Երբ գալիս են դժվար ժամանակները. Գլորիա Քոուփլենդ

299

«Բայց եկեղեցիները բոլոր Հրեաստանի՝ Գալիլեայի և Սամարիայի մեջ խաղաղություն ունեին, շինվում էին և Տիրոջ երկյուղին հետևում: Եվ Սուրբ Հոգու մխիթարությամբ շատանում էին»: — Գործք առաքելոց 9:31

Լինում են ժամանակներ, երբ այս աշխարհում կյանքը դառնում է դժվար, տհաճ և երբեմն էլ խիստ ցավալի: Երբ նման ժամանակներ են գալիս, քեզ անմիջապես մխիթարություն է հարկավոր, որը կարող է տալ միայն Սուրբ Հոգին:
Իսկ ինչպե՞ս կարելի է ստանալ նման մխիթարություն:

Պարզապես անելով այն, ինչ Գործք առաքելոցի հավատացիալներն էին անում. «Տիրոջ երկյուղին հետևելով»:

Հիմա, երբ ես խոսում եմ «Աստծո երկյուղի» մասին, խնդրում եմ, ինձ ճիշտ հասկացիր: Ես չեմ ասում, որ դու պետք է վախենաս Աստծուց: Նա քո Հայրն է: Երբ դու կանգնում ես Նրա առաջ, դու պետք է համարձակությամբ և առանց վախի մոտենաս, ինչպես մի երեխա, ով գիտի, որ իրեն շատ են սիրում: Բայց դու նույնպես այնքան հարգանք պետք է ունենաս Նրա հանդեպ, որ երբ Նա ինչ-որ բան հայտնի քեզ, որ անես, դու անմիջապես գործի անցնես, նույնիսկ եթե այն քո ցանկություններին հակառակ է: Դա նշանակում է քայլել Տիրոջ երկյուղի մեջ:

Թույլ տուր բացատրեմ, թե ինչ եմ ուզում ասել: Մի քանի տարի առաջ մի տագնապալի զանգ ստացա քարոզելուց մեկ-երկու րոպե առաջ: Դա ցավալի մի լուր էր այն մասին, որ իմ երեխաներից մեկի հանդեպ շատ սխալ էին վարվել: Այդ լուրը խոցեց իմ սիրտը:
Ես լաց եղա և ցանկանում էի բարկանալ ու մի լավ հակահարված տալ: Բայց դրա փոխարեն ես սկսեցի լեզուներով աղոթել: Եվ երբ աղոթում էի, Սուրբ Հոգին հուշեց, որ ցնծամ և փառաբանեմ Տիրոջը:

Անշուշտ, փառաբանելու ոչ մի ցանկություն չունեի: Ես ուզում էի ոտքերով դոփել: Բայց Տիրոջ հանդեպ իմ հարգանքից ելնելով ես իմ զգացմունքները մի կողմ դրեցի և հնազանդվեցի: Հետո Սուրբ Հոգին դրդեց, որ գնամ և հատուկ մի մարգարեություն կարդամ: Երբ դա արեցի, կարող եմ ասել, որ ուժեղացա:

Հետո հասկացա, որ ազատ եմ: Իմ հնազանդության միջոցով ես ինքս ինձ բացեցի Սուրբ Հոգու մխիթարող զորության առջև: Այն բարկությունը և ցավը, որ պարուրել էին ինձ մի քանի րոպե առաջ, հեռացան: Դրանց փոխարինելու եկան Տիրոջ գորովալի սերը և հաստատությունը:
Անկախ այն բանից, թե ինչ ցավալի կամ դժվարին իրավիճակում ես այսօր հայտնվել, վստահի՛ր և հնազանդվի՛ր քո Հոր առաջնորդությանը: Նա կտա քեզ այդ գերբնական, Սուրբ Հոգուց ներշնչված մխիթարությունը:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Մատթեոսի 4: 1-11

Գլորիա Քոուփլենդ

Աղբյուր՝ hawatk.com

Մեկնաբանություններ