Երիտասարդական կոնֆերանս. Նվիրում. Մաս 2

397

«Վերնատուն» եկեղեցում շարունակվում է երիտասարդական կոնֆերանսը: Առաջին հատվածում խոսեցին Արտավազդ Թադևոսյանն ու Արթուր Աղեկյանը:

Երրորդ պատգամաբերը «Վերնատուն» եկեղեցու տարածքային հովիվ Կարեն Թադևոսյանն է, ով խոսեց «Ապրել սրբության կյանք» թեման:

Քո ներսը ազդեցություն ունի դրսի վրա, բայց դուրսը գրեթե ազդեցություն չունի ներսի վրա: Արտաքին ձև ընդունելը շատ հեշտ է, բայց միայն դա Աստծուն հաճելի չէ, Աստված հետաքրքրված է մեր ներսով: Աստված ամեն բան տեսնում է և ամեն բան գիտի: Այսօր շատ խոսելու ենք ներսի մասին: Անապատում Խորանի կառուցվելու նպատակը Աստծո սկզբունքայնությունն ու սրբությունը ցուցադրելն էր: Սրբությունը նշանակում է անարատ ու անթերի, մաքուր՝ ամեն կողմից, անբիծ ու կատարյալ: «Որ իր առաջին փառավոր կանգնեցնի եկեղեցին, որ չունենա մի արատ կամ խորշոմություն կամ ուրիշ բաներ, որ սուրբ և անարատ լինի» (Եփեսացիս 5.27): Սա է Աստծո նպատակը: Սա խոսում է մեր անկարողության ու Նրա ամենակարող լինելու մասին: Հիսուս Քրիստոսով սրբությունը հասանելի է մեզ:

Ելից 29.43-ն ասում է, որ Խորանը մարդու և Աստծո հանդիպման վայրն էր: Եթե կա ԱՍտծո փառքն ու ներկայությունը, ուրեմն՝ կլինի սրբությունը: Խորանում կար Աստծո ներկայությունը, կային նաև անոթներ, որոնք մաքրվում էին միայն արյունով, կար նաև ճրագն ու յուղը, որ Սուրբ Հոգու խորհուրդն էր: Խորանում ամեն բան կազմակերպված էր Աստծո կողմից, ու աննշան շեղումն անգամ օրենքի խստությամբ կհանգեցներ մահվան: Խորանը սովորեցնում էր սկզբունքայնություն, սովորեցնում էր նաև, որ Աստված սուրբ է, և մարդիկ էլ պիտի սուրբ լինեին: Այն Սուրբ էր այնքան ժամանակ, քանի դեռ կար Աստծո ներկայությունը: Սրբության կյանքը մարդու կյանքն է Աստծո հետ, Աստծո ներկայության մեջ լինելը:

«Հետևեցեք խաղաղության ամենի հետ և սրբության, որ առանց նրան ոչ ով Տիրոջը չի տեսնի» (Եբրայեցիս 12.14): Ո՞րն է Աստծո Խորանն այսօր, որ պիտի ներկայացնի Աստծո սրբությունը: Այդ Խորանն ու տաճարը ես ու դու ենք: Ինչպես սկզբունքային էր Աստված Հին Ուխտում Իր Խորանի ու Իր տաճարի հարցում, նույն կերպ այսօր Աստված նայում է մեզ: Ինչպես Հին Կտակարանում Աստված Խորանի նկատմամբ ուներ ծայրահեղ սկզբունքային ու զգույշ մոտեցում, նույն մոտեցումն ունի այսօր մեզնից յուրաքանչյուրին: Դու ես քո տաճարի քահանան, այնտեղի ամեն աղոթքները՝ առավոտ, երեկո, ամեն զոհերը՝ ընթերցանություն, ժողովներին ներկա լինել… այդ ամենը քո պատասխանատվության ներքո է: Տերն ամեն բան մեր ձեռքն է տվել: Այդ տաճարը շատ փորձությունների կենթարկվի, բայց միևնույնն է, դու հաղթող կլինես: «Չգիտե՞ք որ դուք Աստծո տաճար եք և Աստծո Հոգին բնակված է ձեզանում։ Եթե մեկն Աստծո տաճարն ապականի, նրան էլ Աստված կապականի. Որովհետև Աստծո տաճարը սուրբ է՝ որ դուք եք» (Ա Կորնթացիս 3.16-17): Մեղավորներ մի՛ փնտրեք, տաճարը սուրբ պահողն ու պղծողը մենք ենք: Առանց սրբության մեկը չի կարող տեսնել Աստծուն: «Սուրբ եղեք» խոսքերն այսօր ուղղված են ինձ ու քեզ: Սուրբ պահիր քո տաճարը:

Վերջին պատգամաբերը «Էմմանուէլ» եկեղեցու երիտասարդների առաջնորդ Արմանն Մանուկյանն է, ով խոսեց «Աստծո հետ հաղորդակցություն» ունենալու մասին:

Ես գիտեմ, որ խոսում եմ մարդկանց հետ, ովքեր երկար տարիներ գուցե ունեն աղոթքի կայուն կյանք, սակայն ուզում եմ սկսել սկզբից: Շատերը գալիս են եկեղեցի, քարոզ են լսում, գիտեն որոշակի բաներ, եկեղեցում ընկերական շրջապատ ունեն, անգամ ծառայում են միասին, բարի սիրտ ունեն, սակայն քրիստոնեության մեջ մի շատ կարևոր ոլորտ կա, առանց որի մենք մի ր մարում ենք. դա հաղորդակցությունն է Աստծո հետ: Հնարավո՞ր է արդյոք Աստծո հետ ունենալ անձնական հաղորդակցություն: Ոչ թե ինքնաներշնչանք, այլ հաղորդակցություն: Դա երկկողմանի մի բան է: Երբեմն մեր աղոթքները մեծամասամբ մեզ համար են միայն, բայց հաղորդակցությունը սա է՝ խոսել և լսել: Մտնել ներքին սենյակն ու ծածուկում սկսել աղոթել: Ոչ ինքնաներշնչանք, ոչ հուզականություն, այլ կենդանի հաղորդկացություն Աստծո հետ. արդյոք սա հնարավո՞ր է: Այո՛, ոչ միայն հնարավոր է, այլև սա քրիստոնեության հիմքն է: Ու եթե սա բացակայում է քո կյանքում, դու կնմանվես առանց շարժիչի մեքենայի: Ո՞ւմ է պետք այն քրիստոնյան, որ չունի հաղորդակցություն Աստծո հետ: Քրիստոս եկավ, որ վերականգնի մարդու և Աստծո միջև խաթարված հաղորդակցությունը: «Ահա Տիրոջ ձեռքը չի կարճացել փրկելուց, և նրա ականջը չի ծանրացել լսելուց. Այլ ձեր անօրենություններն են բաժանում ձեր և ձեր Աստծո մեջ տեղը. Եվ ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզնից որ չլսե» (Եսայա 59.1-2):

«Որովհետև Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքերի համար չարչարվեցավ, այն Արդարն անարդարների վրա, որ մեզ մոտեցնի Աստծուն. որ թեև մեռավ մարմնով, բայց կենդանի եղավ հոգով։» (Ա Պետրոս 3.18): Այստեղ խոսվում է մտերմության մասին: Աստված փափագում է մեզ հետ մտերմության: Սաղմոս 34.8-ն ասում է՝ Ճաշակեցեք ու տեսեք, որ Տերը քաղցր է: Սա հրավեր է Տիրոջ կողմից:

Մտերմության առաջին քայլը սա է. ճանաչել Աստծուն: Եթե դու չես զգում քաղցրությունը, եթե քո աղոթքի կյանքը նման չի Աստվածաշնչի մեջ նկարագրված աղոթքի կյանքին, ասա «Տեր, ես ուզում եմ նորից ճանաչել Քեզ»:  Ես չեմ խոսում քրիստոնեական կենցաղավարության մասին,ես խոսում եմ աղոթքի կյանք ունենալու մասին:  Քարոզների, կոնֆերանսների ժամանակ դու կհավաքես գիտելիք, որը շատ կարևոր է ու անհրաժեշտ, բայց ճանաչել կարող ես Աստծուն միայն աղոթքի ժամանակ: Հիսուսն ասաց աշակերտներին. «Գոնե մեկ ժամ չկարողացա՞ք ինձ հետ աղոթքի կենալ»: Երկրորդ քայլը ընդունելն է՝ վստահել,  քայլել, նմանվել: Համաձա՞յն եք Նրա սկզբունքների հետ, Նրա ներկայացրած, Նրա սովորեցրած կյանքի սկզբունքների հետ: Համաձա՞յն եք քայլել Նրա հետքերով, գնալ անձը ուրանալու ու խաչը վերցնելու ճանապարհով:  Եվ երրորդ քայլը ժամանակ հատկացնելն է, ժամանակ անցկացնել Աստծո հետ:, ոչ թե Աստծո համար, այլև Աստծո հետ: Մենք կարող ենք Աստծո համար շատ բաներ անե, բայց կարևոր է ժամանակ անցկացնել Աստծո հետ: Հատկացրու քո լավագույն ժամանակը Աստծուն: Առավոտ կանուխ փնտրիր Աստծո քաղցր ներկայությունը:

Կոնֆերանսն ավարտվեց հրաշալի փառաբանության ու երկրպագության րոպեներով: «Վերնատան» երիտասարդները որոշում կայացրին, որ այս տարին լինելու է ՆՎԻՐՈՒՄԻ տարի, և ողջ տարվա ընթացքում մտորելու, աշխատելու և աճելու են այն ամենի մեջ, ինչ լսեցին այսօր՝ Ապրել հավիտենության համար, Ճիշտ փոխհարաբերություն ունենալ մարդկանց հետ, Ապրել սրբության կյանք և ունենալ կենդանի հաղորդակցություն Աստծո հետ:

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ