Protestant.am-ը զրուցել է Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանի հետ

423

Երևանի «Նոր սերունդ» եկեղեցում ամեն տարի, Սուրբ Ծննդից հետո հայտարարվում է ծոմապահության և աղոթքի շաբաթ:

Եկեղեցում այն արդեն կարծես ավանդույթ է դարձել: Յոթ օր շարունակ եկեղեցու բազմաթիվ անդամներ միաբանվում են ծոմապահության մեջ, ամեն երեկո հավաքվում եկեղեցու գրասենյակում՝ աղոթելու, երկրպագելու Աստծուն և լսելու Աստծո Խոսքը:

Այս կապակցությամբ Protestant.am կայքի թղթակիցը խնդրեց «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանին պարզաբանել ծոմապահության և աղոթքի աղբյուրները, նպատակը և ակնկալիքները:

Հովիվ Տիգրան, վաղո՞ւց է եկեղեցում ձևավորվել մեկշաբաթյա ծոմի ու աղոթքի «ավանդույթը»: Ինչպե՞ս է այն սկիզբ առել: Ինչո՞ւ հենց Սուրբ Ծննդից հետո։

Ինձ դուր եկավ «ավանդույթ» բառն այս համատեքստում: Իրապես թող ծոմ ու աղոթքը մշտական տեղ գրավի ամեն հավատացյալի կանքում:

«Նոր Սերունդ» եկեղեցում այս հրաշալի ծառայությունը սկսվել է 2004 թվականից: Սկզբում այն սկսվեց մեր բազային եկեղեցում հովիվ Այեքսեյ Լեդյաևի առաջնորդությամբ, որին անմիջապես միացան մեր շարժման մնացած 300-ից ավելի եկեղեցիներ` այդ թվում նաև Երևանի «Նոր Սերունդ» եկեղեցին:

Ծոմ-աղոթքի ընտրված ժամանակը տարեսկիզբն է: Ինչպես ասում են՝ ինչպես սկսես տարին, այնպես էլ այն կշարուրակվի: Այն կապված չէ Հիսուս Քրիստոսի Ծննդյան հետ, ուղղակի տարին սկսում ես հոգևոր զարթոնքով և հոգևոր հաղթությամբ, ինչպես գրված է Սուրբ Գրքում` «Իր անձը հնազանդեցնողը քաղաքը գրավողից էլ զորավոր է»:

Ի՞նչ նպատակ ունի ծոմի և աղոթքի շաբաթը: Հիմնավորվա՞ծ է այն Աստվածաշնչով:

Ծոմ- աղոթքի շնորհիվ կարելի է մեծ և անհասանելի բաների հասնել թե՛ հոգևոր և թե՛ նյութական աշխարհում: Հիսուսն` Ինքը 40 օր ծոմ պահեց Աստծո ծրագիրը իրականացնելու համար: Հետագայում տեսնում ենք, որ աշակերտներն էլ էին ծոմ պահում:

Ես չեմ ուզում առանձնացնել ծոմը աղոթքից: Առանց աղոթքի և Աստծո հետ հաղորդակցության ծոմը դառնում է դիէտայի ժանրին պատկանող, կամ ինչ-որ նպատակի հասնելու համար Աստծուն խղճահարության հասցնելու, մոնիպուլյացիոն էլեմենտներ կրող անիմաստ գործողություն:

Սուրբ գրքում ասվում է` դադարեցեք և ճանաչեք, որ Ես Եմ Աստված: Տարեսկզբին շատ հարմար ժամանակ է մարդու համար, խոնարհվելով Աստծո առաջ  դադար տալ և  փնտրել Նրան:  Տիրոջ ներկայության մեջ վերանայել, գնահատական տալ անցյալ տարում կատարված գործունեությանը և նոր ծրագրերով ու որոշումներով սկսել տարին:

Ամեն օր հանդիպել եկեղեցում, երկրպագել Աստծուն, լսել նոր հայտնություններ ու հաղորդակցվել միմյանց հետ. սա հրաշալի է :

Յոթ օր կերակուրից հրաժարվելով մարդը բավականին ժամանակ է խնայում Հոգով լցվելու և Աստծո բաների վրա մտածելու համար:

Եկեղեցին  նաև այն միակ կառույցն է, որին Տերը սպառազինել է  բոլոր հոգևոր զենքերով ,  իշխանություն է տվել հակառակորդի զորությունների վրա և երաշավորել մեր հաղթանակն ու անվտանգությունը: Ծոմի շնորհիվ հոգևոր պատերազմի դաշտում ավելանում է զգոնությունը, գալիս է համարձակություն, տրվում է նոր ռազմավարական մտքեր ու գաղափարներ կամ հոգևոր լեզվով ասած ` հայտնություններ: Սկսում են գործել հոգևոր պարգևները: Ես սիրում եմ այս օրերը…

Ի՞նչ ակնկալիքներ ունի եկեղեցին ծոմապահությունից ու աղոթքից:

Հիսուսը ասում էր՝ երբ որ ծոմ պահեք, մարդկանց կողմից նկատվելու համար չանեք, որովհետև ձեր վարձքը ստացած կլինեք: Նա ոչ միայն ուսուցանում էր Աստծո առաջ ծոմ պահելու մասին, այլ մտահոգված էր , որ մարդը չկորցնի այն վարձքը, որը պատրաստել է Աստված իրական ծոմ պահողների համար: Ուրեմն տեսեք, որ միանշանակ ծոմն ունի վարձք, և այն շատ մեծ է:

Մարդիկ աղոթքի ըմթացքում կարող են ինչ-որ բաներ խնդրել Աստծուց, բայց անգամ չպատկերացնել, որ Աստված կարող է ավելին տալ: Սավուղը իր էշերն էր որոնում, բայց Աստված թագավոր օծեց նրան:

tadevosyanԾոմը լավ ժամանակ է նաև մեր նախասահմանության մասին մտածելու և հասկանալու, թե որն է Աստծո կամքը մեզ համար և թույլ տալու, որ Նա իր «ծրագիրը  ներբեռնի» մեր մեջ, Իրեն նմանվելու և Իր կամքը կատարելու համար: Դա նման է համակարգչի` նոր ծրագրերը աշխատացնելու համար  թարմացվում է օպերացիոն համակարգը:

Այդ օրերին մենք միաբանվեցինք, որպեսզի Հայաստանում տեղի ունենան արմատական փոփոխություններ տարբեր ոլորտներում, այդ թվում նաև կադրային փոփոխություններ: Աստծո կամքն է, որ երկրում արդարները շատանան, որ ինչպես գրված է` Արդարները շատանալիս ժողովուրդը կուրախանայ… (Առ.29:2)

Հայաստանը մի տեսակ շատ է տխուր, նամանավանդ վերջին տարիներին: Սա Աստծո կամքը չէ: Այնպես որ ակնքալիքները շատ են և մեծ:

Երբևէ զգացե՞լ եք մեկշաբաթյա ծոմի ու աղոթքի արդյունքը, ճաշակե՞լ եք դրա պտուղները:

Արդյունքը կարելի է տեսնել հենց ծոմապահության օրերին կամ ժամանակի առումով ավելի ուշ:

Այն, որ Սուրբ Հոգու ներկայությունը դառնում է ավելի ակնհայտ իր բոլոր զգալի և շոշափելի հետևանքներով, դա փաստ է: Դա զգում ես անմիջապես: Լինում են ֆիզիկական բժշկություններ, ազատագրություններ տարբեր բացասական հոգևոր երևույթներից` վախերից, կասկածներից, անհավատությունից, որոնք տեղում զգալի են, իսկ կան ազատագրության ոլորտներ, որոնցից ազատագրվելու փաստը ավելի ուշ է նկատվում` նախանձ, բարկություն, մտքի ոլորտի պրոբլեմներ և այլն:

Ծոմապահության ժամանակ նաև  սկսում են ակնհայտորեն գործել հոգևոր պարգևները:

Լինում են նաև մեկ ուրիշ` առաջին հայացքից մարդու համար անհասկանալի, անցանկալի և ցավ պատճառող երևույթներ: Օրինակ` մարդու մոտ ի հայտ են գալիս նոր, մինչև այդ չերևացած, չբացահայտված բաներ. հանկարծ նկատում ես նոր` բացասական բնավորության գծեր, մտքի մեջ անմաքուր պատկերներ, հայհոյություններ, սեքսուալ բնույթի մտքեր և այլն: Ոչ բոլորն են կիսվում, ներկայացնում դա ուրիշներին, ծածկում են՝ կարծելով, որ ծոմի ժամանակ միայն դրական բաներ պետք է տեղի ունենան: Շատերը դատապարտում են իրենց կարծելով, որ իրենք ինչ-որ բանում մեղավոր են և սկսում են  դատապարտել  իրենք իրենց: Բայց իրականում թաքնված բաները ծոմապահության ժամանակ  ի հայտ են գալիս Աստծո լույսի տակ: Դա ազատագրության համար առաջին անհրաժեշտ պայմանն է: Սա ոչ թե տխրելու, այլ ուրախանալու և Աստծուն փառք տալու առիթ է:

Ինչի մասին, որ ասում եմ, այս բոլորը կատարվել և կատարվում է նաև ինձ հետ: Վկայությունները այս առումով շատ են:

Շնորհակալություն, հովիվ: Թող Աստված օրհնի Ձեր ծառայություններն ու նպատակները:

Զրույցը վարեց Աննա Բարսեղյանը

Մեկնաբանություններ