Protestant.am-ը զրուցել է «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ Արթուր Սիմոնյանի հետ

496

«Եթե եկեղեցին դադարի հավատալ աղոթքներին և ծոմին, ապա կդառնա մի ռացիոնալ, սովորական հաստատություն երկրի վրա»․ «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ Արթուր Սիմոնյան

 

 

Ո՞րն է «Կյանքի Խոսք» եկեղեցու հիմնական տեսիլքը,և մասնավորապես Ձեր երազանքը՝ որպես ավետարանական հովիվ:

Մեր հիմնական տեսիլքն է քարոզել Ավետարանը և մարդկանց բերել Քրիստոսին, ոչ թե ուրիշ եկեղեցուց բերել մեր եկեղեցի, այլ կործանվող մարդուն բերել փրկության` լինի Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս:

Մեր ազգի փրկությունը, իհարկե, մեզ համար շատ կարևոր է, բայց մեր գործունեությունը չի սահմանափակվում միայն Հայաստանով: Մենք Ավետարանը քարոզում ենք ամենուր, որտեղ հնարավոր է, այդ պատճառով էլ բարձրացնում ենք ծառայողներ թե’ Հայաստանում, թե’ դրսում ծառայելու համար: Ես հավատացած եմ, որ մեր ազգը կանչված է ուրիշ ազգերին փրկություն բերելու համար:

Լինելով տարածաշրջանի ամենամեծ ավետարանական համայնքներից մեկի հովիվը` ի՞նչ դժվարությունների եք բախվում:

Դժվարություններն, իհարկե, շատ են, բայց ամեն ինչում լուծում կա: Որպես հովիվ` ես չեմ կարող տրտնջալ ու ասել, որ իմ կյանքը շատ դժվար է. ես գտնվում եմ մի ճանապարհի վրա, որն ինքնակամ եմ ընտրել:

Բացելով Ավետարանը` հենց սկզբից մենք կարդում ենք այդ դժվարությունների մասին, ուստի դժվարությունը դժվար է, երբ զգուշացված չես, բայց եթե նախապես զգուշացված ես, դժվարությունն այդքան էլ ծանր չէ: Դրա համար կարող եմ ասել, որ ինչ դժվարություն էլ լինի` հեշտությամբ ենք հաղթահարում այն:

Վերջին ամիսներին հյուրընկալեցիք աշխարհի ամենամեծ բողոքական համայնքի հովիվ, հարավկորեացի դոկտոր Դեյվիդ Յոնգի Չոյին, այնուհետև՝ աշխարհահռչակ ավետարանիչ Բեննի Հիննին: Դրանք աննախադեպ իրադարձություններ էին հայ ավետարանական ողջ համայնքի համար. կկիսվե՞ք Ձեր տպավորություներով:

Նախ և առաջ ասեմ, որ ես ցնցված էի հովիվ Յոնգի Չոյի գալուց, որովհետև մեկ տարի առաջ, երբ Եվրոպայում նրան լսում էի, կինս ասաց` արի հրավիրենք: Իրականում ես չէի էլ կարող պատկերացնել, որ նա կգա Հայաստան, անգամ չէի մտածում նրան հրավիրելու մասին: Բայց ինձ ցնցեց, երբ իր ծառայությունից ինձ զանգահարեցին` հայտնելով, որ Աստված Յոնգի Չոյի հետ խոսել և ասել է, որ ինքը պետք է գա Հայաստան:

Ասացին, որ նա հատուկ ուղերձ ունի «Կյանքի Խոսք» եկեղեցու և ինձ համար: Դա կարծես մեր սրտին անուշահոտ յուղ լիներ, որովհետև այդ ամենը կատարվեց ուժեղ հալածանքներից և դժվարություններից հետո:

Եվ, իհարկե, Յոնգի Չոն անցկացրեց շատ լավ ծառայություններ, կիսվեց հույս և հավատք բարձրացնող պատգամներով, բայց բացի ծառայություններից, ես շատ մեծ բան ստացա անձնական շփումներից, իր հետ զրույցներից:

Ես պարզապես զգացի, որ սա Տիրոջ ձեռագիրն է: Նա մարգարեական խոսքեր էր բերել ինձ համար, իմ ընտանիքի և իմ ծառայության համար: Եվ ես իրականում շատ ցնցված էի` այդ ամենը տեսնելով, լսելով, զգալով, թե ինչպես է Աստված աշխատում: Պետք է ասեմ, որ Յոնգի Չոյի գալուստը շատ մեծ բժշկություն էր իմ և կնոջս սրտերի համար` շատ դժվար ժամանակներից հետո:

Ինչ վերաբերում է Բեննի Հիննին, ապա մի ճշտում անեմ, որ նա ոչ թե անմիջապես «Կյանքի Խոսք»-ի, այլ «Միաբանության» հյուրն էր: Կարող եմ ասել, որ հրաշալի, զորավոր ծառայություններ ունեցանք: Միշտ էլ նման օծյալների գալուստը մեծ հետք է թողնում հոգևոր կյանքի վրա:

Ի՞նչը կփոխեիք հայ ավետարանական իրականության մեջ:

Կպատասխանեմ շատ լակոնիկ. եթե կան բաներ, որոնք Ավետարանի սահմաններից դուրս են եկել, կուզենայի, որ դարձյալ փոխեինք դեպի Ավետարանը: Մեր միակ և անփոփոխ չափանիշը բոլոր հարցերում պետք է լինի Աստծո Խոսքը: Կցանկանայի, որ հայ ավետարանական իրականության մեջ միշտ թագավորի Քրիստոսի Ավետարանի իրականությունը:

Ինչպե՞ս եք վերաբերվում երբեք չդադարող քննադատություններին ու պիտակավորումներին:

Նախկինում շատ ցավոտ էի վերաբերվում, մտահոգվում էի` ասելով, բայց չէ՞ որ այդ ամենը սուտ է, ինչո՞ւ են զրպարտություններ տարածում: Հետո հասկացա, որ ստին պետք է վերաբերվել մի քիչ հումորով, կասեի նույնիսկ` ներքին ծաղրանքով: https://www.facebook.com/protestant.am?ref=hlՇատ երկար ժամանակ է, որ անիմաստ քննադատություններին բանի տեղ չեմ դնում, ստի վրա հիմնված նյութերը չեմ կարդում:

Իհարկե, ոմանք ցանկանում են, որ ես կարդամ և ուշադրություն դարձնեմ իրենց գրածներին, բայց ես դրանով չեմ զբաղվում: Ես զբաղված եմ Ավետարանի քարոզչությամբ, հովվական գործով, ծառայությամբ, մարդկանց սովորեցնելով:

Մենք ունենք մամուլի խոսնակ` Արմեն Լուսյանը, ով զբաղվում է լրատվական հարցերով, հիմնականում ինքն է կարդում, երբ հարմար է գտնում արձագանքում է, հարմար չի գտնում` անտեսում է:

Մի խոսքով` նյութերի 95 տոկոսն իմ կողքով է անցնում: Այժմ, երբ մի բան էլ լսում եմ, ցավոտ չեմ տանում, ծիծաղում-անցնում եմ, եթե նախկինում ազդում էր, հիմա ընդհանրապես չի ազդում:

Մյուս կողմից էլ շատ կարևոր է նայել և տեսնել` արդյոք այդ քննադատությունների մեջ թեկուզ մի քիչ ճշմարտություն կա՞, թե՞ ոչ: Եթե ճշմարտություն չկա, այդ մարդիկ ուղղակի մեզ ուժեղացնում են, որ մենք ավելի աղոթենք, Աստծուն մոտենանք, կարելի է ասել` նրանք մեզ պահում են հոգևոր դաշտում, որ միշտ աղոթքի և ծոմերի մեջ լինենք:

Պարզունակ ձևակերպմամբ մի հարց. ինչո՞ւ են «լավ» մարդկանց հետ «վատ» բաներ պատահում:

«Վատ» բաներ պատահում են, որովհետև «լավ» մարդ են: Հիսուսն Ինքն էլ ասաց, որ ձեզ կատեն, ձեզ կչարախոսեն, այսինքն լավ մարդկանց հետ վատ բաներ կպատահեն, «բայց քաջացե’ք` Ես հաղթել եմ աշխարհին»:

Հիսուսին էլ խաչեցին, ընդ որում Նա ոչ մի վատ բան չէր արել, ավելին` կերակրել էր սովածներին, բժշկել էր հիվանդներին և ուրիշ շատ լավ բաներ էր արել: Սա պարզ վկայություն է, որ այս աշխարհը չարի ձեռքերի մեջ է, դրա համար էլ լավը չի գնահատվում: Բայց լավը չպետք է դադարի լավություն անելուց: Դա ամենամեծ պատիժն է դեպի չարը:

Իհարկե, լինում են դեպքեր, երբ ոչ թե ինչ-որ մեկն է լավ մարդուն վատ բան անում, այլ կյանքն է ապտակ հասցնում, ասենք` հիվանդություն է պատահում, հարազատ մարդու կորուստ է լինում և այլն: Ես այսպիսի ասացվածք ունեմ. «Կյանքը նման է անդաստիարակ մատուցողի. հաճախ մատուցում է մեզ այն, ինչ չենք պատվիրել»:

Բայց հենց այդ ժամանակ պետք է որոշում կայացնել` ապրել և հաղթել: Նաև անհրաժեշտ է միշտ հիշել, որ մեր տկարությունների մեջ մենք երբեք մենակ չենք լինում. Աստված հայտնվում է Իր զավակներին որպես Մխիթարիչ և Օգնական:

Մեր հասարակության մեջ առկա են որոշակի չլուծված սոցիալական, տնտեսական, քաղաքական խնդիրներ: Ըստ Ձեզ՝ ո՞րն է Եկեղեցու դերն այս իրավիճակից դուրս գալու համար: Կարո՞ղ է արդյոք ավետարանչությունը, Բարի Լուրի տարածումը շտկել իրավիճակը:

Իմ համոզմամբ` Եկեղեցու դերակատարությունը ձեռք մեկնելն է, որը նախ և առաջ դրսևորվում է մարդկանց Աստծուն մոտեցնելու մեջ: Գործք առաքելոց գրքում տեսնում ենք, որ Պետրոսն ու Հովհաննեսը գնում էին տաճար աղոթքի և մուտքի մոտ տեսան մեկին, ով հացի փող էր մուրում, այսինքն ծանր սոցիալական վիճակում էր:

Նրանք մի բան ասացին․ «Արծաթ ու ոսկի չունենք, բայց ինչ ունենք, քեզ կտանք»: Ձեռք մեկնեցին, նա կանգնեց և բժշկվեց: Այդ պահին անդամալույծին հենց դա էր հարկավոր:

Եկեղեցին չի կարող արծաթով ու ոսկիով լուծել երկրի սոցիալ-տնտեսական հարցերը, դա պետության, կառավարության խնդիրն է: Բայց եկեք տեսնենք, որ այսօր մեր հասարակության խնդիրների արմատը սոցիալ-տնտեսական չէ: Այսօր կան շատ մարդիկ, ովքեր մեծ գումար չունեն, բայց շատ երջանիկ են իրենց զգում, որովհետև իրենց ներսի աշխարհը հարստացած է և իրենք լցված են Աստծով:

Ես հավատում եմ, որ եկեղեցու գործը ոչ թե ֆինանսական օգնությունն է (թեև եկեղեցին միշտ էլ գթությամբ զբաղվում է), այլ իրականում այն, որ ինչ-որ Տերը տվել է մեզ, այդ ամենը տանք մարդկանց:

Ողջ Ավետարանը խոսում է, թե ինչ պետք է տանք մարդկանց: Ինչ արժե միայն այն, որ մարդը կարող է Սուրբ Հոգու միջոցով ունենալ արդարություն, խաղաղություն և ուրախություն:

Այնպես որ, այսօր մարդկանց դժբախտությունն այդքան սոցիալական չէ, ճգնաժամը ֆինանսական չէ, ճգնաժամը բարոյական է, ինչն էլ գալիս է նրանից, որ շատ մարդիկ Աստծուն չունեն իրենց կյանքում: Եթե Աստծուն ունենան, ամեն ինչ իր տեղում կլինի, և դաշտի շուշանի պես երջանիկ կլինեն:

Գիտե՞ք, շատ կարևոր է նաև գիտակցել, որ եկեղեցու գործելու կարևոր միջոցներն են աղոթքն ու ծոմը: Այս շրջանում մեր եկեղեցին շատ ուժեղ աղոթքի և ծոմապահության մեջ է: Մենք վաղուց ունենք շուրջօրյա աղոթքներ, հիմա էլ մեզ մոտ ամեն օր ընթանում են գիշերային աղոթքներ, նաև ծոմապահության մեջ ենք մինչև տարեվերջ:

Եվ սա մենք անում ենք մեր երկրի և ժողովրդի համար: Ես հավատում եմ, որ ծոմն ու աղոթքն օգնում են երկրին բարձրանալու, իմաստություն ստանալու:

Եթե եկեղեցին դադարի հավատալ աղոթքներին և ծոմին, ապա կդառնա մի ռացիոնալ, սովորական հաստատություն երկրի վրա: Բայց եթե մենք հոգևոր ենք ուզում մնալ, պետք է ծոմերով, աղոթքներով և, ինչո՞ւ ոչ, ավետարանչությամբ փոխենք մարդկանց կյանքը:

Հիսուսն ասաց․ «Ինձ մոտ եկե’ք բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ»։ Մենք գիտենք, որ սոցիալական դժվարությունները մարդկանց հոգնացնում և բեռնավորված են դարձնում, բայց Հիսուսը շարունակում է` վերցրե’ք Իմ լուծը, որ քաղցր է:

Լուծը շատ հետաքրքիր հայտնություն է: Երբ երկու եզներին լուծ են կապում, նրանք քայլում են համընթաց, մեկը մյուսից առաջ չի անցնում: Այլաբանորեն ասած` Հիսուսն ասում է․ «Ես քո հետ հավասար կքայլեմ, մինչև դու բարձրանաս»:

Ավետարանչությունը հենց կբերի նրան, որ մենք կվերցնենք Քրիստոսի լուծը, ու չնայած սոցիալ-տնտեսական դժվարություններին` կքայլենք Հիսուսի հետ միասին: Դրա մեջ կունենանք երջանկություն, իսկ մնացած ամեն բան ժամանակի ընթացքում կփոխվի:

Protestant.am կայքն արդեն մեկ տարեկան է․ հետևում եք արդյո՞ք կայքի գործունեությանը և ի՞նչ կմաղթեք մեզ։

Կայքի գործունեությանը հետևում եմ, կարդում եմ, ուրախանում եմ, որ այդպիսի կայքեր կան, այդպիսի երիտասարդներ կան, որ շատ առողջ են մտածում ու նույնպես օբյեկտիվ են ամեն ինչին վերաբերվում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Protestant.am-ի խմբագրին` Գոռին, և մնացած անձնակազմին ձեր նվիրված աշխատանքի համար:

Տեղյակ լինելով` հասկանում եմ, թե ինչ դժվար և պատասխանատու գործ է: Սա մեծ պայքար է և այստեղ գործում է մի «բանակ», որը բաղկացած է ընդամենը մի քանի հոգուց: Տերը թող պահի ու պահպանի, մենք մեր աղոթքներով, ամեն ինչով ձեզ հետ ենք:

Ընթերցողներին էլ կմաղթեմ, որ կայքի նյութերի գոնե 50 տոկոսը կիրառեն իրենց կյանքում, շարունակեն հետևել Protestant.am-ի և մյուս քրիստոնեական լրատվական կայքերի նյութերին, որովհետև դրանք թեև շատ չեն, բայց նման են անապատում եղող օազիսներին, որոնցից կարելի է ջուր խմել:

Զրուցեց Գոռ Կարապետյանը

Մեկնաբանություններ