Protestant.am-ը զրուցել է եվրոպաբնակ երիտասարդ հայ քարոզիչ Էդգար Վահանյանի հետ

1172

«Եվ մի կերպարանվեք այս աշխարհքի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք թէ ի՞նչ է Աստծո կամքը՝ բարին, հաճելին և կատարյալը» (Հռոմեացիս 12.2)։

Protestant.am-ը մեծապես կարևորում և պարբերաբար անդրադառնում է Սփյուռքում գործող հայ քրիստոնեական համայնքների անցուդարձին։

Օրերս Բելգիայում տեղի ունեցավ UPDATE խորագիրը կրող համաեվրոպական երիտասարդական համաժողով։ Այս նշանակալի իրադարձության առիթով զրուցեցինք համաժողովի կազմակերպիչ, Հոլանդիայի «Աստծո տուն» եկեղեցու երիտասարդաց պատասխանատու Էդգար Վահանյանի հետ։

Էդգար, ո՞րն է UPDATE ճամբարի գլխավոր նպատակը։

Ճամբարի նպատակը Եվրոպայի հայ բողոքական-ավետարանական երիտասարդներին հոգևորապես նորոգելն ու զինելն է: Մեր երիտասարդներին ապրելու, կայանալու համար բաժին են ընկել այս ժամանակները և այս աշխարհամասը, որտեղ ազատության (ազատ մտածելակերպի) քողի տակ հոգեավերիչ սովորույթներ ու նորմեր են հրամցվում, որտեղ ծնունդ են առնում բազում մոլորեցնող գաղափարներ, որտեղ իսլամը շարունակում է արագ տեմպերով աճել ու տարածվել…

Այսպիսի իրավիճակներում երիտասարդ քրիստոնյաները պետք է ավելի արթուն լինեն՝ լեցված Հոգով ու իմաստությունով, որպեսզի կարողանան դիմակայել նշված մարտահրավերներին։

Մյուս կարևոր նպատակը մեր երիտասարդներին հորդորել, հիշեցնելն է, որ մենք եկել ենք ապահով ու բարեկեցիկ երկրներ ոչ միայն ուտելու այն ծառից, որը մենք չենք տնկել, այլև անհրաժեշտ է հոգ տանել ու խնամել այդ «ծառին»: Մենք, որ օգտվում ենք Եվրոպայի նյութական բարիքներից, պետք է նաև պարտավորված լինենք՝ մեր գոհունակությունը արտահայտելու, և դա մենք լավագույնս կարող ենք անել մեր բարի քրիստոնեական վարքով, Աստվածաշնչյան սկզբունքներին ու արժեքներին հավատարիմ մնալով ու Սուրբ Հոգու զորությամբ լեցված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանի մասին վկայելով:

Հավատում ենք, որ Աստված մեր հայ երիտասարդների միջոցով կշարունակի Եվրոպայում այն փառավոր գործը, որ սկսվեց 500 տարի առաջ ռեֆորմատորների միջոցով:

Ինչպե՞ս ծագեց նման համագումար կազմակերպելու գաղափարը։

Տարիներ առաջ, երբ ընթերցում էի Հայտնության գիրքը, սրտիս հետ խոսեցին 7․9-10 համարները՝ «Եւ սրանցից հետո տեսա, եւ ահա մի շատ ժողովուրդ, որ ոչ ոք չէր կարող համարել, ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից, կանգնած աթոռի առաջին եւ Գառի առաջին, եւ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց ձեռքերումն արմաւենիներ. Եւ աղաղակում էին բարձր ձայնով եւ ասում. Փրկութիւնը մեր Աստուծուն, որ նստում է աթոռի վերայ, եւ Գառին»։

Մոտ 5 տարի առաջ, ուրախությամբ իմացա, որ Բելգիայում կան հայախոս Ավետարանական հավատացյալներ։ Ասացի այդ մասին մեր հովվին, ծանոթացանք նրանց հետ, մտերմացանք։ Այդպիսով, մի օր առաջարկեցի համատեղ երիտասարդական ծառայություն անցկացնել։ Առաջարկը սիրով ընդունվեց Բելգիայի եկեղեցու կողմից, և հրաշալի պաշտամունք ունեցանք։

Մենք ապրում ենք Եվրոպայում, բայց երբեք չենք մոռանում մեր հայկական արմատները և ցանկանում ենք դրանց առողջ, հոգևոր սնունդ տալ, քանզի որքան առողջ լինեն արմատները, այդքան առողջ կլինի պտուղը։
Է․Վահանյան

Քանի որ սրտիս մեջ կար Եվրոպայի եկեղեցիներում հաստատված հայ երիտասարդների մասնակցությամբ միասնական հայալեզու հավաքույթներ կազմակերպել, որոշեցինք կոնֆերանսը դարձնել ամենամյա։

Երկրորդ տարում մեզ միացավ ևս մեկ եկեղեցի Հոլանդիայից, երրորդ տարում՝ Ֆրանսիայից՝ Փարիզ, Լիոն, Ստրասբուրգ, չորրորդ տարում Ավստրիայից և Գերմանիայից, և այս տարի մեզ միացան նաև Իսպանիայի Վալենսիա քաղաքից։

Այսպիսով, 5-րդ ամենամյա համաժողովին մասնակցում էին հայ երիտասարդներ եվրոպական 5 երկրից։

Այո՛, Եվրոպայի 5 երկրների 10 քաղաքներից ժամանած ավելի քան 90 երիտասարդներ մասնակցեցին այս տարվա ճամբար-համագումարին։ Փառք Աստծուն, մեզ համար սա մեծ ուրախություն է, մանավանդ որ նախորդ 4 տարիներին մեկօրյա միասնական ծառայություններ էինք ունենում, բայց այս տարի արդեն ունեցանք համատեղ ճամբար։

Այստեղ՝ Եվրոպայում, գրեթե բոլոր բնակավայրերում կան հրաշալի եկեղեցիներ, բայց մեզ անհամեմատ հոգեհարազատ է մերը՝ հայկականը։ Հայալեզու փառաբանությունը եւ ծառայությունը շատ ավելի քաղցր ու օրհնաբեր է մեզ համար։

Մենք՝ հայերս, չենք եկել Եվրոպա ասիմիլացվելու, ձուլվելու համար, հապա պահելով մեր ինքնությունը՝ աղ և լույս լինելու համար որպես քրիստոնյաներ։

Մի փոքր խոսե՛նք այս տարվա համաժողովի խորագրի մասին։ Ինչո՞ւ UPDATE։

Ապրում ենք պոստմոդեռն ժամանակաշրջանում։ Եվրոպական հասարակությունը փոփոխում ու «զարգացնում» է իր մտածելակերպը, աշխարհայացքը..․ Ավելի քան երբևէ մենք կարիք ունենք թարմացման (վերականգնման, նորոգության)՝ մնալու հավատարիմ մեզ ավանդած Աստվածաշնչյան արժեքներին ու սկզբունքներին. միաժամանակ արդիականացման, որպեսզի կարողանանք Ավետարանը տվյալ ժամանակին համապատասխան ու հասարակության հասկանալի կերպով հասանելի դարձնենք։

Այսպիսի ծառայությունները մեզ օգնում են զարգացնել մեր աշխարհայացքը, կիսվել իրար հետ մեր հայտնություններով, ինչու ոչ՝ նաև մեր դժվարություններով և վկայություններով։

Փառք Աստծո, մեր ծրագրերն ընդլայնվում են։ Սկսել ենք 20 հոգով, այս տարի 90 հոգի էինք, վստահ ենք՝ Տիրոջ ձայնը փնտրող ավելի շատ երիտասարդներ կան, և ցանկանում ենք այս քաղցր մթնոլորտը ճաշակել ամեն տարի։ Ունենք բազմաթիվ վկայություններ, շատ երիտասարդներ, պարզապես հետաքրքրությունից դրդված, գալիս են այստեղ և հոգևոր հանդիպում ունենում Աստծո հետ, ապաշխարում։ Հովիվներն էլ վկայում են, որ երիտասարդները վերադառնում են եկեղեցիներ ավելի զորացած, օրհնված և հաստատված։

Սիրելի՛ Էդգար, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Թող Աստված նորովի օրհնի ձեր բոլոր ծառայությունները։

Ես էլ ձեզ եմ շնորհակալ լուսաբանելու համար, մանավանդ՝ շատերը հենց մեդիայի միջոցով են ծանոթանում և միանում մեր ծրագրերին․․․ Տերը օրհնի ձեզ։

Էդգար Վահանյանի հետ զրուցել է Սուրեն Սահակյանը

Մեկնաբանություններ