Ես և դու միայն ամբողջականի մի մասն ենք

374

«Մարմինն իր բոլոր մասերով ներդաշնակ միասնությամբկապվում է իրար՝ բոլոր հոդերի օգնությամբ: Եվ երբ յուրաքանչյուր մաս գործում է ինչպես որ պետք է, մարմինն աճում և զորանում է սիրո մեջ» — Եփեսացիս 4:16

Պատկերացնենք մի իրավիճակ. երկու ընկերներ` Պետրոսը և Պողոսը, ճանապարհից մուրճ և մեխ են գտնում: Մուրճը հայտնվում է Պետրոսի ձեռքում, իսկ մեխը՝ Պողոսի: Երկուսն էլ առաջին անգամ էին տեսնում մուրճ և մեխ: Նրանք պատկերացում անգամ չունեին ինչպես դրանք գործադրել:

Շուտով յուրաքանչյուրը կենտրոնանում է իր գտածի վրա և սկսում խորհել վերջինիս գործածման խնդրի շուրջ: Վերջապես, երկարատև փորձերի և մտորումների արդյունքում` Պետրոսը հասկանում է, որ մուրճով կարելի է ինչ-որ օգտակար գործ անել: Պողոսն էլ իր հերթին է հասկանում, որ մեխը կարելի է արդյունավետ օգտագործել:

Նա կիսվում է իր հայտնությամբ Պետրոսի հետ՝ ուշադրություն չդարձնելով ընկերոջ ձեռքում հայտնված մուրճի վրա: Պողոսն ընկերոջը խնդրում է իր հետ միասին փնտրել մեխին հարվածելու մի գործիք, սակայն Պետրոսն այնքան էր տարված և զբաղված իր մուրճով, որ չի կարևորում Պողոսի խնդրանքը՝ մտածելով, որ իր խնդիրն առավել կարևոր ու առաջնային է:

Երբեմն Աստված եկեղեցուն տալիս է տեսիլք` ինչ-որ նոր շարժ կամ մեծ օրհնություն սկսելու նպատակով, բայց Նա իր զավակներից յուրաքանչյուրին տալիս է տեսիլքի միայն մի մասը: Դա նման է «փազլ»-ի` ամբողջական պատկերը տեսանելի է դառնում միայն մասերը ճիշտ միացնելու դեպքում:

Բայց մենք երբեմն ու շատ հաճախ այնքան ենք տարվում ծառայության կամ տեսիլքի մեր «մաս»-ով, որ մոռանում ենք, որ ես և դու միայն ամբողջականի մի մասն ենք: Արդյունքում շարունակ տրտնջում և չենք հասկանում մեր բացթողումների ու անարդյունք աշխատանքների իրական պատճառները:

Եկե´ք, մեր ծառայությանն ու տեսիլքին նայենք ոչ թե մեր, այլ Աստծո աչքերով:

Լևոն Մարգարյան

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ