Երիտասարդական կոնֆերանս. Նվիրում. Մաս 1

371

Հունվարի 21-ին՝ 10:00,  մեկնարկեց «Վերնատուն» եկեղեցու երիտասարդական կոնֆերանսը: Առավոտյան օրհնյալ ու զորավոր փառաբանությունը շարժեց ներկաների սիրտն ու երկինքը՝ Աստծուն բարձրացնելով օրհնություն, փառաբանություն ու երկրպագություն:

Առաջին պատգամաբերը «Վերնատուն» եկեղեցու երիտասարդների առաջնորդ, հովիվ Արտավազդ Թադևոսյանն էր, որ խոսեց «Հավիտենական կյանքի համար ապրելու» մասին:

«Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստված. Եվ նրան, որ ուղարկեցիր՝ Հիսուսին Քրիստոսին (Հովհաննես 17.3): Հավիտենական կյանքը նախ և առաջ Աստծուն ճանաչելն է: Այո՛, ճանաչելով Աստծուն՝ մենք ձեռք ենք բերում հավիտենական կյանք ու արժանանում երկնքում ապրելուն՝ Աստծո հետ միասին: Բայց արդյոք միայն սա՞ է հավիտենական կյանքը, թե այն մեզ անհրաժեշտ է նաև երկրի վրա՝ մինչ Քրիստոսի գալը: Եթե հավիտենական կյանքը հոգու համար է, ապա այստեղ էլ՝ երկրի վրա, մեր հոգիներն ապրում են աստվածային չափանիշներով ու սկզբունքներով, ուստի կարող ենք վստահ ասել, որ այստեղ արդեն մեզ համար սկսել է հավիտենական կյանքը: Մեր կյանքը պիտի ցույց տա, որ մենք այստեղ ոչ թե կարճաժամկետ կյանքի համար ենք, այլ հավիտենության, մենք արդեն իսկ ապրում ենք հավիտենական կյանքով ու այդ կյանքի համար: Արդյոք ապրո՞ւմ ես քո երկրավոր կյանքը հավիտենության համար, արդյոք քո օրերն ու ժամերն անցկացնո՞ւմ ես այնպես, կարծես այն հավիտենության համար է հենց:

Մեր երկրային կյանքը  նման է տարանցիկ երկրով որևէ այլ երկիր գնալուն, սա ընդամենը միջոց է, որ մենք հասնենք մեր տուն: Իմ ու քո արժեքները թող երկնային լինեն: Թույլ մի տուր երկրավոր բաները քեզ վրա շատ ազդեցություն ունենան: Երկրի վրա հավիտենական կյանքօ համար ապրելը նշանակում է ունենալ այստեղ երկնային արժեքներ: «Բայց ինչ բան որ ինձ շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։ Եվ հենց ամեն բաներ էլ վնաս եմ համարում  իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցի, և աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ, Եվ նրանում գտնվիմ. և ոչ թե իմ արդարությունն ունենամ՝ որ օրենքիցն է, այլ այն, որ Քրիստոսի հավատքիցն է. Այն արդարությունը, որ Աստվածանից է հավատքով. Որ ճանաչեմ նրան՝ և նրա հարության զորությունը՝ և նրա չարչարանքի մասնակից լինելը, նրա մահվան կերպարանակից լինելով. Որպեսզի մեռելների հարությանը հասնեմ» Փիլիպպեցիս 3.7-11-ում Պողոս առաքյալը հստակ խոսում է իր արժեքների մասին: Ապրիր այնպես, որ երբ կանգնես Նրա առաջ, ափսոսալու շատ բաներ չունենաս: Հորդորում եմ, խնդրում եմ, ետ մի՛ նայիր, անցյալով մի՛ ապրիր, ապրիր հավիտենական կյանքի ու հավիտենական արժեքների համար:

Կարևոր է նաև վարձք դիզել երկնքում: Արդյոք այսօր դու երկրային կյանքդ ապրո՞ւմ ես այնպես, որ «շահույթ» ունենաս երկնքում: Երկնքում գանձեր դիզելու համար ունես միայն երկրավոր կյանքդ: «Գործեցեք ոչ թէ կորչելու կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնացող է հավիտենական կյանքի մեջ, որ մարդի Որդին կտա ձեզ. որովհետև Աստված Հայրը կնքեց նրան (Հովհաննես 6.27):  Բարիք գործելուց մի՛ ձանձրացիր, մի՛ դադարիր գանձեր դիզել երկնքում, որովհետև որտեղ որ քո գանձերն են, այնտեղ էլ կլինի քո սիրտը:

Երկրորդ պատգամաբերը երիտասարդների առաջնորդ Արթուր Աղեկյանն էր, ով խոսեց «Մարդկային փոխհարաբերությունների» մասին:

«Եվ սիրիր քո Տեր Աստծուն բոլոր սրտիցդ, և բոլոր անձիցդ, և բոլոր մտքիցդ, և բոլոր զորությունիցդ. Սա է առաջին պատվիրանքը։ Եվ երկրորդը սրա նման, Սիրիր քո ընկերին քո անձի պես. Սրանցից ավելի մեծ ուրիշ պատվիրանք չկա» (Մարկոս 12.30-31):Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ ինչպես սիրենք, պաշտենք Աստծուն, ու նույն կերպ նաև սովորեցնում է ճիշտ փոխհարաբերություն ունենալ մարդկանց հետ: Սրա կարիքն ունենք յուրաքանչյուրս:

Երկրի վրա ցանկացած մարդ շփման կարիք ունի: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեկուսացումը վտանգավոր է անգամ առողջության համար: Քննադատող մարդը տեսնում է քննադատող մարդկանց, շփվող մարդը տեսնում է շփվող մարդկանց: Թույլ ու տկար քրիստոնյայի աչքին մյուսներն էլ են այդպիսին երևում: Յուրաքանչյուրը տեսնում է մյուսներին այնպես, ինչպես հաճախ ինքն է:

«Երկուսը լավ է, քան թե մեկը. Որ նրանք վարձք ունին իրենց աշխատանքիցը։ Որովհետև եթէ վայր ընկնեն, մեկը մյուսին վեր կկացնի. Բայց վա՜յ մեկին, որ ընկնի, և մի երկրորդ չկա, որ նրան կանգնեցնի» (Ժողովող 4.9-10): Սաղմոս 133-ը ևս խոսում է միաբանության ու միաբանության կարևորության մասին:

Կա մարդկանց երեք տեսակ՝ վերցնող մարդիկ, մարդիկ, ովքեր միայն վերցնում են. բարևեն, կբարևի, հարցնեն, կպատասխանի, շփվեն, կշփվի, հակառակ դեպքում՝ ինքն ունի իր սահմանները, որոնցից երբեք դուրս չի գա: Մյուսը փոխանակող մարդիկ են: Մարդ, որ դիմացինի հետ վարվում է ճիշտ այնպես, ինչպես իր հետ են վարվում, բարևում է, քանի որ իրեն բարևել են: Երրորդ տեսակը ներդրողներն են, մարդիկ, ովքեր մտածում են տալու, փոխանցելու մասին. այսպիսին կարող է լինել միայն Սուրբ Հոգով լցված մարդը: Նա չի սպասում, որ իր հետ ջերմ ու սիրալիր լինեն, նա միշտ տվող է, նա միշտ փոխանցող է:

Մարդկանց հետ ճիշտ փոխհարաբերությունների համար կարևորագույն բաներից մեկը լեզուն է: Կարողանո՞ւմ ես վերահսկել քո լեզուն, կարողանո՞ւմ ես ճիշտ փոխհարաբերությունների ստեղծել մարդկանց հետ: Առակաց գիրքն ասում է՝ մահն ու կյանքը լեզվի ձեռքին են: Լեզվից բացի կարևոր է նաև լավ վերաբերմունք ունենալը: Փորձիր լավ վերաբերմունք ունենալ յուրաքանչյուրի նկատմամբ, ընդունիր մարդկանց այնպիսին, ինչպիսին իրենք կան:

Աղբյուր՝ vernatunchurch.am

 

Մեկնաբանություններ