Հայաստանը կլինի բժշկված երկիր․ վերապատվելի Գառնիկ Թութիկյան

0
480
Reverend Garnik Tutikyan. Protestant.am

Շարունակում ենք protestant.am-ի ընթերցողին ներկայացնել ճեպազրույցներ Հայաստանեայց Աւետարանական եկեղեցու 170-ամյակին նվիրված հադիսության մասնակիցներից, հասարակական և հոգևոր գործիչներից:

Հիշեցնենք, որ բոլորին դիմել ենք միևնույն հարցով. Ինչպե՞ս եք գնահատում Ավետարանական եկեղեցու գործունեությունն անցած 170 տարիների ընթացքում և ի՞նչ հեռանկարներ ու մարտահրավերներ եք տեսնում:

Դիլիջանի Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատվելի Գառնիկ Թութիկյան.

– Հայ ավետարանական համայնքը մինչև այսօր թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում՝ Հյուսիսային Ամերիկա, Միջին արևելք, Եվրոպա, իր գործունեությունը ծավալել է հիմնված լինելով հայ ավետարանական այն գործիչների գործունեության վրա, որոնք 1915 թվականի ցեղասպանությունից հետո արտագաղթելով Ֆրանսիա, Հյուսիսային Ամերիկա, ինչպես նաև Ավստրալիա, իրենց գործունեությունը ծավալեցին 1918-ին հիմնված Հայ ավետարանչական ընկերակցության օգնությամբ: Եվ այդ ժամանակ Ավետարանական եկեղեցիներ հիմնվեցին տարբեր վայրերում, որոնք նպաստեցին ավետարանական համայնքի զարգացմանը: Եվ այդ ամբողջ ընթացքում թե՛ Ավետարանական եկեղեցին, թե՛ Ավետարանչական ընկերակցությունը ձեռք ձեռքի տված ջանացին զարգացնել հայ մշակույթը սփյուռքում, ստեղծել հայ ավետարանական եկեղեցիներ, տարածել Ավետարանի Խոսքը ամեն տեղ:

Անկախությունից հետո Հայաստանում էլ սկսեց գործել Հայ Ավետարանական շարժումը: Չնայած մինչ այդ, դեռևս խորհրդային տարիներին, Հայաստանում կային Հայ ավետարանական եկեղեցիներ, ավելի փոքր, բայց Ստալինի հրամանով բոլոր ավետարանական եկեղեցիները վերածվեցին մկրտական եկեղեցիների: Որովհետև Ստալինի համար կարևորը այդ հարանվանության մեկ եկեղեցի լինելն էր: Քանի որ Ռուսաստանում բապտիստներն էին շատ, այդ օրենքը տարածվեց նաև Հայաստանում:

Բայց անկախությունից հետո, փառք Աստծո, նորից ավետարանական շարժումը վերելք ապրեց:

Սա անցյալի մասին: Իսկ ապագայի մասին կասեմ, որ հիմա դժվարություններ շատ կան, որովհետև այն ժամանակ Հայաստանում գործում էին մեկ-երկու ավետարանական ընտանիքի եկեղեցիներ, բայց հիմա ավելի շատ են: Եվ բնականաբար տարբերություններ կան այդ եկեղեցիների մեջ: Բայց ինչպես այսօր լսեցիք մեր Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահի խոսքը՝ որ կղզիները բաժանված են, բայց օվկիանոսի խորքում բոլորը կպած են միմյանց, միացված են իրար: Այնպես որ մեր աղոթքն է, որ Հայաստանը մի նոր արթնություն, վերելք ունենա, և այդ արթնության ընթացքում, ավետարանական համայնքի եկեղեցիները, մի կողմ թողնելով ամեն տարանջատող խնդիրներ, միաբանված Ավետարանի Խոսքը քարոզեն:

Այսօր Դիլիջանում տեղի ունեցավ Դիլիջանի եկեղեցաշենքի նավակատիքը, և այդ պաշտամունքի պատգամաբերն էր Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի գործադիր տնօրեն, վերապատվելի դոկտոր Վահան Թութիկյանը: Իր պատգամի մեջ նա բերեց Երկրորդ Մնացորդաց յոթերորդ գլխի տասնչորս համարը, որտեղ ասում է, որ «Իմ անունը կրող ժողովուրդը, եթե Իմ երեսը փնտրեն, իրենց չար ճանապարհներից ետ դառնան, իրենց մեղքերը խոստովանեն, ապա Ես կներեմ նրանց և կբժշկեմ նրանց երկիրը»:

Այսպիսին մեր ապագան եմ տեսնում: Հայաստանը կլինի բժշկված երկիր և արտագաղթը դադարելով՝ կսկսվի ներգաղթը: Եվ սրա ճանապարհը ես միայն տեսնում եմ Ավետարանի քարոզելը:

Protestant.am

Մեկնաբանություններ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ