Ավետարանական եկեղեցին միշտ նպաստել է Հայաստանի անկախությանը․ Աբգար Ափինյան

766
Abgar Apinyan

Շարունակում ենք protestant.am կայքի ընթերցողներին ներկայացնել ճեպազրույցներ՝ նվիրված Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 170-ամյակին:

Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյան.

— Պիտի ասեմ, որ ես այն հայ մտավորականների թվին եմ պատկանում, ովքեր լավապես տեղյակ են Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայ Ավետարանական եկեղեցու գործունեությանը: Դեռևս 90-ական թվականներին, երբ ես աշխատում էի Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում, մամլո դիվանի պետն էի, Գարեգին առաջին վեհափառ հայրապետի մամլո քարտուղարը, վեհափառը, ինչպես այսօր երևաց, ջերմորեն ողջունել էր Ավետարանական եկեղեցու գործունեությունը: Շատ սիրում էր, հավանում էր: Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր պետը Ավետարանական եկեղեցու ջերմ բարեկամն էր: Ես Վեհափառի հետ ամեն օր խոսում էի տարբեր խնդիրների մասին: Վեհափառը նույնիսկ ընդունում էր այն միտքը, որ Ավետարանական եկեղեցու քարոզիչները քարոզեն Առաքելական եկեղեցու մեջ: Այդքան ջերմություն կար: Ցավոք սրտի վերջին տարիներին շատ խնդիրներ են առաջացել, որոնք չեմ կարծում, թե նպաստում են մեր եկեղեցական ընդհանրական կյանքին, մեր ազգային կյանքին:

Բայց պետք է ասեմ, որ Ավետարանական եկեղեցին իր պարկեշտ կեցվածքով, հայրենասեր գործունեությամբ միշտ նպաստել է Հայաստանի անկախությանը, մշակույթի և տնտեսության զարգացմանը: Իր էությամբ հայկական եկեղեցի է: Զուտ ազգային երևույթ է, հայկական երևույթ է: Պատահական չէ, որ հենց այս եկեղեցին է տվել ազգային դեմքեր՝ Մուսալեռան հերոսամարտի կազմակերպիչ է տվել, Հրանտ Դինք է տվել, Սողոմոն Թեհլերյան է տվել մեր ազգին այս եկեղեցին: Ահա թե ինչու անհուն ուրախությամբ ողջունում եմ Ավետարանական եկեղեցու 170 ամյակը և մաղթում եմ հաջողություններ:

Protestant.am

 

Մեկնաբանություններ