակեցնել մեր հանդերձները, այլակերպվենք ու պատրաստ լինենք հարսանիքին:

Եկեղեցի հաճախելու, աղոթքի ու երկրպագության նպատակը հենց դա է՝ պատրաստ լինել այդ մեծ իրադարձությանը՝ հարսանիքին, երբ Փեսան կգա Իր հարսի երտևից:

Գառան արյունն այսօր չկա, բայց մեզ հետ է Սուրբ Հոգին: Որքան շատ հաղորդակցվենք Սուրբ Հոգու հետ, այնքան կսպիտակեցվեն մեր հանդերձները, կմաքրվենք և Սուրբ Հոգին կյանքը կփոխանցի մեզ:

Եթե դու տեսնես Տիրոջ փառքը, Սուրբ Հոգին քեզ կտանի փառքից փառք. ինչ տեսնես, դրան էլ կարժանանաս:

«Բայց մենք ամենս՝ բաց երեսով Տիրոջ փառքն ինչպէս հայելու մէջ տեսնելով՝ նոյն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դէպի փառք, ինչպէս թէ Տիրոջ Հոգուցը»: 2 Կոր.3:18:

Երբ Հիսուսն ասաց՝ դուք եք աշխարհի աղը և լույսը, Նա նկատի չուներ բոլոր մարդկանց: Նա նկատի չուներ անգամ բոլոր հավատացյալներին: Դա վերաբերվում էր նրանց, ովքեր իրենց սրբությամբ, մաքրությամբ, արդարությամբ ու ճշմարտությամբ լուսավորում են աշխարհը:

Եղի՛ր այդպիսին, մաքրվի՛ր, սպիտակեցրո՛ւ հանդերձներդ, այլակերպվի՛ր, առաջ ընթացի՛ր դեպի Աստծո Փառքը ու քո վարձքը մեծ կլինի:

Աղբյուր՝ newgeneration.am

Մեկնաբանություններ