Նոր ենթադրություն Հին Կտակարանի ստեղծման ժամանակաշրջանի վերաբերյալ

434

Գիտնականները ենթադրում են, որ Հին Կտակարանը ավելի շուտ է գրվել, քան մինչ օրս ընդունված է:

Նման եզրակացության են հանգել Թել Ավիվի համալսարանի հնագետները, ովքեր զբաղվում են հինավուրց Թել Արադ ամրոցի գործնական գրագրությունների ուսումնասիրությամբ, որոնք վերաբերում են մեր թվարկությունից առաջ 600 թվականին: Ուսումնասիրվում են կավե սալիկների վրա գրված մոտ հարյուր նամակներ, որոնք հայտնաբերվել են ամրոցի հնագիտական պեղումների ժամանակ:

Նամակները նկարագրում են ամրոցի առօրյա կյանքը: Հետազոտողների ուշադրությունը գրավել էին հատկապես շատ գրագետ շարադրված 16 նամակներ, որոնց ձեռագիրը ենթարկեցին էլեկտրոնային անալիզի: Պարզվել էր, որ նամակները գրված են 6 տարբեր անձանց կողմից:

«Այդ մարդիկ գրագետ են, գրել են առանց սխալների: Եվ այդ փաստը, որ ամրոցի կայազորում ծառայում էին մեծ թվով գրագետ զինվորականներ, վկայում է, որ գրագիտությունը լայն տարածում է ունեցել հրեաների մեջ Առաջին տաճարի դարաշրջանում»-ասել էր Թել Ավիվի համալսարանի Հին Արևելքի հնագիտության պրոֆեսոր Իսրայել Ֆինկելշտեյնը:

Այդ նամակները գրվելուց հետո, մեր թվարկությունից առաջ 586 թվականին Նաբուգոդոնոսոր արքան գրավում է Երուսաղեմը, ավերում է առաջին տաճարը և հրեաներին տանում բաբելոնյան գերության:

Նշենք, որ ընդունված կարծիքի համաձայն Հնգամատյանը ստեղծվել է բաբելոնյան գերությունից հրեաների վերադարձից հետո: Նամակների ուսումնասիրությունը հետազոտողներին հիմք է տալիս ենթադրել, որ Հին Կտակարանում ներառված գրքերի մի մասը կարող է գրված լինել բաբելոնյան գերությունից առաջ:

Սակայն իսրայելցի որոշ գիտնականների կարծիքով այն հանգամանքը, որ բաբելոնյան գերությունից առաջ հրեաների մեջ տարածված է եղել գրագիտությունը հիմք չի տալիս Հին Կտակարանի ստեղծման ժամանակաշրջանի վերաբերյալ հեռուն գնացող ենթադրություններ անել:

Մեկնաբանություններ